«Վերջին քաղաքական զարգացումները, Մաքսային միությանն անդամակցելու մտադրությունը հարցեր են առաջացնում, թե դա ինչ կազմավորում է և ինչ հետագա պարտավորությունների առաջ է ՀՀ-ն կանգնելու: Շատերի մոտ, ում մոտ դեռ թարմ են Խորհրդային Միության հիշողությունները և տիրող մթնոլորտը, հարցեր է առաջանում ազգային ինքնագիտակցության հետագա ճակատագրի վերաբերյալ: Այստեղ էլ ռուսաց լեզվի հարցը խնդրահարույց է դառնում»,-Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով ՀՀ-ի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակն` այսպիսի գնահատական տվեց ԿԳ նախկին փոխնախարար, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Բագրատ Եսայանը:
Aravot.am-ի դիտարկմանը, թե ռուսերենը`աշխատանքային լեզու հռչակելու մասին առաջարկությունը, մեղմ ասած, դրական չընդունվեց, այն համարվեց մշակութային դիկտատ և այլն, այս ամենից ելնելով`արդյոք դա հիմնավորվա՞ծ առաջարկություն է, պարոն Եսայանն այսպես արձագանքեց. «Չեմ հասկանում` ինչ է աշխատանքային, տեխնիկական, տակտիկական, կամ այլ-ական լեզու: ՀՀ-ում կա պետական լեզու, որը հայերենն է, դրանից բացի, այլ լեզվի որևէ այլ կարգավիճակ տալ չեմ հասկանում: Այսինքն` քանի որ նկարագրություն չկա, հասկանալի չէ նաև, թե ինչն է անվանվում աշխատանքային կամ տեխնիկական լեզու»:
Ըստ Բագրատ Եսայանի` պետության և պետական պաշտոնյաների մոտեցումը պիտի լինի հայոց լեզվի կարգավիճակի ամրապնդումը:
Ռուսերենի հետ կապված պարոն Եսայանն այսպիսի առաջարկություն է անում. « Իմ համոզումն է և այն ժամանակ էլ առաջարկեցինք, որ ռուսաց լեզվին տրվի պարտադիր ուսումնասիրվող առաջին օտար լեզվի կարգավիճակ: Այն պիտի համարվի օտար լեզու և բոլոր օտար լեզուների շարքում մտցվի բուհական քննություններում»:
Կարդացեք նաև
Բագրատ Եսայանը նկատում է, որ այսօր ռուսերենը որևէ կարգավիճակ չունի և ՀՀ դպրոցներում ուսումնասիրվում է` որպես բնագիտության կամ կենսաբանության նման մի առակա:
Հիշելով 2009-ին տիրող իրավիճակը` պարոն Եսայանը փաստեց, որ այդ ժամանակ բուհական ընդունելության քննություն հանձնողների շարքում օտար լեզու- ռուսերեն հանձնողների հարաբերակցությունը 8500 -1500 էր:
Անդրադառնալով ազգային ինքնության կորստի մասին մտահոգություններին` Բագրատ Եսայանը կարծիք հայտնեց, թե ինքնության կորստի սահմանին ենք ու մանրամասնեց. «Մեր երկրի վիճակում գտնվող պետության համար լեզուն ու հոգևոր մշակույթը այն վերջին սահմանն է, որից հետո սկսվում է ինքնության կորուստը: Երբ խոսում ենք, որ ՀՀ-ում ռուսերենը, կամ որևէ այլ օտար լեզու կարող է ունենալ հայերենի հաշվին ինչ- որ կարգավիճակ, սա նշանակում է ինքնության կորուստ, ազգային ինքնագիտակցության ինչ- որ մասի զիջում, ավելին, հայրենիքի զիջում: Մենք, ցավոք, այս սահմանին ենք, քանի որ շատ առումներով զիջումներ արել ենք` մեր տնտեսական, էներգետիկ անվտանգությունը այլևս կապված է օտարների հետ, ու հասել ենք հոգևոր, մշակութային և լեզվական սահմանին, որից մեկ միլիմետր այն կողմ, հավասարազոր է մեր ինքնության կորստին, որի արդյունքում վաղը պատրաստ կլինենք զիջել նաև մեր հայրենիքը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ