«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանն «Առավոտին» է փոխանցել հոր՝ Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանի չորս հրապարակումները 1937 և նման թվերի ու դեպքերի մասին, որ նա գրել է 1988-ին: Դրանք առաջին անգամ հրապարակել է Կամո Վարդանյանը՝ «Երեկոյան Երևանում»:
Ստորեւ՝ այս շարքի առաջին հրապարակումը:
2 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1988թ
ԵՐԵԿՈՅԱՆ ԵՐԵՎԱՆ
ԱՆՑՅԱԼԻ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ
ՏԽՈՒՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Վերածնվել է երեսունյոթ թվին զոհվածների հուշարձան դնելու միտքը: Խոսքը, անշուշտ, կարմիր տեռորի և հետագա տարիների բոլոր զոհերի հուշարձանի մասին է: Այդ տարեթվերից երեսունյոթ թիվն են նշում, որովհետև այդ տարին դարձել է ողջ ժամանակաշրջանի խորհրդանիշը: Այսօր մամուլն օգտվում է վերից իրեն շնորհված իրավունքից` մեռյալ և պաշտոնազուրկ մարդկանց անուններ տալ, նշել անցյալ տարիների ողբերգության ու ֆարսի հիմնական դերակատարների անունները, քննել նրանց մեղավորության չափը, որ հասկանանք թե ինչն է կատարվածի պատճառը, և այլևս երբեք դա չկրկնվի. չմատնի եղբայրը եղբորը, որդին` հորը, չկեղտոտվի ողջ հասարակությունը ոտքից գլուխ այնպես, որ մարդիկ մինչև այսօր մարդկային արժանապատվություն կոչվածը չկարողանան ծանրակշիռ փաստարկ համարել: Անկեղծորեն ձգտեն ու լրջորեն չկարողանան: Չգտնեն, թե որ ցուցակի մեջ գրանցեն, տնտեսակա՞ն , թե՞ քաղաքական գործոնների:
Հին Երևանի մտավորական ընտանիքները բոլորն էին իրար ճանաչում, և Բակունցի, Հակոբ Հովհաննիսյանի, Պետիկ Թորոսյանի, Լևոն Արիսյանի, Վահան Թոթովենցի և շատ ուրիշ հայտնի ու պակաս հայտնի մարդկանց կորուստն ինձ անձամբ էր վերաբերում, քանի որ զոհվում էին նրանք, ում ես, բարեկամի, որդու իրավունքով, «հորեղբայր» ու «քեռի» էի ասում:
Տասներկու տարեկան էի, երբ ուշացած մտա դասի` ուսուցչուհին բղավեց.
– Իսկույն երևում է, որ ժողովրդի թշնամի տրոցկիստի որդի ես, անպարտաճանա՛չ:
Ես դուրս վազեցի դասարանից, սուրացի Պետբանկ`հորս աշխատավայրը. այդ օրը` այդ կոնկրետ առավոտյան, հայրս դեռ ժողովրդի թշնամի չպիտի անվանվեր. տնից դուրս էր եկել որպես սովորական քաղաքացի:
Այո, նա տեղում էր, նրան դեռ չէին տարել: Բայց ուսուցչուհին շատ չէր սխալվել, Սահակ Տեր-Գաբրիելյանի բանտարկման լուրն էր առել թերթերից: Ես այլևս այդ դպրոց ոտք չդրեցի: Այդպես թափառում էի դպրոցից դպրոց:
Տարիներ շարունակ՝ և՛ այնօր, երբ արգելված էր ամեն ինչ, և՛ Խրուշչովի օրոք, երբ վիճակը նման էր այսօրվան`շատ բան անհայտ էր, արգելվա՞ծ է, թե՞ ոչ, և՛ հետո` ես հավաքում էի որոշ «անպետք» փաստաթղթեր: Ահա դրանցից մեկը, որ նույնպես այդ տարիների յուրօրինակ հուշարձան է.
ԱԿՏ
14-ը հունվարի 1938 թիվ, քաղ. Երևան
Սույն ակտը կազմված է առ այն, որ Հայկական ՍՍՀ Ժողկոմխորհին կից Արվեստի գործերի Վարչության հրահանգի հիման վրա 1938 թվականի հունվարի 14-ին —– ներկայությամբ զտված են և ոչնչացված (այրված) Կերպարվեստի պետական թանգարանին պատկանող հետևյալ կտավներն ու գծանկարները` որպես հակահեղափոխականների դիմանկարներ, հակահեղափոխական նկարիչների աշխատանքներ, ինչպես նաև վերացված գրքերի նկարազարդումներ .
1. | Մ. Սարյան | Պ. Մակինցյանի դիմանկարը | կտ. յուղ. |
2. | <<->> | Աշոտ Հովհաննիսյանի դիմանկարը | կտ. յուղ. |
3. | <<->> | Ս. Լուկաշինի դիմանկարը | կտ. յուղ. |
4. | <<->> | Աշոտ Հովհաննիսյանի դիմանկարը | թ. մատ. |
5. | <<->> | Ա. Կարինյանի դիմանկարը | թ. մատ. |
6. | Մ. Սարյան | Ս. Խանոյանի դիմանկարը | թ. մատ. |
7. | Ե. Թադևոսյան | Ս. Տեր-Գաբրիելյանի դիմանկարը | կտ. յուղ. |
8. | Փ. Թերլեմեզյան | Ա. Խանջյանի դիմանկարը | թ. պաստել |
9. | Մ. Արուտչյան | Գրաշար Ռ. Խզմալյանի դիմանկարը | կտ. յուղ. |
10. | Հ. Կոջոյան | Բակունցի գրքի նկարազարդումներ (32 նկար) | թ. գուաշ. |
41.-42. | Կ. Ղազարյան | Լենտեքստիլի դիզելի մոնտաժը | թ. ակվարել. |
43. | <<->> | Ալավերդի | թ. ակվարել. |
44. | Ա. Ղարիբյան | Ալազանի «Վերելք» գրքի կազմը | թ. գուաշ. |
45. | <<->> | Վ. Անանյանի «Կրակե շապիկ» գրքի կազմը | <<->> |
46. | Պ. Շիլլինգովսկի | Ա. Կարինյանի Էքսլիբրիսը | փորագրություն փայտի վրա |
47.-48. | Բեդրոսով | Ջոն Ռիդի «10 օր, որ ցնցեց աշխարհը» գրքի նկարազարդումներ | <<->> |
49. | Տ. Խաչվանքյան | Վշտունու «Խոսում է ռադիո Ալժիրը» գրքի կազմը | թ. ակվարել. |
Ստորագրողների անունները չեմ բերում, որովհետև կատարածուն մեղավորների շարքում ստորին օղակն է, և անհնար է այսօրվա վերից մեղադրել նրանց, ովքեր չստորագրելու դեպքում զրկվելու էին կյանքից և մերձավորներին էին զրկելու կյանքի իրավունքից: Վայ այն հասարակությանը, ով լոկ դեպի ներքև գնացող աստիճանակարգից է բաղկացած, և մեղավոր գտնել չես կարող, բացի կատարածուներից:
Ամոթ չէ՞ մեզ, որ Գեղարդը պահպանվել է, Նարեկացու «Մատյանը» պահպանվել է, 1915 թվի միջով մարդիկ ձեռագիր ու խաչքար են շալակած քարշ տվել ու հասցրել իրենց նոր հայրենիք, ինչից հետո ահա չեն կարողացել պահպանել Բակունցի վեպը: «Մեր ժողովրդի գոյության հիմքը մշակույթն է ու լավ հիշողությունը, ազգային արժեքների պահպանումը տասնյակ դարեր». կասեն էքսկուրսավարուհիները զբոսաշրջիկներին:
Մոտավորապես այն տարիներին, երբ 37 թվի հուշարձանի միտքը, ինչպես հիմա մամուլն է բացահայտում, արտահայտեց նաև Խրուշչովը, ես, այդ բարձր հեղինակությունը ցիտելու հնարից անտեղյակ` հղացա նույնը: Ինձ հանձնարարված էր Հայաստանում ապագայում տեղադրվելիք հուշարձանների ցուցակ-նախագիծ պատրաստել: Երբ ցուցակը պատրաստ էր` վերջում ավելացրեցի. «Հուշարձան 37 թվի զոհվածներին» :
Բարձրաստիճան հանձնաժողովը, որ պիտի ցուցակը հաստատեր, վերջին կետից ալեկոծվեց: Հարձակվեցին, սկսեցին մեղադրել, որ հակասովետական ցուցակ եմ կազմել: Ես կարծում էի ինձ կպաշտպանեն նրանք` ում հայրերին 37 թվին գնդակահարել էին: Բայց` ոչ:
Այնուամենայնիվ, պաշտպաններ գտնվեցին (ոչ թե հուշարձանի, այլ իմ). փորձելով մեղմել ժողովի ցասումը, ասացին, որ պետք է ներողամիտ լինել,
Տեր-Գաբրիելյանը երիտասարդ է, անփորձ, կուլտուրայի ասպարեզում նոր աշխատող, քաղաքական հասունություն չունի, որ պետք չէ այդ արարքը դիտել որպես չար միտում… Ժողովը փոքր-ինչ հանդարտվեց, ցուցակը, բացառությամբ վերջին կետի, հաստատեցին, և ես տուն դարձա շատ վատ տրամադրությամբ, փռվեցի թախտին ու միացրեցի հեռուստացույցը:
Հանկարծ` դռան զանգ: Եվ ներս է մտնում ճարտարապետ Ռաֆո Իսրայելյանը` ձեռքին մի փաթեթ:
– Ալեքսանդր, այդ ի՞նչ լուրեր են շրջում քաղաքում: Ասում են, թե դու առաջարկել ես 37 թվի զոհերի հուշարձա՞ն կանգնեցնել :
– Այո…
– Դե, ուրեմն բաժակներ բեր:
Նա փաթեթից հանեց շիշը, կարմիր գինին լցրեց բաժակները և երբ խմեցինք…
– Մի թուղթ բեր, – ասաց նա:
– Կլոր, բարձր հուշարձան կլինի տուֆից… Հսկայական ծաղիկներ, առատ ծաղիկներ… Ներքևի խորշերում թող փորագրվեն զոհերի անունները…
Նկարեց և գնաց:
Անցան տարիներ, Խրուշչովի ժամանակն էլ անցավ, և ահա մի օր հանդիպեցի Ռաֆո Իսրայելյանին փողոցում.
– Ալեքսանդր, – ասաց մտազբաղ, – հիշո՞ւմ ես, ես ձեր տանը մի օր մի ճեպանկար գծեցի:
– Այո, իհարկե, հիշում եմ:
– Պահպանվե՞լ է:
– Իհարկե:
– Լսիր, մտածում եմ`տուր ինձ, տեսնեմ, հը՞, գուցե մի որևէ հուշարձանի համար օգտագործե՞մ:
Տեսնես քանի՞ արձան, նկար կա մեր երկրում, որ նվիրված են 37 թվին, բայց կոչվում են այլ կերպ… Մեկը ես լավ գիտեմ` լենինգրադցի հայ տաղանդավոր քանդակագործ Լևոն Լազարևի գործն է (Լևոնի ծնողները 37 թվի զոհ են, ինքը սերում է Լազարյանների հայտնի տոհմից) , որ կոչվում է «Հուշարձան Չիլիի ֆաշիստական դիկտատուրայի զոհերին»…
Ես չհասցրեցի տալ ճեպանկարը Ռաֆոյին, նա չհասցրեց օգտագործել, և այսօր առաջարկում եմ այն ձեր ուշադրությանը:
Ես արդեն ապրել եմ վաթսուն տարուց ավելի և, դիտելով այսօր, թե ինչ է կատարվում շուրջս` հարց եմ տալիս ինքս ինձ. ինչո՞վ կվերջանա այս ամենը:
Կամ`վերադարձ հին մեթոդներին և երկրի կործանում, կամ` լուրջ դեմոկրատացում: Վիճակը սառած մնալ չի կարող, անհնար է ասել`այստեղից այստեղ կարելի է ճշմարտությունն ասել, այստեղից այն կողմ` ոչ: Ծանր հիվանդը պիտի մահանա կամ բուժվի: Նույն սպասումները, նույն մթնոլորտը Խրուշչովի օրոք էր, էլի պետերի միջին օղակն անդրդվելի էր, էլի դեմոկրատիան «վերևից» էր շնորհվել, ինչ իրենց խելքին փչի` թույլատրելի էր, ինչը որ մեծամեծերին էլ էր խանգարում` քննադատելի էր դարձել, մնացյալը դարձյալ արգելված էր :
Ուշադիր լինենք, թույլ չտանք, որ կրկնվի…
Չեմ ուզում, որ դեմոկրատիան դառնա երկու զուգահեռ գիծ. մամուլը կարող է գրել ինչ կուզի, ժողովուրդը կարող է հագնել ինչ կուզի, գնալ ուր կուզի, միտինգում կարող են ասել ինչ կուզեն` իսկ մենք էլի մեր հին գործելակերպն առաջ կտանենք… Չեմ ուզում դառնանք Ցվետաևայի խոսքով ասած` «թերթերի ընթերցողներ` դատարկություն որոճողներ»:
Ասում են` վերևներն այլևս չեն ուզում հինը, իսկ ժողովուրդը դեռ ուզում է, դեռ անգիտակից է… Ոչ, ժողովուրդը չի հավատում, որովհետև դառը փորձ ունի …
Ժողովուրդը երաշխիքներ է ուզում:
«Վերև» ու «ներքև» չի մնացել, մենք դասակարգային թշնամի չունենք, որի դեմ կարողանայինք միահամուռ պայքարել. իմ եղբոր որդին է, քո քույրը, մեր երեխեքը: Մեկ և նույն դասակարգն ենք, որ անկետայում գրվում է «ծառայող», մտավորականի այլասերված տեսակը՝ չինովնիկը:
Այսօր դեռ իշխում է բյուրոկրատը, իշխանության, օդի, հողի, ջրի, կենդանիների ու բույսերի և ինֆորմացիայի տերը: Բյուրոկրատն ինֆորմացիայի կապիտալիստն է, նա է որոշում` ո՛ր տեսակից, ո՛ր ցավիդ դարման տեղեկություն քեզ շնորհի, ո՛ր չափով խաբի` «քո սեփական բարօրության համար»: Այնպես որ եթե պայքարենք` պիտի պայքարենք ինքներս մեր դեմ, մեր միջի չինովնիկի, մեր դասակարգի այլասերման դեմ: Դա պայքարի ամենադժվար տեսակն է, քանի որ պիտի պայքարենք մեր արմատացած սովորությունների դեմ, այլ ոչ թե հայտարարենք թե գտանք արտաքին թշնամուն և ձգտենք նրան ոչնչացնել: Պիտի սովորենք մեզ կոտրելով անել ոչ թե այն, ինչ մեզ հաճելի է, այլ այն, ինչ ժողովրդի շահից է և հանուն ազգի ապագայի: Պատերազմենք մեր անցյալի ու ներկայի աղտեղությունների դեմ, որ ապագայում գոնե մեր ծոռները տխուր հուշարձաններ դնելու և արգելելու կարիք չունենան:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հայաստանի պետական պատկերասրահի տնօրեն
ՍՍՀՄ նկարիչների միության անդամ