Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի մտածեք՝ դուք էլ մի օր կազատվեք…»

Դեկտեմբեր 05,2013 14:10

Հոգով «կանդալվածները» դա չեն հասկանա

Իմ ընկեր Լեւոն Բարսեղյանը՝ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը, որ դեկտեմբերի 2-ին այլոց թվում բերման էր ենթարկվել ոստիկանության բաժանմունք, երեքուկես ժամ հետո դուրս գալով՝ դռների մեջ մի պահ շրջվեց ու ոստիկաններին ասաց. «Մի մտածեք՝ դուք էլ մի օր կազատվեք…»: Կասկածում եմ, թե այնտեղ կանգնած սպաներն ու մյուս համազգեստավորները հասկացան գյումրեցի իմ ընկերոջ ոչ թե հումորով, այլ միանգամայն լուրջ ասած խոսքերի իմաստը:

Արդ, ինչո՞ւ են ամեն անգամ իշխանություններն իրար խառնվում, երբ մարդիկ դուրս են գալիս խաղաղ բողոքի՝ արտահայտելու իրենց տեսակետները, ինչո՞ւ են համազգեստավոր «օպրիչնիկներին» (դեկտեմբերի երկուսի «դարավոր քծնանքի» դրսեւորումներից հետո երեւի ոստիկաններին ճիշտ կլինի Իվան Ահեղի կամ Պուտինի «օպրիչնիկներ» անվանել) քսի տալիս խաղաղ ցուցարարների վրա՝ պարտադրելով շինծու մեղադրանքներով մարդկանց բերման ենթարկել եւ դատապարտել, ինչո՞ւ է, օրինակ, գեներալի ուսադիրներ կրողը սպառնում լրագրողին, թե՝ «Կվեկալեմ հեռախոսդ, էղա՞վ, ինձ ուրիշի տեղ չդնես, կվեկալեմ, կտամ` դեմդ կջարդեմ, էդքան մի բան, էղա՞վ» (տե՛ս ), ինչի՞ց են վախենում Սերժ Սարգսյանը, նրան ստրկահաճորեն ծառայողներն ու նրա «իմաստուն քաղաքականությունը» գովերգողները…
Կա մի շատ պարզ ու բացատրելի պատճառ. իրենք ազատ չեն, իրենք չեն կարող ազատորեն արտահայտվել, ազատորեն քայլել, ազատորեն մարդամեջ դուրս գալ, դրա համար էլ ատում են բոլոր նրանց, ովքեր ազատ են իրենց մտքերով ու գործողություններում: Դրա համար էլ երբ ազատ մարդ են տեսնում, մարդ, որ ի հեճուկս իրենց՝ դուրս է եկել ցույցի եւ ասում է, օրինակ, «ոչ բռնապետությանը», կատաղում են կարմիր կտոր տեսած ցուլի նման եւ նետվում են բռնելու, ծեծելու, բերման ենթարկելու… Նրանք իրականում իրենց անազատ վիճակից են կատաղում, իրենք իրենց վրա են կատաղում, բայց քանի որ իրենց ներքին ստրուկին չեն կարող բռնել, ձեռնաշղթա հագցնել, լռեցնել կամ չեն կարող հաղթահարել այդ ներքին ստրկությունը՝ կատաղությունը թափում են ազատ մարդկանց վրա՝ կարծելով, թե դրանով նրանց էլ են հավասարեցնում իրենց, այսինքն՝ անազատ դարձնում:

Բայց իմ ընկեր Լեւոնի՝ «դուք էլ մի օր ազատ կլինեք» խոսքը ուղղված էր ոչ միայն եւ գուցե ոչ այնքան ոստիկան-«օպրիչնիկներին», որոնք կարող են արդարանալ, թե հրաման են կատարում (թեպետ դա արդարացում չէ), որքան ավելի այդ հրամանը տվողներին եւ ամենից առաջ հանուն իշխանությունը պահելու հոգիները ծախողներին:

Եթե միայն իրենց հոգիները ծախեին՝ ջհանդամը, բայց նրանք արդեն հայրենիքն են վարձակալությամբ տալիս օտարին՝ անվանելով դա «դարավոր բարեկամություն»՝ այն դեպքում, երբ իրենց բոլոր գործողություններում՝ սկսած Պուտինին դիմավորելուց, մինչեւ նրա անդորրը չխանգարելու համար 110 մարդու ոստիկանական բաժանմունքներ տանելն ու վարչական պատասխանատվության ենթարկելը, դրսեւորում էին ոչ թե հավասարը հավասարի հետ հարաբերություններ եւ ոչ անգամ արեւելյան հյուրասիրություն, այլ արեւելյան քծնանք ու շողոքորթություն. հանկարծ տերը չբարկանա…

Ու էդ քծնանքն ուզում են իջեցնել վերից վար. եթե իրենք քծնում են Պուտինին, պահանջում են, որ մյուսներն էլ իրենց քծնեն եւ անպայման «ադաբրյամս» անեն իրենց ամեն մի քայլը:
Դե, Հայաստանում «ադաբրյամս» անողների պակաս չի զգացվում: Ու ի՞նչ «փաստարկ» են բերում «ադաբրյամիստները». «Պուտինի այցի արդյունքում գազի սակագինը Հայաստանի համար իջնում է»: Երկրի նվաստացման գինն է երեւի այդ գազի սակագինը:
Բայց դե, մարդկանց խաբելը կես օր էլ չտեւեց. Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, թե «գազի սակագինը սպառողների համար չի իջնի…» (տե՛ս ), ապա «ավետեց», թե տեսեք՝ ինչքան լավն է «ՀայՌուսգազարդի» պետական 20 տոկոսը մասնաբաժինը ռուսական կողմին փոխանցելը… Եվ գիտե՞ք ինչու է լավը. ուրախացեք նրանով, որ հինգ տարի սակագինը չի բարձրանա… Մոտավորապես մանկապարտեզի այն վարիչի նման, որ կարագը տարիներով գողանում է ու ծնողներին աչքալուսանք տալիս՝ թե երեխաներն ամեն օր «պավիդլո» են ուտում… Ցնծա, հայ ժողովուրդ՝ մեծ եղբայրը տիրոջ ողորմածությամբ հինգ տարի քեզ «պավիդլոյով» է կերակրելու՝ գազի գինը չի բարձրացնելու, էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար…

… Իմ ընկեր Լեւոն Բարսեղյանը, ոստիկանության կենտրոնի բաժանմունքից դուրս գալով, դռների մեջ մի պահ շրջվեց ու ոստիկաններին ասաց. «Մի մտածեք՝ դուք էլ մի օր կազատվեք…»: Տեսնես կհասնի՞ էս խոսքերի իրական իմաստը իրակա՛ն հասցեատերերին: Իսկ հասնելուց հետո կմտածե՞ն էդ խոսքերի շուրջ: Արժե, որ մտածեն: Որովհետեւ միայն այդ դեպքում նրանք՝ իշխանությունից կառչածներն ու նրանց սպասարկուները կհասկանան, որ Լեւոնը ազատ էր նույնիսկ էն ժամանակ, երբ ոստիկանները նրան ձեռնաշղթաներով (բաաաա, հանաք բան չկարծեք է՝ վտանգավոր հանցագործի էին բռնել) մեքենա էին նստեցրել, երբ առանձին սենյակում էին պահում ու զարմանում էին, որ իրենց հարցերին չի պատասխանում, այլ միայն ասում է. «Ես Սերժի ոստիկանների հարցերին չեմ պատասխանում…»:
Հոգով «կանդալվածները» սա չեն հասկանա:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Է՜հ, Մեսրոպ Յարութիւնեան: Այնքան դիպուկ ու գրագէտ է գրուած, որ աւելացնելու բան չունեմ: Այս ստրկամիտների վարած ստոր (չ)քաղաքականութիւնն այնքան նուաստացուցիչ է, որ մարդ կարող է խելագարուել,,

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031