Այսօր Վարչական դատարանում քննվել է Կոմիտասի 5-ի դեպքերի ընթացքում բերման ենթարկված «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի դեմ ոստիկանության հայցը:
Որպես վկա դատարան էին եկել փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը, եւս երկու ոստիկան:
Արմեն Մկրտչյանի պատմելով, ոստիկանների ցուցմունքները հակասական էին. «Ոստիկաններից մեկին դատավորը հարցրեց ճանաչո՞ւմ ես Արմեն Մկրտչյանին, նա նայեց իմ փաստաբանի դեմքին եւ ասաց՝ այո… ոստիկաններն այսօր պատմում էին, որ ինձ հորդորել են դուրս գամ փողոցից, հետո փոխեցին ցուցմունքը՝ ասելով, թե լավ չեն հիշում, ամեն ինչ խառնված էր իրար: Ինձ մի անգամ են հորդորել դուրս գամ փողոցից, իսկ հորդորողը քաղաքացիական հագուստով անձ էր, պահանջեցի ներկայանալ, չներկայացավ եւ քայլեց առաջ: Պարզ երեւում էր, որ սովորեցրել էին՝ ինչ խոսեն»:
Անդրադառնալով Կարեն Մովսիսյանի ցուցմունքին, ասաց. «Կարեն Մովսիսյանն անձնական դիտավորություն է ունեցել ինձ բերման ենթարկելու հրաման տալով, այսօր էլ անձնական դիտավորությունը պահպանեց՝ կեղծ ցուցմունքներ տալով, իբրեւ ես քաղաքացիներին հորդորել եմ չենթարկվել իր եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանին: Ասում էր՝ անձամբ մի քանի անգամ խնդրել է, որ ցուցարարներին հորդորեմ դուրս գալ ու ես էլ դուրս գամ, բայց ստում է: Խնդրեցի իրեղեն ապացույց ներկայացնեն, որովհետեւ կայքերում բազմաթիվ տեսանյութեր կան այդօրվա հետ կապված, բայց դատարան էին բերել տեսանյութ, որը կայքերում կա եւ որի բնօրինակում երեւում է ինձ ձերբակալելու պահը, իսկ իրենց բերած սկավառակում այդ հատվածը մոնտաժված է, դատավորին ասացինք՝ ինքն էլ զարմացավ»:
Կարդացեք նաև
Դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստի մասին կողմերը կծանուցվեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ