Աղետալի երկրաշարժից անցել է արդեն 25 տարի, սակայն Գյումրին այդպես էլ տնակային թաղամասերից չի ազատվել: Մարդկանց մեծ մասը այնպիսի թշվառ կյանքով է ապրում, որը բառերով նկարագրելը ուղղակի անհնարին է:
Սավոյան փողոցում յուրաքանչյուր քայլափոխի կարելի է հանդիպել ժանգոտված, հակամարդակային պայմաններով, կաթկթող, կրծողներով լի տնակների, որոնց բնակիչները այնտեղից դուրս գալու թեթևակի հույս անգամ չունեն: Նրանք ամենավերջին անեծքն են հնչեցնում սեփական երկրի իշխանությունների հասցեին, որոնք անիմաստ տեղը «Պուտին -Պուտին են խաղում», ավելորդ ծախսեր անում, ճաշկերույթներ, խնջույքներ կազմակերպում, սակայն իրենց մի չոփ անգամ չեն կամենում:
Սավոյան փողոցի 227/270 տնակի 26-ամյա բնակչուհի Արմենուհի Դավթյանը այն դժբախտ մարդկանցից է, ով մեծացել է տնակում, իր երկու երեխաներն էլ` 9-ամյա տղան ու 2,5 տարեկան աղջիկը ծնվել ու մեծանում են տնակում, եթե, իհարկե, այն տնակ կոչել հնարավոր լինի: Նրա 5 հոգուց բաղկացած ընտանիքը ապրում է փոքր տարածքում, զուրկ բոլոր կոմունալ պայմաններից: Վերջիններս հերթագրված են անօթևանների ցուցակում ու սրտատրոփ սպասում են, թե կառավարությունը, երբ կբարեհաճի խոստացած լրացուցիչ բնակարանաշինությունը սկսել Մուշ թաղամասում, որպեսզի իրենք էլ հասկանան, թե ինչ է մարդավայել կյանքը:
Նրա ամուսինը ծանր հիվանդ է, ապրում է դեղերից կառչած, ամբողջ ընտանիքով գործազուրկ են, երբեմն արտասահմանցի բարերարներն են օգնում` մերթ ֆինանսով, մերթ վառելափայտով: 26-ամյա տանտիկնոջ ասելով, եթե այդ օգնությունն էլ չլինի, ընդմիշտ հրաժեշտ կտային կյանքին. այստեղ ոչ միայն կտուրն է կաթկթում ու ամբողջ օրը կրծողների դեմ են պայքարում, այլ դրսի դուռն էլ դռան նման չէ, ուժեղ քամին ցանկացած վայրկյան ներս է խուժում: Այս ընտանիքի միակ եկամուտը աղքատության նպաստն է, որը կտրելու գույժը իմանալով` տանտիրուհին զարմացավ ու արցունքներով լաց եղավ:
Կարդացեք նաև
Նշենք, որ պաշտոնական տվյալներով, Գյումրիի երկրաշարժից անօթևան մնացածների հերթացուցակում դեռ 1200 ընտանիք կա, մոտ 3500 էլ չհաշվառած անօթևաններ կան, որոնք իրենց հետագա կյանքը ուղղակիորեն չեն պատկերացնում:
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ