Լրահոս
Օրվա լրահոսը

Մարքսիստը տպավորված է Պուտինի՝ «արեւմտամետ ճնճղուկներին» տված պատասխանից

Դեկտեմբեր 04,2013 14:05

Նա Սերժ Սարգսյանին առաջարկում է լծվել նոր ընտրական իրավունքի մշակմանը

«Պուտինի այցը եւ Մաքսային միության ու նոր գեոքաղաքական կենտրոնի ու նոր էվոլյուցիոն միության սաղմնավորումը պատմական, բեկումնային երեւույթ էր: Մաքսային նոր միության սաղմնավորման պայմանագիրը ապագա պատմաբանները կողք կողքի կդնեն Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի կողքին: Պայմանագրեր, որոնց շնորհիվ հայկական քաղաքակրթությունը մոխրից հառնեց». սրանք Հայաստանի թիվ մեկ մարքսիստի՝ Դավիթ Հակոբյանի գնահատականներն են ՌԴ նախագահի՝ մեր երկիր կատարած այցի եւ դրա արդյունքների մասին: Նրա կարծիքով՝ այդ պայմանագրով Հայաստանն այնպիսի հիմքերի վրա է դրվում, որոնք բավարարում են ներկայիս պատմական հրամայականներին. «Покой, порядок и процветание: Մեզ խաղաղություն է հարկավոր, խաղաղությունը ռուսների հետ կգա Կովկաս: Այս այցով նաեւ արցախյան հիմնահարցի լուծման նոր դիվանագիտական եւ ռազմավարական դոկտրինա է բացվում»: Մարքսիստի վրա առավելապես տպավորություն է գործել նախագահներ Սարգսյանի եւ Պուտինի համատեղ մամուլի ասուլիսում Պուտինի պատասխանը «արեւմտամետ լակեյներին»: Հիշեցնենք, որ հարցին՝ տեղյա՞կ է Երեւանում ընթացող անտիպուտինյան ցույցերից, ՌԴ նախագահը պատասխանել էր, որ ՌԴ-ն Կովկասից չի հեռանալու, հակառակը՝ ամրանալու է: Ու դա համարել էր պանամերիկյան հեգեմոնիային հակակշռող քաղաքական սիմֆոնիայի վերջին ակորդը: Ի դեպ, մարքսիստը հիշեցնում է, որ հայ-ռուսական նոր միության ստեղծման անհրաժեշտության մասին ինքը դեռ 1999 թվականի մայիսի 18-ին է ասել: Դիմելով արեւմտամետ ուժերին էլ՝ մեր զրուցակիցը հիշեցնում է, որ 1993 թվականին Թուրքիայի նախագահ Թուրգուտ Օզալը թուրքական զորամիավորումներ տեղադրեց Նախիջեւանում, «որպեսզի Վայքով կտրի Հայաստանը», ռուսների նկատմամբ ատելությամբ ու մոլուցքով լցված ՀՀՇ-ն անմիջապես Ռուսաստանի հետ ռազմական դաշինք կնքեց. «Այն ճնճղուկները, որոնք ուզում են դայլայլել արեւմտամետ սիմֆոնիան, նվագելուց առաջ գոնե նոտաներին թող տեղեկանան, որպեսզի ֆալշ չնվագեն»:

Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական գծից գոհ Դավիթ Հակոբյանը գտնում է, որ այժմ ճիշտ ժամանակն է, որ նախագահը լծվի Հայաստանում նոր ընտրական դոկտրինի հաստատման գործին: Մարքսիստն իր պատմական կարգախոսն այսօր էլ արդիական է համարում. «Или избирательное право 21-го века принципиально нового типа, или королевский гамбит. Выбирайте сами, господа хорошие, либеральные профессора»: 21-րդ դարի Աստվածաշունչը նա համարում է նոր ընտրական իրավունքը: «Այն ընտրական մոդելը, որը 1999 թվականի փետրվարի 4-ին առաջարկել է երկրապահների ազգային ժողովը, եւ վերջին տասը տարվա ընթացքում անընդհատ կոսմետիկ փոփոխությունների են ենթարկել հետագա իշխանությունները, չի կատարում ընտրական իրավունքի համար նախատեսված պարտավորությունները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ հավելելով, որ շատերը թյուր կարծիք ունեն, թե ընտրական իրավունքը «ինչ-որ մի անձ՝ դեպուտատ, մանդատավոր կամ նախագահ» ընտրելու համար է: Ըստ մարքսիստի՝ ընտրական իրավունքը երեք գերխնդիր ունի, որոնցից առաջինն իշխանափոխության ժամանակ հասարակության, ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելն է: Ապա՝ պետական մեքենան զերծ պահել «բոնապարտիզմից եւ քաղաքական ավանտյուրիզմից, պալատական հեղաշրջումներից, իշխանագողությունը կանխարգելելի» եվ այլն: Մի խոսքով՝ այն ամենից, ինչը Հայաստանի երրորդ հանրապետության ողջ ընթացքում ուղեկցել է մեզ: Իսկ երրորդ գերխնդիրը՝ անձի ընտրությունը, մարքսիստը առավելապես հասարակական գիտակցության հետ է կապում. «Ինչքան բարձր է հասարակական գիտակցությունը, այնքան ընտրյալ անձը տիրապետում է բարձր մտավոր եւ կառավարչական կարողությունների»: Մարքսիստին դուր չի գալիս, որ հայաստանյան ընտրական իրավունքի «ապրոբացիայի» առումով հասարակությանը մշտապես ի ցույց է դրվում Վենետիկի հանձնաժողովը: «Վայ էն մարդուն, ով կշարժվի կնկա ասածով: Վա՜յ, վա՜յ: Իսկ հարեւանի ասածով՝ վա՜յ, վա՜յ, վա՜յ»,- այս առումով ասում է մեր զրուցակիցը՝ մեջբերելով հայտնի համեմատությունն այն մասին, որ երբ մենք՝ հայերս, քաղաքակրթության օլիմպոսում էինք եւ «աշխարհի ճակատագիրն էինք կիսում Հռոմի հետ», եվրոպացիները ծառի ճյուղից ճյուղ էին թռչում, Եվրոպան էլ թաղված էր խավարում: «Այնպես որ՝ մենք կարող ենք ավելի կատարյալ ընտրական իրավունք տալ, քան ունկնդրել եվրոպական կառավարիչներին»:

Արդի լավագույն ընտրական իրավունք ձեւավորելու համար մարքսիստն առաջարկում է. «Բացարձակ ընտրական իրավունքից անցնել Սահմանադրության մեջ ամրագրված համընդհանուր հարաբերական ընտրական իրավունքի եւ դիսկրիմինացիայի չենթարկել քաղաքացիներին՝ տարբեր եկամուտներ ունեցող անձանց պարագայում ամրագրելով միեւնույն ընտրագրավը: Կամ պետությունը պետք է հոգա ընտրական ծախսերը, կամ պետք է անցնել դիֆերենցված ցենզային ընտրական իրավունքի՝ յուրաքանչյուրն իր եկամտի որոշակի տոկոսը վճարի, որպեսզի քաղաքական եւ սոցիալական դիսկրիմինացիան վերանա: Այլապես հարյուր դոլար աշխատավարձ ունեցող բժիշկը եւ հարյուր միլիոն դոլար շրջանառու կապիտալ ունեցող անհատները տալիս են նույն չափի ընտրագրավ՝ երեսուն-քառասուն հազար դոլար: Սա մարդու սահմանադրական իրավունքի կոպիտ խախտում է»: Դավիթ Հակոբյանը կարծում է, որ ԸՕ-ում պետք է ամրագրել, որ քաղաքացու ընտրելու իրավունքը պարտադիր է, ու քաղաքացին իրավունք չունի իր այդ իրավունքից հրաժարվելով՝ բոյկոտել պետական կառավարման մեքենայի ձեւավորումը: Այլապես դա որակում է պետական հանցագործություն ու առաջարկում է խոշոր գումարային տույժեր մտցնել կամ տվյալ անձին հինգ տարով զրկել ընտրել-ընտրվելու իրավունքից: «Միայն այդ դեպքում մենք կարող ենք ապահովել սողանցքների, կեղծ մարդահամարների, կեղծ անձնագրերի եւ այլ կեղծարարությունների առաջը: Այդպիսով նաեւ ռեալ մարդահամար կարող ենք անել, ինչը առ այսօր կեղծվել է. ՀՀ-ում ոչ պաշտոնական թվերով ներկայացված մարդ կա, ոչ էլ ընտրող»,- ասաց նա:

Մարքսիստը նաեւ գտնում է, որ ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ նախագահի թեկնածուն պետք է լքի պետական մեքենան. «Միայն կուսակցական աշխատանք: Սա Չիլիում եւ այլ շատ երկրներում է իրագործվում եւ լավ արդյունքներ է տալիս: Ոչ թե պաշտպանության նախարարին ընտրություններից առաջ դնեն վարչապետ, ու նա արդեն իսկ անհավասար մեկնարկային պայմաններով գնա ընտրության: Դեպի գահը ընդամենը մի կատվի ցատկ է մնում: Այդպիսով խաթարվում է իշխանափոխությունը ներքեւից՝ հասարակության կողմից: Այդ պատճառով էլ ՀՀ-ում ընտրությւոնները միշտ բոնապարտիզմի եւ արյունոտ շահատակությունների միջոցով են կատարվել»: Նա առաջարկում է նաեւ հանձնաժողովների ձեւավորման կարգը փոխել: Գրանցված կուսակցություններին մեխանիկորեն ընտրական հանձնաժողովում մեկական տեղ է հատկացվում: Եթե կուսակցությունների թիվը շատ է, ըստ գաղափարական հոսանքների՝ դրանք կենտրոնացվեն մի քանի ուղղություններում, եւ մեկ թեկնածու առաջադրեն: Ու որեւէ նշանակություն չպետք է ունենա՝ տվյալ կուսակցությունը խորհրդարանակա՞ն է, թե՞ արտախորհրդարանական: Եթե անհրաժեշտ է, նաեւ կուսակցական ռեֆորմ անել, ինչը, Դավիթ Հակոբյանի համոզմամբ, այսօր նախագահի կողմից ստեղծված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գերխնդիրը պետք է լինի. «Այս հարցը պետք է լուծեն՝ ոչ թե Հայաստանում բնակության հինգ տարվա ցենզը փոխեն երեքով: Իսկ ես կասեի, որ հատկապես նախագահի թեկնածուն պետք է ծնված եւ երեսուն տարի բնակված լինի Հայաստանում: Դրսում ծնված մարդուն համարում եմ էթնիկական գաղթականության ներկայացուցիչ եւ նրան գահ չեմ վստահի: Մարդ, ում պորտը կտրվել է 1500 լիո հեռավորության վրա, Արեւմտյան կիսագնդում… կամ ՀՀ-ից դուրս՝ բլիժնի կամ դալնի վիկինգները… նրանք հոգեկերտվածքով չեն կարող ներդաշնակ լինել ՀՀ ժողովրդի հոգեկերտվածքին: Ես դեմ եմ, որ առ այսօր նախագահի թեկնածուներն ու արտգործնախարարները բերվել են դրսից: Հայ էթնիկական գաղթականությունը եւ հայ ժողովուրդն, ըստ մարքսիզմի սկզբունքների, տարբեր կարգավիճակներ են»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031