ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ցուցարարներին պատմեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու նախագծի քվեարկությունից առաջ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իշխանությունը դեմ է այդ նախագծին:
«Հայտարարեց, որովհետեւ վախենում էր, որ իրենցից մի քանի պատգամավոր մեզ նման կքվեարկեին, որ ՕԵԿ-ից կամ ՀՀԿ-ից ոչ մեկը չշփոթի, կոճակների տեղը չմոռանան եւ դեմ քվեարկեն»,- ասաց պարոն Մանուկյանը:
Ցուցարարներն էլ «ամոթ Գալուստ» գոռացին ու սուլեցին: Պարոն Մանուկյանն էլ շարունակեց. «Նրանցից շատերը նույնիսկ կողմ կամ դեմ կարդալը չգիտեն, մարդիկ կան, որ դպրոցն էլ չեն ավարտել, գրագիտություն չունեն ու չգիտեն` ինչի մասին է խոսքը: Եւ այնտեղ մինչեւ նրանց չեն հրահանգում, չգիտեն` ինչ անեն: Իշխանությունն իր դեմքը հստակ նորից ցույց տվեց, որ իրենք գող են, թալանչի են, Հայաստանի բնակչության մասին մտածելու որեւէ խնդիր չունեն»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ԱԺ չորս խմբակցությունների պատգամավորները ստեղծել են աշխատանքային խումբ, որը քննարկելու է պայքարի հաջորդ քայլերը. «Մենք դիմում ենք Սահմանադրական դատարան` այս ամենի հակասահմանադրականությունն ապացուցելու համար»:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ դեռ իրավական առումով հաջողություններ չունեն, բայց դրական է, որ ակտիվիստների կողմից ճնշումները շարունակվում են. «Պետք է կազմակերպվենք եւ բոլոր աշխատանքային կոլեկտիվներում ստեղծենք աշխատանքային խմբեր` համազգային գործադուլ անցկացնելու վերաբերյալ»:
Ակտիվիստներն էլ սկսեցին գոռալ «գործադուլ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ