Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչու եմ մինչ օրս կրում դատապարտվածի պիտակը»,-հարցնում է նախկին ոստիկանը

Դեկտեմբեր 05,2013 13:13

R_012007թ.-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոնի հերթապահ ծառայության ավագ-տեսուչ, ոստիկանության մայոր Գերասիմ Նիկողոսյանն ազատվեց աշխատանքից:

1987թ. ոստիկանության համակարգ ընդունված աշխատակիցը, ըստ ոստիկանապետի թիվ 533-Ա հրամանի, թաքցրել էր կադրերի հաշվառման անձնական թերթիկում իր նախկինում դատված լինելու մասին տեղեկությունը:

Սա այն դեպքում, երբ մեր տեղեկություններով, ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում ամփոփված տեղեկությունները պահպանվում են մինչեւ անձի 80 տարին լրանալը, եւ համակարգ դիմում գրած յուրաքանչյուր անձ կարող էր «անցնել» այս քարտադարանի ստուգման ճանապարհով:

Գ.Նիկողոսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել այն բանի համար, որ նա ամուսնացել էր անչափահասի հետ, խնդրել էր աղջնակի ծնողներից նրա ձեռքը, ու երբ ընտանեկան հարաբերությունները չէին ստացվել, աղջկա ծնողները դիմել էին դատարան, թե նա «հարաբերություններ» է ունեցել անչափահասի հետ:

9 ամսվա փաստացի ամուսնությունից հետո ծնվել էր նրանց դուստրը:

Քանի որ 1989թ. մայիսի 5-ի դատավճռով Գ.Նիկողոսյանը դատապարտվել է 6 ամիս ժամկետով ուղղիչ աշխատանքների, ամսական վաստակի տաս տոկոս պահումի, ոստիկանը դիմում էր գրել, ազատվել աշխատանքից, պատճառաբանելով, թե ընտանեկան խնդիրների պատճառով է հեռանում համակարգից:

Նախկին ոստիկանը դիմել էր դատարան, որպեսզի իր դատվածությունը «հանվի»,ինչը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր:

Դատարանը հաշվի էր առել այն հանգամանքը, որ Գ.Նիկողոսյանն ունի երեք երեխա, հանդիսացել է ԵԿՄ անդամ, պարգեւատրվել է «Ազատագրում» մեդալով, մասնակցել է Օմարի լեռնանցքի, Զանգելանի, Շահումյանի շրջանի ազատագրմանը, մեր սահմանների պաշտպանությանը:

Դատարանի այս՝ 2008թ. դեկտեմբերի 22-ի որոշումը չի բողոքարկվել:

Գ.Նիկողոսյանը ցանկանում է վերադառնալ համակարգ, սակայն նրա բոլոր դիմումներն անհետեւանք ու անարձագանք են մնում:

Նա պատմում է, որ իր ընտանիքը պահելու համար ստիպված է եղել վարորդ աշխատել, կատարել է տարբեր աշխատանքներ:

Նախկին ոստիկանը դիմել է նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ՀՀ ոստիկանության դեմ՝ նախկին աշխատանքում վերականգնվելու պահանջով:

Դատարանը մերժել է: Գ.Նիկողոսյանը դիմել է վերադաս ատյան, անգամ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմել է արդարադատության խորհրդին:

Նախկին ոստիկանի նամակները ներկայումս գտնվում են հանրապետության նախագահի, գլխավոր դատախազների՝ նախկին եւ ներկա, ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի, արդարադատության նախարարի պահոցներում:

Գ.Նիկողոսյանն ասում է, որ վերաքննիչ դատարանը, որը մերժել է իր բողոքը, իրավական անգրագիտություն է ցույց տվել, պատճառաբանելով, թե ժամկետանց է բերվել բողոքը: «Ես պետք է գուշակ լինեի, որ իմանայի, որ 1989թ.մայիսի 5-ից մինչեւ հունիսի 5-ը կանխատեսեի, որ Հայաստանն ընդունելու է օրենք, որով ապաքրեականացվելու է ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի 1-ին մասով հանցագործություն համարվող հոդվածը:

«Չկա մինչ օրս նախկին ՀԽՍՀ 117 հոդվածի դիսպոզիցիային համապատասխան հոդված, չկա նման հոդված, այդ դեպքում ինչո՞ւ եմ մինչ օրս կրում դատապարտվածի պիտակը»,-հարցնում է նախկին ոստիկանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031