Ըստ ՀՀ տեղական ինքնակառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության՝ «Դանիել Մովսեսյանը եւ փախստական է, եւ ոչ»
Միգրացիոն պետական ծառայությունը կայացրել է որոշում՝ Դանիել Մովսեսյանի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին:
Ծառայությունը ձեւակերպել է, թե ինչ հիմքով է դադարեցվել Դանիելի փախստականի կարգավիճակը: Դրան հակառակ եւ դրանից առաջ՝ ՄՊԾ-ն Դանիելին տրամադրել է եւս մի տեղեկանք, որում նշվում է, որ նա Հայաստանում ունի փախստականի կարգավիճակ, իսկ այդ տեղեկանքը տրամադրվել է Դանիելին, որպեսզի նա կարողանա դա գործածի փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու համար, որպես փաստացի ապացույց:
Դանիելը ծնվել է Հայաստանում՝ 1989 թվականին, իսկ դա հիմք է եղել նրա կարգավիճակը դադարեցնելուն, սակայն նա բռնագաղթվել է Ադրբեջանից՝ երկու ամսական եւ տասն օրականում:
«Դանիելը չունի ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղ, քանի որ ծնվել է Հայաստանում՝ 1989 թվականին եւ բռնագաղթման պահին եղել է 2 ամսական 10 օրական»,- տեղեկացրել է Միգրացիոն պետական ծառայությունը՝ Դանիել Մովսեսյանի փախստականի կարգավիճակը «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով դադարեցնող որոշման բնութագրական մասում:
Այդ մասով Դանիելն արդեն իսկ հայց է ներկայացրել Հայաստանի վարչական դատարան:
Հայցվորի՝ փախստականի կարգավիճակի մասով դատալսումը գտնվում է դատական քննության փուլում: Հայցվոր փախստականը պահանջում է անվավեր ճանաչել 04. 06. 2013 թվականի թիվ Մ-171/13-Փ որոշումը:
Նա, ի տարբերություն այլ փախստականների, իր հայցով խնդրում է անվավեր ճանաչել ծառայության հակասական որոշումը:
Դատաքննությունն անցկացվեց դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ: Նիստին ներկա էր հայցվորի ներկայացուցիչ Աշխեն Եսայանը, ով միջնորդություն ներկայացրեց դատարանին, քանի որ միգրացիոն ծառայությունը, որպես պատասխանող կողմ, ներկա չէր դատաքննությանը: Աշխեն Եսայանը շեշտեց, որ առանց պատասխանող կողմի անհնար է անցկացնել դատաքննությունը, քանի որ շատ հարցեր պետք է ունենան իրենց պատասխանները:
Պատասխանող կողմը՝ Միգրացիոն պետական ծառայությունը, հերթական անգամ դատարանին գրություն էր ուղարկել, որով նշում էր, թե՝ դատարանում՝ որպես իրենց ներկայացուցիչ, Ռուզաննա Պետրոսյանը գտնվում է գործուղման մեջ եւ այդ իսկ պատճառով չի կարող ներկայանալ:
Դատավոր Կարեն Ավետիսյանը բավարարել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը եւ նշանակել է եւս մեկ դատաքննության օր, որի մասին Դանիել Մովսեսյանը կծանուցվի փոստային առաքման միջոցով:
Դանիելը բնակվում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Նա անհանգստացած է ոչ թե նրա համար, որ դադարեցվել է փախստականի կարգավիճակը, այլ, որ դադարեցման ապացույցները ոչ մի հիմք չունեն ՄՊԾ-ի կողմից, իսկ օրենքի նկատմամբ տառացի հարգանքն իսպառ բացակայում է:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ