Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է վաճառվել «Հայռուսգազարդի» կառավարության բաժնեմասը

Դեկտեմբեր 04,2013 19:06

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մի քանի հարց հղեց՝ կապված գազի գների հետ: Նախ` նրան հետաքրքրում էր, թե ո՞ւր է կորել 2 մլրդը դրամը, խոսքը 2012թ.-ի գազի համար կուտակած պարտքի մասին է, որը պաշտոնապես կազմել է մոտ 65 մլրդ դրամ, սակայն պայմանագրում գրված է 63 մլրդ: Երկրորդ հարցը վերաբերվում էր «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի՝ ՀՀ կառավարության մասնաբաժին կազմող 20%-ին, ըստ պարոն Մանուկյանի տվյալների՝ դա պիտի որ կազմեր 240-260 մլն դոլար, սակայն ՀՀ կառավարությունը իր մասնաբաժինը վաճառեց «Գազպրոմին» 155 մլն դոլարով՝ ավելի քան 100 մլն դոլարով պակաս, քան արժեր: Եվ վերջապես, ՀԱԿ պատգամավորը հետաքրքրվում էր՝ եթե «Հայռուսգազար» ՓԲԸ-ն կուտակել է պարտքեր, ինչո՞ւ է այդ ՓԲԸ-ի ընդամենը 20%-ի բաժնետեր ՀՀ կառավարությունը որոշում փակել այդ ամբողջ պարտքը՝ 155 մլնդ դոլարը՝ վաճառելով իր մասնաբաժինը, փոխանակ իր վրա վերցներ այդ պարտքի ընդամենը 20%-ը:

Այս հարցերին ի պատասխան ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Գազի գնի բարձրացման հետ կապված հարցերը սկսվել են 2011 թվականից, երբ «Գազպրոմ» ընկերությունը հայտարարեց, որ գները պետք է բարձրացվեն, այդ թվում՝ ՀՀ համար: 2011թ. Մենք կարողացանք բանակցել ռուսական կողմի հետ, որ Հայաստանում մենք կշարունակենք գազի գինը վաճառել նույն 180 դոլարով, մինչեւ բանակցությունները կավարտենք եւ բանակցությունների ավարտին որոշած կլինենք, թե ինչ ենք անում երկարատեւ՝ հինգ տարվա կտրվածքով գազի գների գոյացման եւ առաջացած պարտքերի հետ: 2011թ. Բանակցությունները շարունակվեցին մինչեւ հիմա եւ այժմ որոշվեց, որ գազի գինը մեզ համար կլինի 189 դոլար եւ կազատվենք 30 տոկոս մաքսատուրքից: Առաջիկա հինգ տարիների համար այդ թիվը կազմում է շուրջ 800 մլն դոլար, որից մենք կազատվենք: 2011-ից առ այսօր պարտքը, վնասը, որ առաջացել է 180 դոլարով սահմանի վրա գազը ստանալուց, կազմում է մոտ 300 մլն դոլար»:

Ըստ նախարարի՝ ռուսական կողմից հետ պայմանավորվածության համաձայն, այդ պարտքի մի մասը փակելու է ռուսական կողմը, մյուս մասը՝ 155 մլն դոլարը Հայաստանը կփակվի կառավարության 20  տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» տալով: Ստացվում է, որ 2011-ից մինչեւ 2018 թվականը ռուսական կողմի վրա այդ բեռը կնստի շուրջ 1,1 մլրդ դոլար՝ 800 մլն գումարած 300 մլն, որից Հայաստանի Հանրապետությունը կվճարի միայն 155 մլն-ը՝ «այդ փողը կամ պիտի քյաշ վճարեինք, կամ ինչ-որ ձեւով մարեինք, հարմար գտանք այսպես»՝ ասաց նախարարը: Ինչ վերաբերվում է «Հայռուսգազարդի» 20 տոկոսի արժեքին, ապա, ըստ նախարարի, եթե այդ ընկերության տարեկան շահույթը կազմում է 35 մլրդ դոլար, ապա իր արժեքը չի կարող կազմել 1-1,2 մլրդ դոլար, որպեսզի 20 տոկոսն էլ դառնար 240-260  մլն դոլար:

Օգտվելով մեկնաբանություն անելու իր իրավունքից ՀԱԿ խմբակցության քարտուղարը հարցրեց էներգետիկայի նախարարին, թե այդուհանդերձ, ինչո՞ւ է կառավարությունը 100%-ով վճարում «Հայռուսգազարդի» պարտքը, եթե այդ ընկերության ընդամենը 20%-ի տերն է: Նախարարը պատասխանեց, որ այդ պարտքը «Հայռուսգազարդը» կուտակել է ոչ թե անշնորհք կառավարման արդյունքում, այլ միայն կառավարության որոշման պատճառով, որովհետեւ կառավարությունը ցանկացել է մեղմել գազի գնի բարձրացման հարվածը: Իսկ ինչ վերաբերվում է, ըստ Արամ Մանուկյանի, անհետացած «2 մլրդ դրամին», ապա նախարարն ասաց, որ հետո կպատասխանի այդ հարցին ,քանի որ հստակ չի հիշում, թե ինչի մասին է խոսքը՝ «այսքան թվերի մեջ այդ 1-2 մլրդը չեմ հիշում, կճշտեմ ասեմ, ոչ մի կոպեկ չի կարող կորել»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031