Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունն ապահովագրեց 2014 թվականի բյուջեն

Դեկտեմբեր 04,2013 17:23

Ինչո՞ւ քաղաքական մեծամասնությունը հանդուրժողականություն չդրսեւորեց եւ ընդառաջ չգնաց խորհրդարանական ընդդիմությանն ու հասարակությանը`մեկ տարով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը հետաձգելուն կողմ չեղավ`Aravot.am-ի հարցին ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն ասաց, որ իր կարծիքով քաղաքական մեծամասնությունն այդ հարցի շուրջ բավականին հանդուրժող է եղել: «Պատկերացրեք, որ անցած տարիների ընթացքում անընդհատ պահանջել են քննարկումներ եւ քննարկումների պակաս չի եղել: Այս առումով, ես ուղղակի չեմ հասկանում, որ ասում են`մեկ տարով էլ: Եթե մեկ տարով էլ հետաձգեինք, ես կարծում եմ, որեւէ բան, ըստ էության չեր փոխվելու. նորից մեկ տարի հետո պիտի գայինք, նորից նույն կարծիքները, քննարկումները, դժգոհողները էլի էին դժգոհելու: Օրենքի ընդունումից հետո անցած երեք տարիներն ինձ հիմք են տալիս նման տեսակետ արտահայտելու»,- ասաց Արտակ Դավթյանը:

Դիտարկմանը, որ սա այն բացառիկ դեպքերից էր, երբ ընդդիմադիր պատգամավորները եւս նշում էին, որ համակարգի ներդրումը դրական քայլ է, անհամաձայնությունն առավելապես տեխնիկական հարցերին էր վերաբերվում եւ այս պարագայում, թեկուզ պարպելու համար հասարակական լարվածությունն արժեր, որ քաղաքական մեծամասնությունը քաղաքական քայլ աներ եւ կողմ քվեարկեր հարցին, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Ես կարծում եմ, ուղղակի մեկ տարի կձգվեր ռեֆորմը: Չեմ կարծում, որ հետաձգումը ռեֆորմին ի նպաստ կաշխատեր»:

Ի դեպ, այս ընթացքում մամուլում վերլուծություններ եղան, որ 2014 թվականի բյուջեի նախագիծը հաշվարկված է այս հիմքով ու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետաձգումը կնշանակի տապալել գալ տարվա պետբյուջեն: Այս առիթով, մեր զրուցակիցն ասաց, որ դժվարանում է այդ հարցին պատասխանել, բայց նկատեց, որ բյուջեն հիմնական ֆինանսական փաստաթուղթն է, որն ընդունելուց հաշված օրեր առաջ ճիշտ չէր լինի որոշակի փոփոխություններ կատարել, մանավանդ, որ մտահոգությունները զուտ տեխնիկական բնույթի հարցերի շուրջ էին:

ՀՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ համակարգի կիրարկման համար բավական ժամանակ կա եւ տեխնիկական բարդությունները կարելի է հարթել: Նա օրինակ է բերում, որ հիսունից ավելի փոփոխություններ արդեն իսկ կատարված են եւ չի կարծում, որ աշխարհն իր ուղեծրից դուրս կգա, եթե եւս մոտ մեկ տասնյակի հասնող փոփոխություններ կատարվեն:

Հետաքրքրվեցինք նաեւ, քաղաքական մեծամասնությունը սարսափա՞ծ է հարցը ՍԴ-ում վիճարկելու ընդդիմության եւ ակտիվիստների որոշումից: Արտակ Դավթյանն ասաց, որ դա իրենց իրավունքն է եւ ինքը որեւէ խնդիր չի տեսնում, որ մարդիկ իրացնեն իրենց իրավունքը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031