«Եթե նախորդ ստորագրահավաքից հետո իրենք քայլ են կատարում, պետք է մի փոքր ավելի կազմակերպված լինեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն`անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերվող ԱԺ հայտարարության տեքստի չընդունմանը : «Եթե այն չորս խմբակցությունները, որոնք ստորագրել են այդ հայտարարության տակ եւ նախաձեռնել են այդ քայլը, պետք է մի փոքր ավելի հետեւողական, պարտաճանաչ եւ կազմակերպված լինեին, եթե իրենց գործողությունները իսկապես միտված լինեին իրենց մտադրությունների իրականացմանը եւ ինչ-որ բան փոխելուն, պետք է պարզապես իրենց բոլոր պատգամավորները ներկա լինեին: Անգամ այս քվեարկության արդյունքներով, բոլոր ընդդիմադիրների ներկայության պարագայում, կարծում եմ, հնարավոր էր ինչ-որ բան փոխել ու հայտարարությունն ընդունել»,- հավելեց մեր զրուցակիցը:
Բանն այն է, որ քվեարկությանը ՀՀԿ-ից եւ ՕԵԿ-ից մասնակցել են 53 պատգամավոր: Ընդդիմությունից`45-ը: Հայտարարությունն անցնելու համար պահանջվում էր 50 կողմ ձայն: Եթե քվեարկությանը մասնակցեին բացակա պատգամավորների անգամ մի մասը, ապա հայտարարության նախագիծը կընդունվեր, քանի որ ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թիվը 53-ն է:
Ի դեպ, ԲՀԿ-ից քվեարկությանը չեն մասնակցել Գագիկ Ծառուկյանը, Դավիթ Քոչարյանը, բացակայել են՝ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Կարո Կարապետյանը, Գրիգոր Գրիգորյանը, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը բացակայել է, ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանը չի քվեարկել, Արմեն Ռուստամյանը բացակայել է, իսկ «Ժառանգությունից» բացակայել է Թևան Պողոսյանը:
Կենսաթոշակային կուտակային պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելուն «կողմ» է քվեարկել նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Թևան Պողոսյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Մարգարյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ գտնվում են Հնդկաստանում։
«Իրենք սա անում են քաղաքական աժիոտաժ առաջացնելու, իրենց ձայնը լսելի դարձնելու կամ սոցիալական բունտ բարձրացնելու համար»,- եզրակացրեց Հովհաննես Սահակյանը`հավելելով, որ համակարգի ներդրման մասին իրենք բազմիցս են կարծիք հայտնել եւ բոլոր հարցերի պատասխանները տվել են. «Եթե ինչ-որ մարդիկ հիշողության հետ կապված խնդիրներ ունեն`իրենց խնդիրն է»:
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ օրենքի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կողմ են եղել, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» չեն մասնակցել քվեարկությանը: Նա նաեւ նկատեց, որ օրենքի ընդունումից երեք տարի անց որեւէ բան չի փոխվել, որ հիմա մարդիկ այլ կարծիք են հայտնում: Հովհաննես Սահակյանը գտնում է, որ, այսպիսով` ընդդիմությունը պարզապես ցանկանում է օգտվել առկա սոցիալական, տնտեսական լարված իրավիճակից եւ իր իմիջի համար ինչ-որ խնդիրներ լուծել:
Հարցի վերաբերյալ Aravot.am-ի եւ Tert.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախ տարակուսեց. «Էդքան մտահոգ են, հա՞, գործի հաջողության համար: Ես չգիտեի: Դա լավ նշան է: Եթե նրանց կողմից արդեն մտահոգության նշաններ կան, ես դա արդեն ողջունում եմ: Էսպես որ գնա, շուտով այդ ձայներն իրենք կապահովեն մեզ համար»:
Հարցին`ինչո՞ւ չապահովվեց ընդամենը հինգ պատգամավորի ներկայությունը, Լեւոն Զուրաբյանը հարցով պատասխանեց. «Ես ե՞մ ապահովողը»: Նա նաեւ հավելեց, որ իրենք իրենցից կախված ամենն արել են:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Գրիգոր Գրիգորյանը`Շերիֆ, ծայրահեղ ծանր առողջական վիճակում է, իսկ մյուս պատգամավորները հանրապետությունից բացակայում են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ