Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հասկանում եմ, որ որոշ «մտահոգություններ» եւ ինտրիգներ կստեղծվեն դրսի ուժերի կողմից»

Դեկտեմբեր 04,2013 13:55

ՀՀ գլխավոր դատախազության հատուկ հանձնարարությունների հարցերով ավագ դատախազ, ՀՀ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Կառլենի Եսայանի՝ ՓՊ նախագահի գլխավոր խորհրդականի եւ գիտաուսումնական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակման կապակցությամբ դիմեցինք ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին:

– Պարոն Զոհրաբյան, ինչո՞վ կբացատրեք Արմեն Եսայանի նշանակումը գլխավոր խորհրդականի եւ գիտաուսումնական խորհրդի նախագահի պաշտոնում:

– Ցանկացած կազմակերպության ղեկավար, կարծում եմ, պետք է իր կադրային քաղաքականությունն իրականացնելիս ղեկավարվի առավելագույնի սկզբունքով։ Այսինքն, պետք է փորձի պրոֆեսիոնալ կադրերով համալրել կառույցը, ինչի պայմաններում միայն կարելի է խոսել կառույցի գործունեության արդյունավետության մասին։ Արմեն Եսայանը իրավաբանական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր եւ բարձր հեղինակություն վայելող անձ։ Դրան ավելացված՝ օժտված է անմնացորդ հայրենասիրությամբ եւ պետական մտածելակերպով: Վստահ եմ, որ մեր Փաստաբանների պալատը շահել է, այն առումով, որ մեզ մոտ այսուհետ աշխատելու է Արմեն Եսայանը:

– Բայց Ձեզ չի՞ անհանգստացնում այն հարցը, որ Արմեն Եսայանը դատախազությունը համարում է իր ընտանիքը, լավ է վերաբերվում Գեւորգ Կոստանյանին, իսկ դատախազությունը միշտ էլ հանդես է եկել որպես փաստաբանների «թշնամի»:

– Ոչ, ինձ այդ փաստն ընդհանրապես չի անհանգստացնում։ Արմեն Եսայանի հետ մեր հարաբերություններն անձնական բնույթ են կրում, նա իմ ընկերն է եւ իր համաձայնվելը աշխատել Փաստաբանների պալատում, բացառապես պայմանավորված է դրանով։ Երկրորդ, Արմեն Եսայանն անկախ մարդ է՝ իր սկզբունքներով։ Ով ճանաչում է նրան, գիտի նրա սկզբունքայնությունը եւ անկախությունը, ինչին բազմիցս ականատես եմ եղել: Ես չեմ լսել մի դեպք, որ Արմեն Եսայանի հետ որեւէ պաշտոնատար անձ խոսի «պետք է»-ով: Ի վերջո ցանկացած նախաձեռնության դատավորը ժամանակն է։ Ինչ վերաբերում է փաստաբան-դատախազ հարաբերություններին, ապա, իմ կարծիքով, փաստաբանները ոչ թե դատախազների թշնամիներն են, այլ դատախազների դատավարական հակառակորդները։ Դատավարական այդ կարգավիճակն է ապահովում իրական մրցակցություն՝ մեղադրանքի եւ պաշտպանության կողմերի միջեւ:

– Բայց Արմեն Եսայանը չի թաքցնում, որ Աղվան Հովսեփյանն իր մերձավորն է, իսկ գաղտնիք չէ, որ Աղվան Հովսեփյանն ապագա քննչական միասնական կոմիտեի ղեկավարն է։

– Դա խոսում է Արմեն Եսայանի դաստիարակության մասին։ Նա հարգում է իր ավագ գործընկերներին նույնիսկ նրանց հեռանալուց հետո, իսկ դա ընդունեք, որ խրախուսելի է եւ խոսում է միայն մարդկային լավ որակի մասին։ Արմեն Եսայանը ՀՀ վաստակավոր բժիշկների ընտանիքից է, նրա հայրը՝ Կառլեն Եսայանը, ճանաչված եւ հարգված մարդ է, իսկ պտուղը ծառից են ճանաչում եւ հակառակը: Հատկանշական է, որ Արմեն Եսայանը, հաշվի առնելով մեր հարաբերությունների բարձր մակարդակը, համաձայնել է ընդունել իմ առաջարկը՝ աշխատել Փաստաբանների պալատում:

– Իսկ փաստաբանների վերաբերմունքն ինչպիսի՞ն է այս նշանակման կապակցությամբ։ Դժգոհություններ չե՞ք լսում:

– Այն փաստաբանները, ովքեր ճանաչում են Արմեն Եսայանին, արձագանքել են միանգամից, նշելով, որ Փաստաբանների պալատը հզորանում է։ Այն փաստաբանները, ովքեր չեն ճանաչում, միգուցե հարցեր ունենան իրենց մեջ, բայց համոզված եմ, որ դրանց պատասխանները կգտնեն իրենց վերլուծությամբ եւ Փաստաբանների պալատի գործով։ Ես այս նախաձեռնության մասին ներկայացրել եմ նաեւ Փաստաբանների պալատի խորհրդի անդամներին եւ որեւէ առարկություն չեմ լսել։

Ես հասկանում եմ, որ որոշ «մտահոգություններ» եւ ինտրիգներ կստեղծվեն դրսի ուժերի կողմից եւ այն կարող է դրսեւորվել որոշ փաստաբանների եւ լրագրողների միջոցով: Դրա բացատրությունը շատ պարզ է: Բազմիցս լսելի են դարձել, որ Արմեն Եսայանը շատ ինֆորմացված եւ ուժեղ անձնավորություն է: Ուժեղ փաստաբանությունը ոչ բոլորին է ձեռնտու: Մինչդեռ փաստաբանության զարգացումը եւ կայացումը երկրի արդարադատության համակարգի կայացման գրավականներից մեկն է:

«Առավոտի» իրավական էջ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031