Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հայաստանյան տարբերակը, որն արդեն մի քանի տարի է, կառավարության աջակցությամբ (որը ձեւակերպվում է որպես «ինտելեկտուալ շարժմանն աջակցում») հեռարձակվում է «Արմենիա» հեռուստաընկերության եթերում, նկարահանվում ռուսերենով, եթե մասնակիցները հայեր են, ցուցադրվում է հայաստանյան հեռուստադիտողի համար:
Այն բացատրությունները, թե այդ հաղորդման ֆորմատն է այդպիսին եւ այլն, պարոն Արզումանյանը միանգամից արգելափակեց, հիշեցնելով դրսի ֆորմատով Հայաստանում հեռարձակվող այլ հաղորդումներ՝ «դե եկեք «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղն էլ բրիտանական անգլերենով կամ «Հայաստանի ձայնը» հոլանդերենով հեռարձակենք, չէ՞ որ այդ երկրների հեղինակային հաղորդումներ են»:
Ավելին, նա տեղեկացրեց, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի հեռարձակման լիցենզիա է գնել նաեւ Վրաստանը եւ իր երկրի տարածքում վրացերեն է խաղում եւ հեռարձակում այդ հեռուստախաղը. «Ինչո՞ւ չեք տեղայնացնում այդ հաղորդումը: Մի՞թե հայերենով հնարավոր չէ ինտելեկտուալ շարժմանն աջակցել»:
Պատասխանով հանդես եկած կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը չփորձեց էլ նախկին փաստարկները մեջբերել՝ լիցենզիայով ռուսերեն հեռարձակվելու պահանջ, ֆորմատ եւ այլն, քանի որ Ալ.Արզումանյանի հարցում այդ փաստարկներն արդեն իսկ խաղից դուրս էին բերվել:
Կարդացեք նաև
Աշխատակազմի ղեկավար-նախարարը միայն ասաց, որ պետք է տարանջատել այդ խաղը եւ կառավարության նպատակը՝ ինտելեկտուալ շարժման աջակցում, ու ասաց, որ ռուսերեն ընթանում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի միայն հեռուստատեսային տարբերակը, իսկ այդ նույն խաղը՝ դպրոցներում, նախարարություններում, որտեղ խաղարկվում է «Վարչապետի գավաթը», իրականացվում է միայն հայերենով: «Կա միջազգային լիգա, եւ մեր հաղթողները մասնակցում են դրան, դրա աշխատանքային լեզուն ռուսերենն է, դրա համար է խաղի այդ մի կտորը՝ այսբերգի գլուխը, ռուսերեն լինում, իսկ ողջ այսբերգը, որ ջրի տակ է՝ դպրոցներում, նախարարություններում, հայերեն է լինում»,-ասաց Վաչե Գաբրիելյանը եւ անգամ նշեց օրենսդրական այն սողանցքը, որով կարողանում են պետական լեզվի մասին օրենքի պահանջն անտեսելով օտարալեզու հաղորդում հեռարձակել՝ «օրենքի դրույթ կա, որը թույլ է տալիս դա անել, ազգային փոքրամասնությունների համար 4-5 հաղորդում կարելի է հեռարձակել ոչ հայերեն»:
Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ խաղի մասնակիցները եւ խաղը դիտողները ազգային փոքրամասնություններ չեն, իսկ ինչ վերաբերում է նրան, որ միջազգային լիգայում պետք է ռուսերեն լինի, առաջարկեց Հայաստանում խաղալ հայերեն, Ռուսաստանում՝ ռուսերեն. «ՈՒԵՖԱ-ի աշխատանքային լեզուն էլ ֆրանսերենն է, ի՞նչ է, Ռուբեն Հայրապետյանը ֆրանսերենի մեծ մասնագե՞տ է: Գնացեք միջազգային լիգայում ռուսերեն խաղացեք, բայց այստեղ բարի եղեք հայերեն խաղալ»:
Քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքը թույլ չի տալիս կառավարության հետ հարցուպատասխանը հարցազրույցի վերածել, եւ պատգամավորը հարց տալուց եւ հարցի պատասխանը լսելուց հետո միայն մեկ ռեպլիկի իրավունք ունի, մեր կառավարության անդամները հաճախ են օգտվում այդ հանգամանքից, եւ պատգամավորի ռեպլիկից հետո հարցը ոչ թե հիմնովին պարզաբանում են, այլ ցանկացած ձեւով փակում են թեման, շատ լավ իմանալով, որ պատգամավորն այլեւս հնարավորություն չի ունենա պնդելու իր հարցը: Այս անգամ էլ այդպես եղավ: Պարոն Գաբրիելյանը ինֆորմացիոն բնույթի մի քանի բաներ ասեց՝ անտեսելով Ալեքսանդր Արզումանյանի հարցի շեշտադրումը: Օրինակ, ասաց, որ կառավարությունը 2006 թվականից է աջակցում այս խաղին, դրան հեռուստաեթերում մասնակցել են բոլոր քաղաքական ուժերը, բացի ՀԱԿ-ից, որ գովելի է ինտելեկտուալ շարժմանն աջակցելը, որ այս խաղի տարածումը պարարտ հող է ստեղծում ինտելեկտուալ խաղերը հայերենով տարածելու համար եւ այլն…
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ