Վերաքննիչ դատարանն այսօր կքննի «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Արթուր Գրիգորյանի բողոքն` ընդդեմ իր պաշտպանյալին երկու ամիս ժամկետով կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Արթուր Գրիգորյանը, ինքը դիմելու է նախաքննական մարմնին՝ նախաքննության որոշ տվյալներ հրապարակելու թույլտվություն ստանալու խնդրանքով՝ առավել ևս, որ պարբերաբար նախաքննական տվյալներ հրապարակվում են: Միայն հիմնվելով նախաքննության տվյալների վրա՝ ինքը կարող է արդյունավետ իրականացնել Մ.Մարտիրոսյանի պաշտպանությունը և հանրությանը ներկայացնել պաշտպանական կողմի դիրքորոշումը: Պաշտպանը, ամենայն հավանականությամբ, նաև մամուլի ասուլիս կհրավիրի:
Մ.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով` 178-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ Միսակ Մարտիրոսյանի կողմից աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու և դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքերի առնչությամբ: Միսակ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի երկու դրվագները միավորվել են մեկ վարույթում:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում