Հայաստանյան քաղաքականության մեջ ընտրական ժամանակահատվածում շրջանառվող կարեւոր բառերից մեկը դարձել է «դաբրո»-ն: Թեկնածուների մասին խոսելիս ամենաառաջին հարցերից մեկն է` ունի «դաբրո», թե` չէ, եւ ում կողմից է այն: Այնթապն էլ զերծ չի մնում «դաբրոյամոլությունից» եւ այն դարձել է թեկնածուների PR-ի կարեւոր գործոն:
Հիշեցնենք, որ այստեղ առաջադրվել են նախկին գյուղապետ եւ նախկին ՀՀԿ-ական Լեւոն Թարվերդյանը, եւ գործող գյուղապետ ու գործող ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանը: Սարգսյանին սատարում է ՀՀԿ-ն: Թարվերդյանի առնչությամբ՝ սկզբում շրջանառության մեջ էին լուրերը` թե նրան սատարում է ոչ ավել, ոչ պակաս` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը (իբր տեղի ղարաբաղցիները քիչ են «դաբրո» տալու համար, հիմա էլ մնացել է, որ Ղարաբաղից ղեկավարեն հայաստանյան գյուղերի ընտրությունները):
Դա մեկնաբանվում էր, թե Թարվերդյանը, որը աշխատում է «Ֆլեշ» ընկերությունում որպես վարորդ, գործի բերումով Ղարաբաղ շատ է գնացել եկել, եւ հավանաբար, հիացրել է ԼՂՀ նախագահին, ով էլ որոշել է սատարել նրան եւ եւ վերադարձնել նախկին պաշտոնին: Սակայն շուտով «դաբրոյի» աշխարհագրությունը տեղափոխվեց, եկավ հասավ Հայաստան, սկսեց շրջանառվել Սերժ Սարգսյանի «դաբրոն»:
Որոշ ժամանակ անց էլ այն գնաց հասավ ԱԺ եւ կապվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անվան հետ: Աբրահամյանն ու Թարվերդյանը երկար տարիների մտերիմներ են: Սակայն, կամ Հովիկ Արգամիչն է զայրացել, որ իր անունը կապվում է այս ընտրությունների հետ, կամ էլ` պարզապես այդ համագործակցությունը քողարկելու համար Թարվերդյանը լրատվամիջոցներից մեկով հայտարարեց, թե Աբրահամյանը իրեն չի սատարում եւ հորդորեց, այլեւս Աբրահամյանի անունը չշոշափել:
Կարդացեք նաև
Փաստորեն, Այնթապում շրջանառվող երեք վարկածներն էլ սուտ դուրս եկան, եւ նախկին գյուղապետին չեն սատարում ոչ ԼՂՀ, ոչ ՀՀ, ոչ էլ` ԱԺ նախագահները: Ստացվում է, որ Թարվերդյանը վերջում մնաց «անդաբրո»: Չնայած այս իրավիճակին, վերջինիս շուրջը համախմբվել են գործող գյուղապետ Սարգսյանին չընդունող բոլոր ուժերը, ուստի ընտրապայքարը թեժ է լինելու:
Այնթապյան նախընտրական մյուս մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» ուրբաթ օրվա համարում:
Նաիրա ՎԱՆՅԱՆ