Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախագահի աշխատակազմի ղեկավարն անտեղյա՞կ է, թե՞ ապատեղեկացնում է

Դեկտեմբեր 04,2013 19:44

Այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, ասաց, որ ռուսական «Գազպրոմին» Հայաստանի պարտքը կազմում էր 300 մլն դոլար:  Դրա կեսը մարելու համար կառավարությունը ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի 20 տոկոսն է տվել ռուսական կողմին: Պարտքի մյուս մասը խոստացել է մարել ռուսական կողմը: «Բանակցությունների արդյունքում հասանք նրան, որ պարտքի կեսը վճարում ենք մենք, կեսը՝ ռուսական կողմը: Կամ պետք է 155 մլն քյաշ փողով վճարեինք, կամ ինչ-որ ձևով մարեինք: Իսկ այսօրվանից մինչև 2018 թվականը այն բեռը, որը պետք է առաջանար Հայաստանի Հանրապետության սպառողների վրա, որը մոտավորապես հազար խմ դիմաց կազմում է 80 դոլար, ռուսական կողմն ազատում է մեզ մաքսատուրքից»,- ասաց նա:

Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` պարտքը ո՞ր թվականներին է կուտակվել, նախարարը պատասխանեց. «Պայմանավորվածությունները մինչև 2018 թվականն են: Այս ընթացքում այն բեռը, որն առաջանում է «ՀայՌուսգազարդի» վրա լրացուցիչ, դա կազմում է շուրջ 1.1 մլրդ դոլար, որից 600 մլն դոլարն այսօրվանից մինչև 2018 թվականը պետք է առաջանար, և 300 մլն դոլարն առաջացել է 2011 թվականի ապրիլի մեկից առ այսօր»:

Հարցին, թե ինչո՞ւ է կառավարությունը թաքցրել պարտքի չափը, նախարարը նշեց, որ որևէ մեկը որևէ բան չի թաքցրել, բանակցություններ են ընթացել, իսկ կառավարությունը միշտ ասել է, որ գալու է պահը ու հայտարարելու են: Նախարարը նաեւ ասաց. «Էդ 300 մլն-ը բանակցությունների արդյունքում է, դա կարող էր շատ ավելի մեծ լինել»:

Արմեն Մովսիսյանը հավելեց նաեւ, որ 150 մլն դոլար պարտքի դիմաց, որը խոստացել է փակել ռուսական կողմը, Հայաստանը  որևէ պարտավորություն չունի: «Ուրիշ բան չունենք տալու»,- ասաց նա: Հերքելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, ով երեկ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը տրվել է «Գազպրոմին» 30 տոկոս սուբսիդավորման դիմաց, Արմեն Մովսիսյանը հստակ հայտարարեց, որ գործարքը կատարվել է 155 մլն դոլար պարտքը մարելու դիմաց։

Մովսիսյանը նաև ասաց, որ Հայաստանում վերջնական սպառողի համար գազի գնի փոփոխություն չի լինի: «Այո, ՀայՌուսգազարդի զայավկան եղել է 270 դոլար: 2013 թվականի հունիսի 7-ին, երբ սակագները հաստատվեցին, հաստատվեցին այն կտրվածքով, որ գազի գինը սահմանի վրա 189 դոլար է: Երբ կառավարությունը դիմեց հանձնաժողով, ասաց, որ տարբերության լուծումները կառավարությունը կգտնի, և հանձնաժողովը գազի սակագները հաստատի՝ հաշվի առնելով սահմանի վրա 189 դոլար գինը: Այսօր այդ լուծումները գտնված են, և գազի գինը փոփոխության ենթակա չի ոչ հիմա, ոչ առաջիկա տարիներին: Այն սակագները, որ այսօր հաստատված են, դրանք հաշվարկված են սահմանի վրա 189 դոլար գազի գնով»,- ասաց Մովսիսյանը:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ի՞նչ էր նշանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստանում արած այն հայտարարությունը, որ Հայաստանում գազի սակագինը կլինի այնքան, որքան Ռուսաստանի գազասպառողի համար: Արմեն Մովսիսյանը պարզաբանեց, որ Հայաստանի համար այսուհետ կկիրառվի Ռուսաստանի ներքին գները՝ գումարած ճանապարհածախսը մինչև հայկական սահման։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mariam says:

    Նախարար է, ինչպիսի բառապաշար… զայավկա, քյաշ…
    Ամեն ինչ այնպիսի ներկապնակով են ներկայացնում, որ մի հատ էլ մենք պիտի գոհ լինենք, որ մեր սոցիալական վիճակն ավելի չի վատացել, մեր չինովնիկներն էլ Ռուսաստանից ավելի շատ պարտք չեն վերցրել, զսպել են թալանելու իրենց անսահման ցանկությունը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031