Նոյեմբերի 12-ին եզդի երիտասարդներից բաղկացած պատվիրակությունն այցելել է Հյուսիսային Իրաք, որը եզդիների բնօրրանն է համարվում:
«Մենք բազմիցս բարձրացրել ենք Իրաքում ապրող եզդիների նկատմամբ կիրառվող խոշտանգումների հարցը, և մեր այցելությունն այս առումով շատ կարևոր էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատվիրակության անդամ Բորիս Թամոյանը:
«Այցելելով Իրաք` մենք տեսանք, թե ինչ է կատարվում այնտեղ: Ինչպես գիտեք, ԱՄՆ-ի երկրորդ ներխուժումից հետո եզդիական տարածքները բաժանվել են երկու մասի: Մի մասը` Շանգալը իր հարակից գյուղերով, գտնվում է արաբական իշխանության ներքո, իսկ մյուս մասը` Սուրբ Լալշը իր հարակից գյուղերով, գտնվում է քրդական իշխանության ներքո: Հասկանալի է, որ այնտեղ ապրող եզդիների մի մասը ընտելացել է արաբական կողմում վարվող քաղաքականությանը, մյուս մասը՝ քրդական, և այս տարանջատումը միասնական լինելու առումով լուրջ խոչընդոտ է եզդիների համար»,- ասում է Բ. Թամոյանը: Նա համոզված է, որ եզդիները երկու մասի բաժանված չեն կարող երկար գոյատևել, և այդ տարածքները պետք է միավորվեն, այսինքն՝ լինեն կամ քրդական ինքնավարության կազմում կամ արաբական:
Վերջինիս խոսքով`քրդական տարածքում ապրում է 400-500 հազար եզդի, իսկ արաբական իշխանության ներքո` 800 հազարից 1 մլն:
Կարդացեք նաև
Բանախոսը նշեց նաև, որ քրդական մասում բարձրագույն կրթություն ստացողների թիվն ավելի մեծ է. «Այստեղ սովորում է մոտ 14 հազար եզդի ուսանող: Իսկ արաբական հատվածի ուսանողներն այս առումով մեծ խնդիրներ ունեն, նրանք շատ հաճախ են հալածվում ազգային պատկանելության պատճառով: Օրինակ՝ Մոսուլ քաղաքում մոտ չորս օր առաջ տեղի ունեցած սպանությունից հետո շուրջ 1200 եզդի ուսանողներ ստիպված եղան թողնել Մոսուլի համալսարանը, որովհետև նրանց շարունակ սպառնում են»,- ասաց Բ. Թամոյանը:
Եզդիները պահանջում են Իրաքի իշխանություններից դադարեցնել սպառնալիքներն ու հարձակումները եզդիների նկատմամբ: «Եթե դրանք դադարեցվեն, մյուս հարցերն էլ աստիճանաբար կլուծվեն»,- կարծում է Բ. Թամոյանը:
Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաև Հայաստանում առաջին եզդիական կայքին, որը, խմբագիր Ուսո Նադոյանի խոսքով, նպատակ ունի բարձրացնելու եզդիների իրազեկվածության աստիճանը. «Կայքն ունի մշակույթի, կրոնի և այլ բաժիններ: Գործում է երկու լեզվով՝ ռուսերեն և անգլերեն, բայց նախատեսվում է հետագայում ունենալ նաև հայերեն և եզդիերեն տարբերակներով»,- ասաց Ուսո Նադոյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ