Դեկտեմբերի 2-ի «Ընդդեմ Մաքսային միության, ընդդեմ Պուտինի» ակցիայի մասնակիցների թվում էր նաեւ պոետ, երգահան Էդուարդ Զորիկյանը, որը դստեր հետ միասին բերման էր ենթարկվել:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչու որոշեց մասնակցել նման ակցիայի, այն դեպքում, երբ որոշարվեստագետներ այս օրերին իրականությունը գունազարդելու եւ իշխանություններին դիֆերամբներ ձոնելու գործին են լծված:
«Ես իսկապես մասնակցեցի «Ընդդեմ Մաքսային միության, ընդդեմ Պուտինի» ակցիային, որը կանվանեի «հանուն Անկախ Հայաստանի» ակցիա, որովհետև իրոք մտահոգված եմ Հայաստանի անկախության վերջնական կորստի հարցով: Հայաստանի Հանրապետության առաջադեմ երիտասարդությունը դեկտեմբերի 2-ին ոտքի կանգնեց հենց հանուն Անկախ Հայաստանի և ՀՀ ոստիկանությունը բերման ենթարկեց անկախ Հայաստանի համար մարտնչողներին: Բերման ենթարկվածների քանակն աննախադեպ էր: Բացատրեք, ես հասկանամ, ինչու պիտի ՀՀ ոստիկանությունը ձերբակալի Հայաստանի անկախության համար պայքարող քաղաքացիներին: Իհարկե կասեն, որ ոստիկանությունը հրաման է կատարել, համաձայն եմ` ոստիկանությունը ենթակա կառույց է, այդ դեպքում բացատրեք, թե ինչու պիտի նման հրաման իջեցվեր (թեկուզ բանավոր):
Ինքս կպատասխանեմ` ՀՀ նախագահը վաղուց հրաժարական է տվել, ուղղակի դրա մասին առայժմ չի բարձրաձայնում, կասեմ ավելին, ՀՀ նախագահը ոչ միայն հրաժարական է տվել, այլև բացահայտ պաշտպանում է օտար պետության շահերը»,- ասաց պարոն Զորիկյանը, նաեւ հավելեց, իր որոշումն էր դստեր հետ ակցիային մասնակցելը:
Կարդացեք նաև
Հարցազրույցի մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կեցցես,՝ Հայ մարդ, Լավ մարդ, Ազնիվ մարդ։ Աստծու բարիքները՝ քեզ և քո բարի կամեցողներին։