«Դեմ եմ» նախաձեռնության անդամները մոտենում են այն կետին, երբ կփաստեն, որ պայքարի օրինական կամ, այսպես կոչված, սահմանադրական ճանապարհները սպառված են: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանը կորոշի, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Իսկ երբ պայքարի օրենսդրական ձևերը սպառվում են, առաջ է գալիս պայքարը քաղաքական ճանապարհով շարունակելու անհրաժեշտություն, որին ցուցարարները կհասնեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Հնարավոր չէ չնկատել, որ Հայաստանում իրար զուգահեռ` մի քանի ձնագունդ է գլորվում. հանրային տարբեր նախաձեռնություններ անընդհատ բողոքի ակցիաներ են կազմակերպում, և հայտարարում են, որ պայքարելու են` մինչև իշխանության կողմից իրենց նպատակների վերջնական իրականացումը:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները պայքարում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ: «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության անդամները և ԱԻՄ-ը պայքարում են Հայաստանը Մաքսային միության մեջ մտցնելու որոշման դեմ` իշխանությունից պահանջելով հրաժարվել Մաքսային միությանը միանալու որոշումից, ազատամարտիկները սոցիալական պահանջներից հրաժարվելով` այժմ իշխանափոխություն են քարոզում: Խորհրդարանում իրենց ընդդիմադիր հայտարարած երեք կուսակցությունները և ԲՀԿ-ն աջակցում են այս նախաձեռնություններին, և քաղաքացիական նախաձեռնությունները սկսում են քաղաքական դառնալ: Հնարավոր է, որ զուգահեռ գլորվող այս ձնագնդերն ինչ-որ պահի միանան իրար, մանավանդ, որ երեկվա ակցիայի մասնակիցների կարգախոսներից մեկն էլ «Միացումն» էր:
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում