Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 10-ից կգործի միասնական քննչական կոմիտեն (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2013 14:38

Անկախ քննչական միասնական մարմին ստեղծելու մասին օրենքի նախագիծն, ինչպես նաեւ 17 մշակված օրինագծեր ներկայացվել են կառավարությանը, իսկ «Քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը մինչ դեկտեմբերի 15-ը՝ կներկայացվի Ազգային ժողովին:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ նախագահը 10-օրյա ժամկետում կնշանակի քննչական կոմիտեի նախագահին, այսինքն՝ հունվարի 10-ին կսկսվի քննչական անկախ մարմնի պրակտիկ գործունեությունը:

Այսօր ՀՀ նախկին գլխավոր դատախազ, միասնական քննչական մարմնի իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ հերթական  աշխատանքային քննարկումն էր:

Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին հանրապետության նախագահի կարգադրությամբ ձեւավորված հանձնաժողովի անդամները, իրավապահ մարմինների, քննչական մարմինների պատասխանատուները, արդարադատության նախարարությունից՝ ԱՆ տեղակալ Գրիգոր Մուրադյանը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը,  անկախ փորձագիտական կենտրոնի նախագահ Արտաշես Ջավադյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, որին ուղարկվել էր օրենքի նախագիծը նույնպես, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը եւ այլք:

Դեռ 2005-2006թթ. իրականացվող դատաիրավական բարեփոխումների ժամանակ որոշվել է քննությունն առանձնացնել դատախազությունից, դատախազական հսկողության որակն ավելի բարձրացնելու, քննությունը դատախազությունից ու որոշակի ազդեցությունից զերծ պահելու նպատակով:

Ըստ այդ ձեւավորվել էին նոր քննչական մարմիններ: Քննության հիմնական պատասխանատվությունը դրվել էր ոստիկանության վրա, որն այսօր քննում է ընդհանուր քրեական գործերի մոտ 80-90 տոկոսը:

Արդարադատության փոխնախարար պարոն Գրիգոր Մուրադյանի տեղեկացմամբ, այս օրենքն ավելի ինտենսիվ է եւ որակական առումներով տարբերվում է շատուշատ օրենքներից:

Օրենքը, ըստ նրա, տալիս է քննչական նորաստեղծ կոմիտեին ինքնավարություն եւ անկախություն:

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Ջոն Լուլեջյանն ասաց, որ ուրախ են, որ գլխավոր դատախազն է ընտրվել կոմիտեի նախագահ, եւ պատրաստակամություն հայտնեց օգնելու հետագա գործունեության ընթացքում նույնպես:

Ըստ Ազգային փորձագիտական բյուրոյի պատասխանատու Արտաշես Ջավադյանի էլ, իրենք նույնպես պատրաստ են շատ հարցերում օգնել քննչական մարմնին: Նա անդրադարձավ երկու կարեւոր ՝ նեղմասնագիտական կառույցների ստեղծմանը՝ քրեական տեխնիկայի եւ «սպեց» տեխնիկայի ոլորտների անհրաժեշտության հարցերին:

Աշխատանքային քննարկմանը հնչեցին մտահոգություններ, կապված գերատեսչական անկախության պաշտպանության, արդարադատության ակադեմիայում այս կոմիտեի քննիչների վերապատրաստման նպատակահարմարությանը (ուշադրություն դարձնենք, որ դատավորների եւ դատախազների հետ են ուսումնառություն ստանալու), սեփական ուսումնական բազան ունենալուն, ոստիկանության քննիչների «ճնշվածության» վերաբերյալ:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, հանձնաժողովի անդամ Գագիկ Համբարձումյանն ասաց, որ իր մտահոգությունը կապված է օրենքն ընդունելուց հետո կազմակերպչական բնույթի մի շարք հարցերի առաջացման հետ, այնպես, ինչպես դա եղավ, երբ քննչական ապարատը դատախազությունն իրենց փոխանցեց:

Զինվորական գործերով քննիչների համար էլ ՊՆ-ն առաջարկում էր զինվորական կարգավիճակ, հետագա պատասխանատվության համար:

Համաձայն «Քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագծի 61 հոդվածի, քննչական կոմիտեի ծառայողները համարվում են զինծառայողներ, օգտվում են «պետական կենսաթոշակների» եւ «Զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներով սահմանված զինծառայողների բոլոր իրավունքներից:

Ի պատասխան մեր հարցի, թե տեղական ստորաբաժանումներ լինելու են տեղերում, որ մարմիններն են ի վերջո «մտել» քննչական կոմիտեի կազմում, Աղվան Հովսեփյանն ասաց, որ ոստիկանությունն ու պաշտպանության նախարարության քննչական մարմիններն են մտել, որոնք ունեն տեղերում ստորաբաժանումներ, իսկ այս գործընթացը շարունակվելու է տեղերում:

Առայժմ ՊԵԿ-ի քննչականը, ինչպես եւ սպասվում էր, մաս չի կազմի նորաստեղծ կառույցին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031