Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ ուզում խախտել. Օրինապաշտի անկյուն

Դեկտեմբեր 04,2013 14:09

«Քուր ջան, հեսա տենամ՝ գայիշնիկ չկա, քյասար ձախ մտնեմ»,- խոստանում է տաքսիստը, եւ երբ լսում է, որ կտրականապես դեմ եմ իր՝ «իմ խաթեր» անելիք խախտմանը, ու պնդում եմ, որ շարունակի ճանապարհը եւ թույլատրված տեղում շրջադարձ կատարի, արհամարհանքով նետում է՝ «այ քուրս, էն անտեր կամերաների ձեռը կրակն ենք ընկել՝ հերիք չի, մնում ա դու ասես՝ դուզ քշի…»:

Իսկ եթե ես նրան ասեի, որ կողմնակից եմ այն բանին, որ ոչ միայն յուրաքանչյուր խաչմերուկում, այլեւ բոլոր ճանապարհներին դրված լինեն տեսախցիկներ եւ արագաչափեր, ու տուգանքներն էլ շատ ավելի բարձր լինեն՝ նա երեւի ինձ դուրս կգցեր մեքենայից:

Ես սադիստ չեմ: Ավելին, ինքս էլ վարորդ եմ: Օրինապաշտ վարորդ: Երկուսուկես տարվա վարորդական կյանքիս ընթացքում մեկ անգամ արագաչափն է ֆիքսել իմ բարձր արագությունը՝ 71 կմ/ժամ, որը, ազնիվ խոսք, չեմ զգացել, թե ինչպես եմ թույլ տվել, որովհետեւ սովորաբար ոտքս շատ լավ զգում է իր մաքսիմալ՝ 67 կմ/ժամ արագությունը, եւ երկու անգամ՝ խաչմերուկների տեսախցիկները. մեկ անգամ կայանել էի ավտոբուսի կանգառին թույլատրվածից ավելի մոտ, մյուս անգամը կարմիր լույսի տակ կանգնել էի՝ հոծ գիծը կիսով չափ անցած: Այս բոլոր խախտումները արվել են ակամա: Չարամտորեն, այսինքն՝ նախապես գիտենալով, դիտմամբ, երբեք չեմ խախտել: Եվ ոչ միայն տեսախցիկներ ունեցող խաչմերուկներում, այլեւ ընդհանրապես: Որովհետեւ՝ ես ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԽԱԽՏԵԼ: Իսկ ակամա խախտումներիս արձանագրությունները ստանալով՝ առանց տրտունջի վճարել եմ՝ անկախ նրանից, թե դա ում գրպանն է գնում: Որովհետեւ զանցանքը պիտի պատժվի: Իսկ տեսնելով չարամիտ խախտողներին՝ կարծում եմ, որ զանցանքը հանցանք չդառնալու համար պետք է շատ խիստ պատժվի, այլապես այն գումարները, որոնք նախատեսված են, չարամիտ խախտողների՝ «հաբռգածների» համար ոչինչ են, նրանք վճարում են եւ շարունակում նույն չարամտությամբ խախտել: Իսկ այն վարորդները, ովքեր «հաբռգած» չեն եւ հաճախ տուժում են նման «հաբռգածների» երեսից, վստահաբար կարող են քշել առանց խախտումների եւ այդպես էլ անում են:

Ու խստությունները, երբեմն էլ՝ չափից դուրս թվացող խստությունները, հարկավոր են նրա համար, որ չխախտելը, կանոնավոր քշելը, ինչն առաջին հերթին մարդկանց, մեր բոլորիս անվտանգության համար է, արմատավորվի, դառնա մտածելակերպ, ապրելակերպ:
Իսկ եթե հնարավոր լիներ տեսախցիկներով կարգի հրավիրել նաեւ կարգազանց հետիոտներին, որոնք այնքան հաճախ են իրենց անկարգության պատճառով վթարավտանգ իրավիճակ ստեղծում, իրավիճակը շատ ավելի արագ կուղղվեր:

…Նկատառմանս, որ «հաբռգած» ջիպավորների չափ հաճախ խախտումներ են անում տաքսիստներն ու ուղեւորատար տրանսպորտի վարորդները, ծանոթս, որ քաջատեղյակ է իրավիճակին, լուսավորեց ինձ. եթե ջիպավորները թքած ունեն այդ գումարների վրա եւ պատրաստ են անընդհատ վճարել՝ միայն թե սրտերն ուզածի չափ խախտում անեն՝ իրենց մյուսներից զատելու, վեր դասելու նպատակով, ապա տաքսի-ծառայությունները ունեն իրենց սեփական «ծեծի մանկլավիկները»՝ անտուն, անունեցվածք մի տաքսիստ, որին էլ վերագրում են իրենց ծառայության բոլոր մեքենաներով կատարված խախտումները, եւ ուղղակի ասելով, որ այս մարդը ոչինչ չունի վճարելու համար, որքան ուզում եք՝ դատի տվեք եւ ԴԱՀԿ ուղարկեք, ազատվում են խնդիրներից: Ու կարող է ստացվել այնպես, որ նույն տաքսիստը տասը րոպեի ընթացքում Երեւանի հինգ ծայրերում «խախտում անի», ու հետո պարզվի, որ անվճարունակ է:
Ժամանակն է, որ այս հարցն էլ կարգավորվի օրենքով: Մեր բոլորիս անվտանգության խնդիրն է:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031