Այսօր խորհրդարանում Aravot.am-ի եւ mardik.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադառնալով տարբեր տարիներին Հայաստանում սահմանված գազի սակագնին, նկատեց, որ տեղի է ունեցել թալան և խաբեություն, և այդ ամենն արվել է գաղտնի։ Ըստ պատգամավորի, 2012 թվականին Հայաստանում սպառված գազի պարտքը կազմում է 155 մլն դոլար, և այդ պարտքի փոխարեն, Արամ Մանուկյանի համոզմամբ, կառավարությունը «Գազպրոմին» տվեց «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը։
ՀԱԿ խմբակցության քարտուղարը նշեց նաեւ, որ 2013-ին կուտակված գազի պարտքն, իրենց հաշվարկներով, մոտ 200 մլն դոլար է ու այն չի մարվել, բայց այդ մասին, ըստ ընդդիմադիր պատգամավորի, կառավարությունում որևէ մեկը որևէ բան չի ասում։
Ի դեպ, այսօր, կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորը կբարձրացնի այդ հարցը։ ՀԱԿ պատգամավորը նաև հայտնեց, որ Հայաստանում սահմանված գազի սակագնի փոփոխությունների խրոնիկան՝ սկսած 2008-ից, կներկայացնի ԱԺ ճեպազրույցների ժամանակ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ