Մոսկվայի կենտրոնական որոշ փողոցներում ու հրապարակներում տեղադրված են նկարիչ Հասմիկ Գասպարյանի 11 աշխատանքները: Շուրջ 25 տարի ապրելով ու ստեղծագործելով այնտեղ, վերջերս արվեստագետը ընդմիշտ վերադարձել է հայրենիք: Մոսկվայում «հանրայնացված» գործերի մասին «Առավոտի» հետ զրույցում նկարիչը խոստովանում է, որ թեեւ դրանցում «պակաս» են Հայաստանին ու հայ նկարիչներին բնորոշ վառ, հագեցած ու պայծառ գույները, այդուհանդերձ, ակնհայտ է, որ հեղինակը ռուս չէ, այլ հարավցիներին բնորոշ տաք կոլորիտով ստեղծագործող:
Մեր զրուցակիցը առաջին մասնագիտությամբ դաշնակահար է: Ասաց, որ դեռ երեք տարեկանից է սկսել նվագել, անվանի օպերային երգիչ Արշավիր Կարապետյանն էլ ուղեկցել է իրեն՝ մասնակցելու Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ընդունելության քննություններին: Նշեց, որ սիրել է ջազը, բայց դասական երաժշտական կրթություն ստացողներին այն տարիներին (1970-ականներ) արգելվում էր նույնիսկ ջազի անունը տալ: «Թեեւ երաժշտությունն իմ տարերքն էր, բայց նույնիսկ դպրոցում կանխազգում էի, որ դա ինձ չի բավարարում, արտահայտման մի այլ միջոց էլ է պետք: Մի այլ միջոցը շուտ չգտնվեց. դեռ Չայկովսկու սան, Հայաստանի արվեստի գործիչների թվում 1981-ին մեկնեցի Ռիգա՝ համերգների, որին հաջորդեց մեկ տարի հետո մենահամերգով հանդես գալու առաջարկը: Տարվեցի Մերձբալթիկայով: Դպրոցն ավարտելուն պես ընտանիք կազմեցի եւ ամուսինս դարձավ իմ իմպրեսարիոն: Արթուրն արդեն կայացած տղամարդ էր, ավելին՝ կրթության եւ գիտության նախարարությունում զբաղեցնում էր բարձր պաշտոն ու տարված էր իմ արվեստով: Այն տարիներին էլ ֆինանսը մեծ դեր էր խաղում… Ընդունվեցի Ռիգայի պետական կոնսերվատորիա եւ, ինչպես ասում են՝ ջրի ճամփա դարձավ Մերձբալթիկան: Հետո ամուսինս ծանր հիվանդացավ: Այդ տարիներին անվանի նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանն ինձ բարեկամական խորհուրդ տվեց՝ ձեռքս վերցնել վրձին, եւ սկսվեց…»,- հիշեց Հասմիկ Գասպարյանը: Նրա խոսքերով՝ «զուտ դիլետանտիզմով չզբաղվելու համար ընդունվեցի Մոսկվայի արվեստների պետական համալսարան՝ Մոլուուդիկի արվեստանոց եւ ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա: Սովորելու տարիներին եւ հետո սկսվեցին աշխատանքներիս ցուցադրումը ոչ միայն Ռուսաստանում, այլեւ եվրոպական երկրներում եւ Ամերիկայում: Նշեմ, որ, 2004թ. լինելով ՌԴ արվեստի ակադեմիայի անդամ, 1-2 կտավներով մշտապես մասնակցել եմ Հայաստանում կայացած խմբակային ցուցահանդեսների: 2014-ին բազմաժանր կտավներով կներկայանամ հայրենակիցներիս: Ասեմ նաեւ, որ աշխատել եմ ճանաչված գեղանկարիչ, դիզայներ Բորիս Կրասնովի արվեստանոցում… Բայց հավատացնում եմ՝ երբեք չեմ խզել կապս երաժշտության հետ»:
Արվեստագետը հայտնեց, որ Մոսկվայում Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում ունեցած ցուցադրությունից հետո անվանի դերասանը իրեն հրավիրել է աշխատանքի՝ իբրեւ բեմանկարիչ: Առաջին գործը թատրոնում՝ Չեխովի «Երեք քույրն» էր: Հավելեց նաեւ, որ Ջիգարխանյանն իրեն ավելի շատ երաժիշտ էր համարում, ասելով՝ աղջիկս, տաղանդավոր ես որպես գեղանկարիչ, բայց աչքերս քեզ ընկալում են իբրեւ երաժիշտ:
Ռեպլիկին՝ իսկ ինքն իրեն որտեղ է տեսնում, տիկին Գասպարյանը նախ ասաց, թե երաժշտության ոլորտում ինքը կատարող է, իսկ նկարչության մեջ՝ ստեղծող, հետո էլ պատասխանեց. «Մայր լինելն է իմ կոչումը: Թող ներեն երկու զավակներս, բայց իմ զավակներն են նաեւ երաժշտությունն ու նկարչությունը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ