«Հայաստանում ընտրական գործընթացի գրեթե բոլոր փուլերում լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն»,- այսօր Ընտրական օրենսդրության բարեփոխումների աշխատանքային խմբի հրավիրած քննարկումից առաջ լրագրողներին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով, նախորդ տարի, Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններն առաջարկել են ընտրական նոր մոդելի կիրառում՝ Հայաստանից ժամանակավոր բացակայող անձանց համար նոր ցուցակ կազմել. «Ցուցակների հրապարակայնությունը նույնպես մեր ուշադրության կենտրոնում է լինելու»:
Արդեն քննարկման ժամանակ մասնակիցներից մեկն առաջարկեց վերանայել բացակայող քաղաքացիներին հաշվառումից հանելու կարգը. «Ինչպե՞ս է դա իրականացվելու՝ դիմումի հիման վրա՞, թե սահմանից դուրս գալուց հետո: Առաջարկում ենք, որ սահմանն անցնելուց հետո բացակայող քաղաքացին ավտոմատ հանվի ընտրողների ցուցակից, բացի այդ՝ տեղադրվի մատնահետքերի պարզման համակարգը, որը կբացառի կրկնակի քվեարկությունները»:
ՀՅԴ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ խոսեց կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի կիրառման կարգի մասին.«Կարող ենք գոնե որպես պիլոտ ծրագիր իրականացնել՝ հասկանալու դրական ու բացասական կողմերը: Լավագույն առիթը Սահմանադրական փոփոխությունների առաջիկա հանրաքվեի ժամանակն է եւ պետք է այդ առիթը կարողանանք օգտագործել»:
Կարդացեք նաև
«Ժառանգությունից» Հովսեփ Խուրշուդյանն էլ ասաց. «Ի՞նչ խնդիր կա, որ հանրությունը ներգրավվի ընտրությունների վերահսկողության գործընթացում, օրինակ` քաղաքացին կարող է գալ, ծանոթանալ, տեսնել՝ իր հարեւանն ընտրե՞լ է, թե՞ ոչ: Ընդդիմությունը չունի այդ ռեսուրսը, իշխանությունների ինստիտուցիոնալ բարեփոխումների չիրականացման պատճառով»:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ շարունակեց պարոն Խուրշուդյանի ասածները. «Եթե որեւէ խնդիր չկա, որ ամեն մարդ կարող է ծանոթանալ, ով է քվեարկել, ով ՝չէ, եկեք տպագրենք ցուցակները, եթե ցուցակների անճշտությունները տեխնիկական խնդիրների պատճառով են ու վերջում ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, որ այդ տեխնիկական խոտանը հարյուր հազարների է հասնում, ես իշխանության տեղը լինեի, կասեի՝ եկեք տպենք, որ ցույց տանք ՝ ընդդիմությունը սուտ է ասում: Եվ վերջում՝ ամենակարեւոր խնդիրը մշտական բնակության հետ կապված խնդիրն է, պետք է հստակեցվի, որ հստակ իմանանք ՝ ով կարող է առաջադրվել, ով կարող է քվեարկել»: Հետո թվարկեց մի քանի պետություններ, որտեղ հրապարակում են ընտրացուցակները:
Պարոն Մուկուչյանն էլ չհամաձայնեց ու պատմեց, որ եղել է շատ երկրներում, բայց ոչ մի տեղ չի տեսել՝ ոչ ցուցակների հրապարակումը. «Ընտրական գործընթացի ժամանակ թույլ չտվեցին նույնիսկ ծանոթանալ ընտրացուցակներին, ասացին 10 մետր այն կողմ կանգնած հետեւեք… Այսօր էլ խնդիր չկա ցուցակների հետ ծանոթանալու, երբ ունեցել ենք նման անհրաժեշտություն: Երբ վերահաշվարկ իրականացնելու դիմում է ներկայացվել, երբեք էլ խնդիրներ չեն առաջացել, միշտ էլ ծանոթացել են: Ընտրական վերջին գործընթացները վկայում են՝ ծանոթանալով ընտրացուցակներին, չեն եղել դեպքեր, որ վկայակոչվեն, թե եղել են մարդիկ, որոնք բացակայել են, բայց նրանց տեղը քվեարկություն է եղել: Եթե եղել են նման դեպքեր, ապա բացառիկ դեպքեր են,որոնք բացատրվել են եւ միայն տեխնիկական խնդիրներով են պայմանավորված եղել»:
ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն էլ ավելացրեց, որ նույնիսկ ընտրացուցակներից գրառումներ անելու հնարավորություն են ունեցել:
Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն էլ պատասխանեց Արամ Կարապետյանի հարցադրումներին, ասաց որ առաջիկայում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կլինեն թեկնածուների առաջադրվելու մասով. «Որոշակի մեկնաբանությունների խնդիր կա բնակության վայրի հետ կապված, փոփոխություններ կլինեն, կշտկվի: Ինչ վերաբերում է ընտրողների ցուցակի հետ կապված մշտական բնակվելու հարցին, որեւէ խնդիր չկա: Անձը, որը վեց ամսից ավելի բնակության է մեկնում արտերկիր, պետք է տեղեկացնի համապատասխան մարմիններին, խնդիրն այն է, որ ընտրողն իր պարտավորությունը չի իրականացնում: Ներկայումս շրջանառության մեջ կա նախագիծ, որը հնարավորություն է տալիս քննարկել՝ արդյոք հնարավոր է անձին ավտոմատ հանել ընտրացուցակից»:
Շարունակեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ դժգոհելով, թե իշխանությունների երեւակայությունը միշտ հերիքել է՝ ընտրության արդյունքները փոխելու համար. «Հիմա համոզված եմ՝ իշխանությունները նոր բան են մտածել, սա արդեն հին տեխնոլոգիա է»:
Առաջարկներ ներկայացրեց նաեւ «Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը. «Իշխանագողության մեջ մեղքը գցում եք ցուցակների ոչ կատարյալ լինելուն: Եթե պատկերացնենք, որ ընտրացուցակները համապատասխանում են ճշմարտությանը հարյուր տոկոսով, միեւնույնն է, որովհետեւ օրենսդրության մեջ ունենք մեծ դեֆեկտ, որի շնորհիվ ընտրողները բաժանվում են ակտիվ եւ պասիվ խմբերի, եւ պասիվ խումբը ներկայանում է պետական մեքենայի ձեւավորմանը մասնակցելու համար միայն կոռուպցիայով: Մեկ ելք կա, նոր ընտրական իրավունք պետք է տալ՝ պարտադիր ընտրական իրավունք: Իսկ մեր ընտրական իրավունքի մեջ չընտրելու իրավունքի մասին չի ասվում: Առաջարկում եմ՝ քաղաքացիական պարտավորությունը չկատարելու, չընտրելու դեպքում տուգանքներ կիրառել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ