Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ համար էին ընտիր անգլերենով շարադրված «հակապուտինյան» ցուցապաստառները. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 05,2013 11:35

Ակնհայտ է, որ դեկտեմբերի 2-ին Երեւանում կազմակերպված բողոքի ակցիան սակավաթիվ էր: Նկատելի է նաեւ, որ ՌԴ նախագահ Պուտինի այցի առիթով ու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ այդ բողոքի ակցիայի շուրջ բարձրացված աղմուկն ու օտարերկրյա լրատվամիջոցների արձագանքն էլ հնարավորինս ճոխացված է: Այդուամենայնիվ դա դրսեւորում է, որն արժե առանձին ու ավելի հանգամանորեն դիտարկել: 

Ամենից առաջ, դեկտեմբերի 2-ի բողոքի ակցիան խիստ ուշագրավ մտքերի տեղիք է տալիս զուտ ներքաղաքական տեսանկյունից: Բանն այն է, որ քաղաքական դաշտում քիչ թե շատ ազդեցիկ համարվող, խորհրդարանում ներկայացված կուսակցություններից եւ ոչ մեկը հանդես չեկավ այդ բողոքի ակցիան կազմակերպելու կամ հընթացս դրան միանալու նախաձեռնությամբ:

Արդյոք դրանից հետեւո՞ւմ է, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը գոնե բացահայտորեն դեմ չեն Մաքսային միությանն անդամակցելուն, չհաշված ընդգծված արեւմտամետ գործիչներին, որոնք առանձին-առանձին են հանդես գալիս: Միգուցե չարժե շատ հեռուն գնացող հետեւություններ անել, բայց բողոքի ակցիայի հարցում նրանց ցցուն պասիվությունը թույլ է տալիս առնվազն նման ենթադրություն անել:

Կա նաեւ այն տարբերակը, որ առանձին ուժեր դեմ են Մաքսային միությանը, սակայն հարկ չհամարեցին Վ.Պուտինի այցի առիթն օգտագործել ու իրենց շարքերով համալրել «ֆեյսբուքների» միջոցով միավորված ցուցարարներին, որոնք, ի դեպ, հասարակության խիստ տարաբնույթ շերտեր ու շրջանակներ էին ներկայացում:

Ցուցարարների տարամետ կողմնորոշումների առումով, կարելի է նկատել, որ բողոքի ակցիայի մասնակիցների մեջ կային ինչպես անկախականներ, այնպես էլ համոզմունքով արեւմտամետներ, գրանտային եվրոպամետներ, անարխիստական հայացք ունեցողներ, պարզապես իշխանություններից դժգոհ եւ իշխանության ցանկացած քայլի դեմ զանազան ակցիաներով հանդես եկող անհատներ, հակառուսական տրամադրություն ունեցողներ, ոչ Եվրամիությանը, ոչ էլ Մաքսային միությանը միանալու կողմնակիցներ: Մի խոսքով՝ ով ասես, որ չկար:

Առանձնապես բնութագրական է, թե ակցիայի մասնակիցների մի մասը որքան ագրեսիվ արձագանքեց նույնասեռականության ծիածանագույն դրոշով բողոքի երթին միացած անձանց, որոնց տեղում մի լավ քաշքշեցին: Դա էլ որպես «եվրոպամետության» զուտ ազգային առանձնահատկություն կարելի է համարել:

Երիտասարդության նման ներգրավվածությունն իսկապես ուշագրավ է: Դժվար է ասել, թե ակցիայի մասնակիցների որ մասն էր կուսակցականացված կամ տարբեր քաղաքական ուժերի, այսպես կոչված, «երիտասարդական թեւերի» ներկայացուցիչ: Ենթադրելի է, որ քչերը: Այսինքն՝ ցուցարար երիտասարդների մեջ քիչ չէին նրանք, որոնց հետ ո’չ իշխանությունը, ո’չ էլ ընդդիմությունը, ինչպես ընդունված է ասել, «չեն աշխատում»:

Առաջին անգամը չէ, որ բողոքի որեւէ հրապարակային դրսեւորում խմորվում է վիրտուալ տարածքում, նախապատրաստվում «սոցցանցային» շփումներով, ապա դուրս բերվում կամ ելնում փողոցներն ու հրապարակները: Բայց դեկտեմբերի 2-ի դեպքում այդ «գործիքի» կիրառումը կատարվեց արդեն լավ հղկված տեխնոլոգիական տարբերակով: Համապատասխան սոցցանցային «խմբերի» ստեղծում, դրանց միջոցով որոշակի համախոհների հայտնաբերում եւ հաջորդող փաստացի ներգրավում:

Եթե մի պահ ամեն ինչ մի կողմ դնենք, ապա միգուցե պետք է ուրախանալ այն բանի համար, որ 22 տարի առաջ անկախ պետականությունը վերականգնած Հայաստանում կան մի քանի հարյուր երիտասարդներ, որոնք պատրաստ են փողոց ելնել սեփական պետության անկախությունը պաշտպանելու կարգախոսներով ու դրոշներով: Հարցն այն չէ, թե որքանո՞վ է իրական անկախությանն սպառնացող վտանգը, նման վտանգ իսկապե՞ս կա, թե՞ գործ ունենք վարպետորեն խաղարկվող քարոզչական, քաղտեխնոլոգիական երեւույթի կամ մանիպուլյացիայի հետ:

Կարեւորը, որ պասիվ դժգոհողներից, «ֆեյսբուքում» մի գրառում անելով պարտքը կատարած համարողներից բացի, կան նաեւ ակտիվ արձագանքողներ: Նրանց միանգամայն ազնիվ մղումները, ի դեպ, իրենց հերթին, շատ հնարավոր է, որ վարպետորեն կարող էին օգտագործել միանգամայն այլ նպատակներ ու խնդիրներ ունեցող շրջանակներ:

Այստեղ, իհարկե, կա որոշակի վերապահում, այն առումով, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ անտեսել որոշակի կենտրոնների, այդ թվում՝ օտարերկրյա կենտրոնների նախանշած սցենարի իրագործման հանգամանքն ու Երեւանում կիեւյան «մայդան»-ի լայթս, իսկ եթե ստացվի՝ «թունդս» տարբերակ փորձարկելու եւ նման խնդիր լուծողներին:
Ի դեպ, այս առումով շատ հետաքրքրական էր դիտարկել ընտիր անգլերենով շարադրված «հակապուտինյան» ցուցապաստառները: Ո՞ւմ համար էին դրանք գրված: Հասկանալի է, որ՝ «Եվրոնյուսի», Բի-Բի-Սի-ի ու արեւմտյան այլ լրատվամիջոցների ու կառույցների: Պետք էին «տեսարաններ», «տեսարաններն» ապահովվեցին:

Թե ո՞ւմ եւ ինչի՞ դեմ էր ակցիան, պարզ է: Իսկ ո՞ւմ համար էր այն: Դա կամ այդ հարցի առնվազն մի որոշակի մասի պատասխանը նույնպես ակներեւ է: Պատահական չէ, որ արեւմտյան ու միջազգային ընդգրկում ունեցող մի շարք լրատվամիջոցներ, Վ.Պուտինի այցին անդրադառնալով, կենտրոնացել էին բացառապես ու բացարձակապես միայն մի քանի հարյուր հոգանոց ցույցի վրա:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Մալադես

  2. Hakob says:

    Լիովին համաձայն եմ Հրանտ Պապիկյանի հետ: Լավ է մեկնավանված: Սակայն բավականին ռոմանտիկ է ներկայացված “երիտասարդությունը”: Սա այդպես չէ:
    Հիմնականում ուղեղները լվացված մարդիկ են:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031