Հատված ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ հարցազրույցից:
– Դուք հայտարարել էիք, թե քաղաքացիները «հենց սկսում են պայքարել այլ պետությունների ղեկավարների դեմ, իմացեք, որ, կամա թե ակամա, օժանդակում են սեփական ապօրինի իշխանությանը»։ Ի՞նչ նկատի ունեք։
– Արտաքին ուժերի դեմ պայքարում են շատ կոնկրետ պայմաններում, եթե ունես թշնամի, հակասություններ, ասենք, առևտրական հարաբերություններում, և կարող ես պայքարել անգամ շատ կոշտ։ Բայց երբ խոսքը ներքին քաղաքական պայքարին է վերաբերում՝ ցույցեր, հանրահավաքներ, ապա ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում՝ պայքարել Օբամայի, Օլանդի կամ Պուտինի դեմ։ Ի՞նչ է սա նշանակում։ Այդ մարդկանց դեմ թող պայքարի իրենց ընդդիմությունը, իրենց հասարակությունը, իրենց ժողովուրդները, մենք ի՞նչ գործ ունենք էդ մարդկանց հետ։ Մենք պետք է պայքարենք այն իշխանությունների դեմ, որոնք խոցելի են միջազգային ճնշումների առաջ։
Ուղղակի միամտություն է պատկերացնել, որ գերտերությունները կամ որևէ պետություն մտածելու է ՀՀ շահերի մասին, բոլորն էլ հետապնդում են իրենց շահերը, և, եթե պետք է, գործադրում են անհրաժեշտ բոլոր ճնշումները ցանկացած այլ պետության վրա, հատկապես՝ փոքր։ Սա միջազգային քաղաքականության այբուբեն է, որը չիմանալն աբսուրդի պես բան է։ Ուստի ներքին քաղաքական պայքարը ես հասկանում եմ միայն քո սեփական իշխանության դեմ պայքարելով։ Ես այդպես եմ հասկանում։ Եթե համարում ես, որ Հայաստանն ինչ-որ հարցում սխալ է վարվում, այդ սխալն անում են քո իշխանությունները։ Այսինքն՝ դու համարում ես, որ եթե մեկ այլ իշխանություն լիներ, ելներ ազգային շահերից, չէր ենթարկվի այդ ճնշումներին, ճի՞շտ է։ Ուրեմն նրա հետ հաշվի կնստեին, կբանակցեին… ուրեմն պետք է հասնել նրան, որ նման իշխանություն ձևավորվի։ Ի՞նչ է նշանակում՝ պայքարել այլ երկրների ղեկավարների դեմ։ Դա նշանակում է մի բան՝ դու խուսափում ես պայքարել քո սեփական իշխանության նկատմամբ, հեշտացնում ես այդ իշխանության պահպանման գործը։
Կարդացեք նաև
– Մասնակցելով Պուտինի այցի դեմ կազմակերպված ակցիային՝ «Ժառանգությունն» այդ գործո՞վ էր զբաղված, հեշտացնում էր ՀՀ իշխանությունների պահպանման գո՞րծը։
– Ես չգիտեմ՝ ինչ գործով էր զբաղված «Ժառանգությունը»։
– Դրա՞ համար ՀԱԿ–ը չմիացավ Վ. Պուտինի դեմ կազմակերպված ակցիաներին։
– Ես հարգում եմ բոլոր մարդկանց սահմանադրական իրավունքը՝ ակցիաներ անցկացնելու ցանկացած օրակարգով։ Եթե կա մի քաղաքական ուժ, որ հինգ տարիների մեջ քաղաքացիական ակցիաներ է անցկացրել, դա մենք ենք, ու երբեք մեր մտքով չի անցել ինչ-որ մեկին մեղադրել նրա համար, որ մեզ չեն միացել։
…Կրկնում եմ՝ եթե մեր երկրի ղեկավարը նահանջել է միջազգային ճնշման առջև, պետք է դատապարտել ոչ թե այդ միջազգային ճնշումը, այլ պետք է փոխել այդ ղեկավարին, բերել այնպիսի ղեկավար, ով չի նահանջի ճնշումների առջև։ Եթե մենք վարվում ենք այլ կերպ, նշանակում է, որ մենք մեր երկրի գործող ղեկավարին օգնում ենք ազատվել իր պատասխանատվությունից՝ այն դնելով արտաքին ուժերի վրա. սա լավագույն ձևն է նրան աջակցելու։
Տիգրանուհի ՍԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում