Ազգային ժողովում կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը կառավարության ներկայացուցիչներին վերաբերվում էր երեկ Իրանի Իսլամական հանրապետության դեսպանի արած մի քանի հայտարարություններին, մասնավորապես՝ հայ-իրանական երկաթգծի, իրանական գազի վերաբերյալ:
Դեսպանը ասել էր, որ Իրանը կարող է ապահովել Հայաստանի գազի ողջ սպառումը: ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ի պատասխան ասաց, որ Իրանը իր գազն առաջարկում է 400 դոլարով, այն դեպքում, երբ մենք այժմ ձեռք ենք բերում Ռուսաստանից՝ 189 դոլարով: Ինչ վերաբերվում է երկաթգծին, ապա իրանական կողմն ասել է, որ գումարը կա, եւ եթե Հայաստանը գտնի գումարներ՝ երկաթգծի շինարարությունն իր կողմից սկսելու համար, ապա իրենք էլ կսկսեն իրենց կողմից: Առայժմ մենք չենք կարող հայթայթել այդ գումարները:
Տիկին Փոստանջյանը, նրանից հետո նաեւ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը բարձրացրեցին «Որոտան-Կասկադն» օտարելու մասին հարցը: Այս ընկերությունը ներառված չէ օրենքով նախատեսված օտարման ենթակա գույքի տարեկան ցանկում, հետեւաբար կառավարությունն իրավասու չէ այն վաճառել: Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ «Որոտան-Կասկադի» վաճառքի մասին ոչինչ չկա՝ «երբ կլինի խնդիրը, նոր կլուծենք»:
Ի պատասխան Արծվիկ Մինասյանը մեջբերեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի մի արձանագրություն, որում խոսվել է «Որոտանի» վաճառքի մասին: Նախարարն ասաց, որ ընդամենը այդ հանձնաժողովից թույլտվություն են հարցրել՝ կարո՞ղ են բանակցել վաճառքի մասին, թե ոչ, եւ հիմա բանակցում են՝ «հենց կգանք հանգրվանին, որ գործարքը պիտի լինի, նոր կմտածենք օրենքը փոխելու մասին»:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ