ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված «նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծից, որն այսօր քննարկվում է ԱԺ-ում, մեր տեղեկություններով նախատեսվել էր հանել քաղաքացիների դժգոհությանը արժանացած այն դրույթը, համաձայն որի նույնականացման քարտ ստանալու համար պարտադիր է ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը: Այս նախագծի օրենքի ուժ ստանալուց հետո, ոստիկանության պաշտոնական տեղեկացմամբ, կդադարեցվի այդ որոշմամբ տրամադրված անձնագրի փոխանակումը, տրամադրումը, եւ դրանք կհամարվեն վավերական, մինչեւ դրանց վավերականության ժամանակը լրանալը:
Երեւանաբնակ Թամարա Սարգսյանը եւ այլք դիմել են ՀՀ վարչապետին, ՀՀ ոստիկանապետին՝ կապված նույնականացման քարտերի հետ:
Քաղաքացին գտնում է, որ մատնահետքերի պարտադիր հավաքումը խախտում է Սահմանադրությունը, անմեղության կանխավարկածը:
«Ձեզ չի՞ թվում, որ այլախոհներին «դաստիարակելու» համար պետությունն ինքը կարող է դա կազմակերպել:
Ձեզ չի՞ թվում, որ պահանջելով մատնահետքեր, պետությունը ցույց է տալիս, որ չի վստահում անմեղ, նույնիսկ երբեք չդատված քաղաքացիներին, խախտելով անմեղության կանխավարկածը և դա նույնպես խախտում է ՀՀ Սահմանադրությունը և Մարդու իրավունքների դեկլարացիան: Ձեզ չի՞ թվում, որ դա նաև վիրավորանք է և դա նույնպես խախտում է ՀՀ Սահմանադրությունը և Մարդու իրավունքների դեկլարացիան», -գրել էր քաղաքացին:
Այդ կարգի նամակները, մտահոգությունները պատահական չեն, եւ քաղաքացիները, որոնք դիմել են նաեւ մեր լրատվամիջոցին, հայտնում են, որ այս քարտերով խախտվում է Սահմանադրությամբ ամրագրված անձնական տվյալների գաղտնիության եւ այլ հիմնարար սկզբունքներ:
Վարչապետը քաղաքացու նամակն ուղարկել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն:
Ըստ պաշտոնական պատասխանի, քաղաքացու դիմումը քննարկվել է վարչությունում: Անձնագրայինից հայտնել են, որ նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներով անձնագրերի համակարգի ներդրումը, պետական կառավարման ոլորտում նպատակ ուներ վարչարարական ընթացակարգի պարզեցմանը, հանրային ծառայությունների որակի բարձրացմանը:
Դրանց մեջ նշվում է «Նոր սերնդի» էլեկտրոնային փաստաթղթերի անհրաժեշտությունը, այն է՝ նույնականացման քարտի եւ կենսաչափական տվյալներով անձնագրի ներդրումը:
Ոստիկանությունը «կենսաչափականի» մեջ վտանգ չի տեսնում, ավելին, հավաստիացնում է, որ այն նպատակ ունի ահաբեկչության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնել, բացահայտել մեր պետական սահմանը հատելու հնարավորությունը:
Անձնագիրը, նույնականացման քարտը, ըստ ոստիկանության, ներքին օգտագործման փաստաթուղթ է, նախատեսված է միայն ՀՀ տարածքում օգտագործելու համար:
Ինչ վերաբերում է քաղաքացիների իրավունքների, կամավորության սկզբունքի խախտմանը վերաբերող մտահոգություններին, ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը պատասխանում է, որ նման բան չկա, որ այն միտված է միջազգային հանրության կողմից ընդունված անձի նույնականացման տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծմանը, մատչելիության ապահովմանը, իրավունքների իրացման առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը, ինչպես նաեւ՝ անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի ոլորտում հնարավոր կեղծիքների բացառմանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.Քաղաքացու մեկ այլ բողոք նույն հարցի կապակցությամբ կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում