Լրահոս
Օրվա լրահոսը

««ՀայՌուսագզարդն» ինքն իրեն նսեմացնում է» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2013 15:14

«Վերջին տարիների Հայաստանի տնտեսության զարգացման իրավիճակը եւ կառավարության քայլերը ցույց են տալիս, որ մենք շատ բաների տեր չենք կանգնում»,- այսօր ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե «ՀայՌուսգազարդի» պետական 20% բաժնեմասը «Գազպրոմին» որպես պարտքը փակելու միջոց հանձնելը, որքանո՞վ էր նպատակահարմար, եւ արդյոք այդ 20%-ն ունենալը, միեւնույն է կառավարության համար դեր չէր խաղում եւ թելադրող չէր որոշումներ կայացնելու հարցում: Պարոն Մակարյանի դիտարկմամբ` «Այդ 20%-ը չպետք է նայել որպես քաղաքական որոշում, մենք չպիտի դա կապենք միայն «ՀայՌուսգազարդի» հետ ու ասենք՝ դա մենք չէինք կառավարում, կամ 20%-ը եղանակ չէր ստեղծում կառավարման գործընթացներում: Իհարկե, դա էլ կա, բայց մենք այնքան բանի տեր չենք կանգնում, թողնում ենք անտեր կորում, վերանում են, որ կարծես սովորական բան է դարձել մեր կյանքում ու աստիճանաբար հարմարվում ենք դրան»: 

Aravot.am-ի ճշտող հարցին` «ՀայՌուսգազարդում» կառավարության 20% բաժնեմասը հնարավո՞ր էր այնպես կառավարել, որպեսզի ի օգուտ Հայաստանի որոշումներ կայացվեին, Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց` «Այո, իհարկե»: Այդ դեպքում ինչո՞ւ այդպես չէր վարվում կառավարությունը, եթե համարում եք, որ խնդիրն այնքան էլ քաղաքական չէ, պարոն Մակարյանին ուղղված մեր այս հարցին էլ տնտեսագետն ասաց.«Որովհետեւ անփույթ ենք, աչքներս փակում ենք շատ բաների վրա, շահերի բախում ունենք»:


Արդյոք «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասն ավելի՞ն արժե, քան այն 155 միլիոն դոլարը, որը պարտք էր կառավարությունը «Գազպրոմին» եւ 20%-ը բաժնեմասը տվեց հենց այդ պարտքի դիմաց:

Այս հարցի առնչությամբ էլ պարոն Մակարյանն ասաց, որ հաշվի առնելով միայն այն հանգամանքը, որ այդ ձեռնարկության պոտենցիալն ավելի մեծ է, հետեւաբար գինը հենց դրանով էլ պետք է պայմանավորված լինի. «ՀայՌուսգազարդի» 20% գնի արհեստական էժանացումը, կամ նսեմացումը, տեղի է ունենում հենց «ՀայՌուսգազարդի» ձեռքերով»:

Մանրամասն` տեսանյութում

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վերլուծությամբ` «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասն իրականում 240 միլիոն դոլար է: Պարոն Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.«ՀայՌուսգազարդը բիրժայում չի սակարկվում (ՀՀ իշխանություններն այդպես էլ թույլ չտվեցին, որ Հայաստանում բիրժա լինի), դրա գինը հայտնի չէ։ Բայց մենք գիտենք, որ նման կարգի ընկերությունների գինը նվազագույնը մեկ տարվա վաճառքի ծավալը բազմապատկած 3 է։ Այսինքն, «ՀայՌուսգազարդի» գինը 1.2 մլրդ դոլարից պակաս չէ։ Եվ ուրեմն դրա 20%-ը 240 մլն դոլար է։ Բարի եղեք պաշտոնական հաղորդագրություն տրամադրել։ Ի վերջո հսկայական հանրային գույք է օտարվել։ Ըստ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի, այդ գործարքից հետո Հայաստանը ՌԴ-ից հետայսու գազը կստանա Ռուսաստանի ներքին գներով։ Սա վերը նշված 240 մլն դոլարի դիմա՞ց։ Ո՞րն է ՌԴ ներքին գինը։ Օրինակ, Սարատովի «Գազպրոմը» գազը վաճառում է (վերջին գները) բնակչությանը. գազօջախի համար 7.6ռ 1մ3 (227 դոլար), իսկ ջեռուցման համար 4.24ռ 1մ3 (127 դոլար), Ռոստովի մարզում գազը վաճառվում է 125 դոլարով , Մոսկվայում ավելի էժան է։ Հայաստանում բնակչությանը վաճառվող գազի գինը 391 դոլար է՝ 3.1 անգամ ավելի թանկ (ի դեպ մեզ մոտ այն ավելի թանկ է, քան Ուկրաինայում էլի 3 անգամ): Հիմա ի՞նչ է այդ ներքին գին ասվածը։ Դա այն գինն է, որով «ՀայՌուսգազարդը» գազը ստանալու է «Գազպրոմի՞ց»։ Ներեցեք դա ոչինչ չի փոխում։ «ՀայՌուսգազարդը» հիմա էլ թանկ չի ստանում (189 դոլար), բայց վերջնական գինը սահմանում է եվրոպականից էլ թանկ։ Եվ հետո, եթե մենք ներքին գնով ենք ստանալու (ի վերջո ճշտեցին, որ ներքին գին ասելով նկատի ունեն 189 դոլարը), ապա ի՞նչու այն ավելի էժան չէ, քան Ռուսաստանինը։ Չ՞է որ արտահանելուց ԱԱՀ-ն հանվում է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031