Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակային հիմնադրամի երաշխիքային ֆոնդը ձեւավորված է

Դեկտեմբեր 04,2013 22:16

Պարզվում է՝ Կուտակային կենսաթոշակային համակարգի համար անհրաժեշտ «ֆոնդերի կառավարիչները» արդեն կան. երկու կազմակերպություն ստացել է լիցենզիա, ավելին, ներդրում է արել կուտակային գումարների երաշխիքային հիմնադրամին, եւ այսօր արդեն Ազգային ժողովում քննարկվում էր այդ Երաշխիքային հիմնադրամը շահութահարկից ազատելու մասին հարցը:

Բանն այն է, որ Շահութահարկի մասին օրենքում համապատասխան փոփոխություններով 2014թ. հունվարի 1- ից Կուտակային կենսաթոշակների երաշխիքային հիմնադրամը արդեն իսկ արտոնություն ունի, սակայն այդ հիմնադրամը ձեւավորվել է 2013 թ. նոյեմբերին, հետեւաբար, այս մեկ-երկու ամսվա համար եւս հարկ կար ազատել հիմնադրամը շահութահարկից, եւ օրենքի համապատասխան փոփոխությունը այսօր քննարկվում էր Ազգային ժողովում:

Քննարկման ժամանակ ՀՅԴ «կարկառուն ներկայացուցիչ» (նիստը վարող Էդուարդ Շարմազանովի ձեւակերպումն է-Մ.Բ.) Արծվիկ Մինասյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հարցրեց, թե «այն ժամանակ, երբ մեր բարեփոխիչ կառավարությունը ներկայացնում էր Կուտակային կենսաթոշակների մասին փաթեթը եւ հակասող բաներ էր անում, մտածո՞ւմ էր, որ 2013 թ. դեկտեմբեր ամսին դեռ չեն լինի ֆոնդերի կառավարիչներ, եւ որ նրանք պիտի արդեն որպես կառույց երաշխիքային հիմնադրամին ներդրումներ արած լինեին, ու այդ ներդրումները հիմա ազատվեին շահութահարկից, այնինչ ոչ ֆոնդերն են ստեղծված, ոչ կառավարիչները կան, բայց երաշխիքային հիմնադրամը արդեն կա, ո՞ւմ հաշվին է ստեղծվել, Կենտրոնական բա՞նկն է փոխանցել գումարները, թե՞ բյուջեից է դրվել, ո՞ւմ հաշվին են ձեւավորվել այդ երաշխիքային հիմնադրամի միջոցները»:

Ի պատասխան այս հարցադրումների՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ասաց, որ կուտակային ֆոնդերն արդեն ձեւավորված են, երկու ֆոնդային կառավարիչ արդեն լիցենզիա է ստացել՝ մեկը նոյեմբերի 22-ին, մյուսը՝ նոյեմբերի 29-ին, արդեն հասցրել են գրասենյակներ հիմնել եւ սկսել աշխատանքները: Նա հստակեցրեց, որ շահութահարկից ազատելը չի վերաբերվում կուտակային ֆոնդերին, այլ վերաբերվում է երաշխիքային ֆոնդին, որը գտնվում է Կենտրոնական բանկում, որին ակտիվների կառավարիչները մասհանումներ են անելու եւ, որից փոխհատուցվելու է մեր բնակչության կուտակումների համար, եթե, Աստված չանի, ինչ-որ խնդիր առաջանա, որեւէ բացասական բան լինի:

«Այդ հիմնադրամը մեր բոլորիս անվտանգության, ապահովության գումարներն են: Հիմնադրամի գումարները ձեւավորվում են նրանից, որ լիցենզիան ստանալու օրը ֆոնդերի կառավարիչները 15 մլն դրամ դնում են այդ հիմնադրամում: Արդեն իսկ երկու կառավարիչներն էլ վճարել են եւ երաշխիքային հիմնադրամում կա 30 մլն դրամ, բացի այդ ամեն տարի նրանք պետք է վճարեն այդ հիմնադրամին՝ իրենց մոտ հավաքված գումարի 0,02 տոկոսը, այստեղ ոչ մի առեղծված չկա, եւ վստահ եմ, որ պարոն Մինասյանն էլ այս ամեն ինչը շատ լավ գիտեր, տեղյակ էր, դրա համար էլ հիմա չի լսում իմ բացատրությունները, այլ զրուցում է իր գործընկերոջ հետ…»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031