Ազգային ժողովն այսօր լսեց նաեւ ՀԱԿ խմբակցության հարցապնդումը , որը ներկայացրեց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Հարցապնդումը Հայաստանում առկա «համակարգված եւ համատարած կոռուպցիայի» մասին էր՝ ի՞նչ է արվում այն հաղթահարելու համար:
Նրան լսելուց հետո, մինչ կառավարության ներկայացուցչին ձայն տալը, նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ բոլորս պետք է պայքարենք մեր երկրի առջեւ ծառացած «հիմնական մարտահրավեր», «ախտ» կոռուպցիայի դեմ, բայց նաեւ հիշեցրեց, որ «Թրանսփարենսի ինտերնեյշնլի» տվյալներով ՝ ՀՀ-ն ԱՊՀ անդամ երկրների մեջ լավագույն ցուցանիշն ունի՝ որպես չկոռումպացված:
Պատասխան ելույթով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որը նախ զարմանք հայտնեց, թե ինչի՞ն պետք է պատասխանենք, եթե սա կառավարության իրավասությանը չի վերապահված: «Ցավոք սրտի հարցապնդումը կամ այնտեղ նշված մի շարք հարցեր դուրս են կառավարության իրավասությունից»:
Այդուհանդերձ, ասաց՝ «երեւույթները իշխանության եւ ընդդիմության կողմից տարբեր են գնահատվում», եւ որպես տարբեր գնահատման ապացույց՝ իր կողմից նշեց հակադիր թվեր, որոնք էլ ցույց էին տալիս ՀՀ կառավարության դրական գործունեությունը:
Կարդացեք նաև
Կամաց-կամաց արդարադատության նախարարի ձայնի տոնը բարձրանում էր, եւ, ի վերջո, ասաց. «Եթե երկու-երեք տարի առաջ ձեզանից որեւէ մեկն ասեր, որ նախարարի ավտոմեքենան կարող էր տուգանվել եւ այդ տուգանքը վճարվեր, դա հեքիաթ կթվար, բայց հիմա դա այդպես է: Եթե որեւէ մեկը կասի կոռուպցիա չկա, չի կարող այդպես լինել»:
Ինչ վերաբերում է օֆշորային սկանդալին, որի մասին խոսք կար հարցապնդման մեջ, ապա նախարարը նկատեց, որ դրա բացահայտման մեջ ամենաառաջին շահագրգիռ անձը վարչապետն ինքն է, իսկ եթե Կիպրոսի կառավարությունը մինչեւ հիմա չի պատասխանում որոշ հարցերի, ապա նախարարը զարմանում է՝ «ի՞նչ եք կարծում՝ Կիպրոսի կառավարության փոխարե՞ն էլ մենք պետք է պատասխանենք»:
Հետո մեղադրեց ՀԱԿ-ին՝ «տարրական գիտելիքներ չունեն այն մասին, որ կա անմեղության կանխավարկած, եւ որ անձը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը»:
Ապա արդարադատության նախարարը զգուշացրեց. «Ձեռքը բռունցք մի արեք, ավելի վատ, ավելի կոպիտ բռունցք կստանաք»:
Նախարարի պատասխանի ընթացքում դահլիճից անընդհատ ռեպլիկներ էին հնչում, ինչին ի պատասխան նիստը վարող Էդուարդ Շարմազանովը կոչ արեց մնալ կոռեկտության սահմաններում. «Բոլոր ապակե տնակներում ապրողներին խնդրում ենք՝ քարեր չնետել»:
Այս հարցապնդումը կքվեարկվի վաղը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ