ՀԱԿ խմբակցության հարցապնդումը՝ կոռուպցիայի համակարգված եւ համատարած լինելու մասին, այսօր չարժանացավ Ազգային ժողովի մեծամասնության հավանությանը:
Վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրելով՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ եթե մեծամասնությունը դեմ քվեարկի, ապա կդառնա կոռումպացված կառավարության պաշտպանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀԱԿ-ին կոչ արեց՝ «եթե խնդիրներ ունեք, ձեր մեջ լուծեք», ապա ասաց՝ «մենք լավ բանաձեւել ենք կոռուպցիայի հետ կապված խնդիրները, իսկ «անհեթեթություններին իրավական տեսք չենք կարող տալ, դեմ ենք քվեարկելու»:
Այսքանը չբավարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին եւ ինքն էլ ցանկացավ «քաղաքական փոքրամասնությանը» մի քանի լավ խոսք ասել, եւ դեռ չսկսած իր խոսքը՝ ՀԱԿ-ի պատգամավորները տեղից գոչեցին՝ «բովանդակային քննարկման մեջ եք մտնում, մի մտեք բովանդակային քննարկման մեջ, միայն վարման կարգի վերաբերյալ»:
Կարդացեք նաև
Է. Շարմազանովը այնուամենայնիվ, փորձեց ասել իր ասելիքն առ այն, որ նյութերն ուղղված են դատախազություն եւ այլն, իսկ նիստը վարող Հերմինե Նաղդալյանը, փորձելով զսպել ինչպես ՀԱԿ պատգամավորներին, այնպես էլ Է. Շարմազանովին, «ձեզ հանգիստ պահեք»՝ ասելով հարցը դրեց քվեարկության:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ