Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բարսեղյանը` զարմացած ու վրդովված. «Ինչո՞ւ, որ Պուտինը լվացք է տեսնում, ի՞նչ է լինում նրա հետ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2013 15:55

«Կայսրության տեղաշորում մեծանալ կամեցող հասարակական գործիչները ժրել են»,-այսօր «Մեդիա կենտրոնում» խոսելով ՀՀ-ի Մաքսային միությանն անդամակցելու, Պուտինի այցի և այս առիթով ՀՀ-ում գրանցված միջադեպերի մասին, այսպես արտահայտվեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Այնուհետև հավելեց. «Նրանք բացարձակ առանց ամոթի հայտարարում են, թե ՀՀ-ի ապագան Կրեմլի պատերի տակ է: Լավ կլինի դրանց սորտը հավաքվեր իր նմաններով ու գնար այնտեղ, որտեղ իրենց լավ է, գնա նրա ծոցը, որտեղ ուզում է: Ում ծոցը ուզում են մտնել հասարակությանը քարշ տալու կարիք չկա»:

Անդրադառնալով ՀՀ նախագահի` Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությանը, պարոն Բարսեղյանը նկատեց. «ՀՀ իշխանությունների և մի շարք եվրոպացիների հաջողվեց նենգափոխել Սերժ Սարգսյանի հայտարարությունները` դրանք վերափոխելով Հայաստանի ինքիշխան որոշման ձևակերպման: Այնինչ Հայաստանը որևէ ինքնիշխան որոշում չի կայացրել և մեկ մարդու հայտարարությունը, որը անօրինական է ընտրվել, ներկայացնել որպես ինքիշխան Հայաստանի որոշում, սա անընդունելի է: Իսկ Եվրոպան մեզ «կժին եմ ասում, կուլա դու լսի» տրամաբանությամբ հասկացնում է, որ եթե դա է ձեր իշխանությունը, դուք գիտեք»:

Aravot.am-ը հետաքրքրվեց` հիմնավորված ու նպատակահարմա՞ր է Արթուր Սաքունցի նախաձեռնությունը՝ դատական հայց ներկայացնել ՀՀ նախագահի դեմ` սեպտեմբերի 3-ի հայտարարության հետ կապված:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանը պատասխանեց. «Դա պետական դավաճանություն է: Նախ նա ընտրված նախագահ չէր, որ իրեն իրավունք վերապահեր ժողովրդի անունից հանդես գալ: Նա ընդունել է այդ որոշումը միանձնյա` առանց ունենալու ոչ ԱԺ, ոչ կառավարության որոշումը, ոչ էլ լսելու հասարակության կարծիքը: Գործընթացը մի ուղիով է գնացել, հանկարծ մեկ օրվա ընթացքում նա որոշում է քաղաքական կուրսը փոխել: Մյուս կողմից, այդ որոշմամբ նա վտանգում է երկրի ինքնիշխանությունը, քանի որ Մաքսային միությունը վերպետական մարմին է, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը»:

Լևոն Բարսեղյանը հավելեց. «Անգամ եթե նա օրինավոր ու լեգիտիմ նախագահ լիներ, ապա նրա հայտարարության տակ ոչ մի իրավական ստորագրություն չկա, չկա ոչ կառավարության, ոչ իր ղեկավարած կուսակցության, ոչ ԱԺ-ի կողմից: Ուստի որևէ իրավական հիմք չկար և սրանից ելնելով` կարող ենք ասել, որ դա բացարձակ անհեթեթ ու անհիմն հայտարարություն է: Դա Հայաստանի ինքնիշխանության վրա լրջագույն ոտնձգություն է: Լրջագույն ռիսկեր կան այն իմաստով, որ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ի ինչ-որ զորաբանակ ներգրավվի ՀՀ-ում քաղաքացիական շարժումները սահմանափակելու համար»:

«Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» հանրային կապերի և ծրագրերի պատասխանատու Իզաբելլա Սարգսյանը կարծում է, թե Մաքսային միություն մտնել չի նշանակում, որ մեր իշխանությունները պետք է մտածեն, թե կարող են ոտնձգություններ կատարել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների դեմ: Մասնավորապես նա ասաց. «Դա չի նշանակում, որ բռնի ուժ պիտի կիրառեն քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ, ոտնահարեն մարդու իրավունքները: Իրականում մենք խոշոր առումով եվրոպական ընտանիքի անդամ ենք և ամեն ինչ պիտի անենք, որ մեր իրավունքները պաշտպանվեն: Ընդհակառակը, Հայաստանի նկատմամբ մարդու իրավունքների ապահովման առումով եվրոպական կազմակերպությունները պետք է ավելի ուշադիր լինեն: Մինչդեռ ՀՀ-ում ԵԽ-ի քաղաքական ֆունկցիաները, քաղաքական գործոնը թուլանում է, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչ չկա Հայաստանում, իրականացնում են հիմնականում տեխնիկական և զարգացման ծրագրեր: Կարծում եմ այդ կառույցները ավելի շատ ուշադրություն պիտի դարձնեն մարդու իրավունքների և համամարդկային արժեքների սերմանման ու ապահովման հարցերին` ՀՀ-ում»:

Պարոն Բարսեղյանի համար էլ անընդունելի է այն, երբ մեր պաշտոնյաները խոսում են օտար լեզվով: Հարցին` ՀՀ նախագահի ռուսերեն ելույթը ՌԴ նախագահի հետ հանդիպմանը և՞ս այդ շարքից է: Պարոն Բարսեղյանը պատասխանեց. «Նկատի ունեմ հենց Սերժ Սարգսյանի, վարչապետի ելույթը: Իմ արժանապատվությանը դիպչում է, երբ ՀՀ որևէ պաշտոնյա պաշտոնական մակարդակում խոսում է օտար լեզվով: Ինչ է, Սերժ Սարգսյանը չի ուզե՞լ, որ մոսկովյան իր հյուրը նեղություն քաշի ու թարգմանություն լսի: Եթե այդպես անես, կելնեն մեզ վրա ու ման կգան, ինչն էլ անում են: Կամ Գյումրիում գրել էին, թե խնդրվում է լվացք չփռել Պուտինի այցելության պատճառով: Համատիրության հայտարարություն, գնալու ենք այդ համատիրությանը մանրամասն հարցեր տանք: Ինչո՞ւ, որ Պուտինը լվացք է տեսնում, ի՞նչ է լինում նրա հետ, դուք ունե՞ք այդպիսի անալիզ: Աբսուրդի թատրոն են դարձրել Հայաստանը ու մեզ վրա կայֆավատ են լինում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031