Լրահոս
Օրվա լրահոսը

Ենթադրյալ եւ իրական պատասխաններ

Դեկտեմբեր 04,2013 13:47

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինի ասածները Հայաստանի մասով այնքան էլ հետաքրքիր չէին: Ի դեպ, համաձայն չեմ, որ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահի վարքը նվաստացուցիչ էր կամ արհամարհական՝ այստեղ մեր որոշ ընդդիմադիրներ իրենց ուզածը իրականի տեղ են դնում: Ամբողջ «մաքսային» իրավիճակն, այո, տհաճ է ու վտանգավոր, բայց Պուտինի (ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի) վարքը այցի ժամանակ միանգամայն տեղավորվում էր դիվանագիտական էթիկետի մեջ՝ պետք չի հորինել բաներ, որոնք այս իրավիճակին իբր հավելյալ դրամատիզմ են հաղորդում:

Եթե ես ներկա լինեի այդ ասուլիսին եւ ինձ հնարավորություն ընձեռվեր հարց տալու, ես կհարցնեի՝ «ճի՞շտ է, արդյոք, որ Մաքսային միությունում լինելու է միասնական ռուբլու գոտի՝ ինչպես պնդում է մեր վարչապետը»: Բնականաբար, ինչպես եւ բոլոր քաղաքական գործիչները, ՌԴ նախագահն այդ հարցին միանշանակ դրական կամ բացասական պատասխան չէր տա: Բայց պատասխանի ինտոնացիայից պարզ կլիներ՝ արդյոք նրա մտքին նման բան կա՞, թե՞ չկա: Ինձ հետաքրքրում է նաեւ՝ արդյոք Պուտինի կողմից նախաձեռնվող Եվրասիական միությունում գործելո՞ւ է որոշակի գաղափարախոսություն, որին բոլորս պարտավոր ենք ենթարկվել: Պարզ է, որ այս հարցին Պուտինը կտար է՛լ ավելի անորոշ պատասխան՝ չնայած նրա հայաստանյան ադեպտները պնդում են, որ հենց այդպես էլ կլինի:

Բայց, իհարկե, ավելի ճիշտ է ղեկավարվել նրանով, թե ինչ է Ռուսաստանի նախագահն ասել, քան այն ենթադրական պատասխաններով, որոնք Պուտինը կարող էր տալ ինձ հուզող հարցերին: Եվ այդ առումով ամենահետաքրքիրը մեր հյուրի վերջին պատասխանն էր՝ Ուկրաինայի հետ կապված հարցին: Ըստ ՌԴ նախագահի, ա/ Կիեւում տեղի ունեցող իրադարձությունները եվրաինտեգրացիայի հետ կապ չունեն՝ դրանք այն սցենարներն են, որոնք նախապատրաստված էին հաջորդ գարնանը նախատեսված նախագահական ընտրությունների համար, բայց ինչ-ինչ հանգամանքներից դրդված կիրառվեցին ավելի շուտ, բ/ Ուկրաինայում ցույցերին, ի թիվս այլոց, մասնակցում են հատուկ պատրաստություն անցած գրոհայիններ («боевики»):

Կասկած չունեմ, որ Ռուսաստանի նախագահն իր նախկին գերատեսչության միջոցով համապարփակ տեղեկատվություն ունի այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում: Եվ եթե այդ երկրում քաղաքացիների բողոքն իսկապես կազմակերպված է, այսպես ասած, «երկրորդ նարնջագույն հեղափոխությունն» իրականացնելու համար, ապա գուցե իմա՞ստ ուներ ավելի մեղմ վարվել Վիկտոր Յանուկովիչի հետ, որին այդ դավադրության միջոցով ցանկանում են պաշտոնանկ անել: Գուցե չարժե՞ր այդքան կոշտ ճնշում գործադրել Ուկրաինայի նախագահի վրա՝ ԵՄ Ասոցացման պայմանագրի հարցում:
Թե չէ մի կողմից՝ խաղում են մարդու հեղինակության հետ, մյուս կողմից՝ ուզում են, որ նա դիմադրի զանազան դավադրություններին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Պարոն Աբրահամեան, համամիտ եմ, որ գրեթէ ամէն բան դիւանագիտական էթիկայի սահմաններում էր, բացի թերեւս այցելութիւնների յաջորդականութիւնից՝ առաջինը այցելել Գիւմրի եւ իրենց ռազմակայան, յետոյ նոր մայրաքաղաք Երեւան: Դու կատարում ես պաշտօնական այց, ուստի բարի եղիր յարգել մեզ եւ սկզբում ժամանել Երեւան: Եթէ այդքան շատ էիր ուզում ձեր ռազմակայանն այցելել առաջինը, ապա բարի եղիր այցդ որպէս «աշխատանքային» ձեակերպել: Իսկ եթէ ուշքդ այդքան գնում էր Գիւմրու համար, կարող էինք մի «դոմիկ» նուէր տալ ու մնայիր այդտեղ:
    Իիիիի՜սկ եթէ հարեւան երկրներից յատուկ «մեսիջ» էիր ուզում փոխանցել ռազմակայանի կարեւորութեան մասին, ապա կարող էիր ինչ որ ազդեցիկ յայտարարութիւն անել ռազմակայանի տարածքում:

    Ուրեմն եթէ ՊԵՏԱԿԱՆ այց ես կատարում, բարի եղիր նախ մայրաքաղաք ժամանել:

    Յուսամ՝ նոյն կերպ էք մտածում,,

    Յ.Գ. Պատկերացրէք՝ ամենաբարձր մակարդակով ինձ հրաւիրեն որեւէ համալսարան, ես էլ ժամանելուն պէս հրաւորողներին արհամարհեմ ու ասեմ՝ չէ ես համացանցում տեսայ, որ այս համալսարանում հայ ուսանող կայ, ես պիտի առաջինը գնամ նրան տեսնեմ:

  2. Maxim says:

    Ես կարծում եմ, որ դավադրությունների և նենգամտությունների հարցում մեր երկրի վերադասը ոչ ոքի չի զիչում,՝ այդ թվում և Յանուկովիչին։ Այնպես որ այդ հարցում անհանգստանալու ոչինչ չկա։

  3. Արման says:

    Պարո՛ն Աբրահամյան, էլի՞ պաշտպանեցիք Ս․ Սարգսյանին։ Ինչքա՞ն կարելի է։
    Այն, որ ասուլիսների ընթացքում ոչ մի բառ հայերեն չէր, դա՞ էլ էր դիվանագիտական էթիկայի մեջ։
    Միշտ կարդում եմ Ձեր հոդվածները և միշտ նկատում եմ այն գիծը, որը չեք անցնում (կամ թույլ չեն տալիս անցնել)։ Զարմանալի է, թե ինչո՞ւ Դուք չկայիք հիշյալ ասուլիսին։ Դեռ չե՞ք վաստակել։ 🙂

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ապրեք, լավ կպցրիք, իմ դիմակը պատռեցիք։ Ձեր սպանիչ հեգնանքն ինձ խորապես խոցեց:

      • Արսեն says:

        Մատչելի գներով վերանորոգում եմ լրագրողների և քաղաքական գործիչների պատռված դիմակներ։ 1 տարվա երաշխիք։ 3-ից ավելի դիմակներ ունեցող լրագրողներին 20% զեղչ..))..

      • Արման says:

        Որևէ կերպ նպատակ չունեի Ձեզ խոցել, ոչ էլ Ձեր դիմակը պատռել (Ձեր բառերն են)։ Ասում եմ այն, ինչ մտածում եմ՝ կարդալով Ձեր հոդվածները։ Շնորհակալություն։

  4. Ալեքսանդր says:

    Մի՟թե կարծում եք, թե Պուտինը Հայստան էր եկել ; Նրա նախորդ տեղափոխությունները Հեռուռու Արևելք և այլ տարածքներ ակնհայտորեն ցույց են տալիս, որ սա հերթական ռազմակայանի այցելություն էր, այստես ասած`отметил территорию`Ռուսաստանը այժմ ամրապնդում է իր բանակը; Եվ սա հեռթական /և երևի վերջին/ ռազմակայանն է .որքան հասկանում եմ` դրանով կավարտվեն նրա շրջագայույթունները; Դրա մասին բացահայտ խոսում է հենց այն, որ նա գնաց Գյումրի: Իսկ Երևան եկավ քաղաքավարությւոնից դրդված, թե չէ շատ անշնորհք կլիներ;

  5. Mariam says:

    Ճիշտն ասած, ինչ-որ տեղ ուրախ եմ, որ այցելեց Գյումրի: Միգուցե դիվանագիտական էթիկայի տեսանկյունից ճիշտ չէր, չեմ կարեղ որևէ բան պնդել, բայց գոնե մեկ օր գյումրեցին էլ իրեն զգաց Հայաստանի մի մաս: Թե չէ Հայաստանը սահմանափակվում է միայն Երևանով, իսկ ավելի կոնկրետ՝ Երևանի կենտրոնով: Եվ ընդհանրապես, կցանկանայի, որպեսզի շատ ավելի միջազգային հանդիպումներ տեղի ունենան մարզերում, ոչ միայն պաշտոնական: Ի վերջո, նույն Ռուսաստանում և աշխարհի շատ երկրներում կաևորագույն միջազգային ֆորումները տեղի են ունենում ոչ միայն մայրաքաղաքներում և ոչ ոք դրանից չի վիրավորվում:

    Հ.Գ. Ես գյումրեցի չեմ և խնդրում եմ որոշ ընթերցողների ինձ չմեղադրել Երևանը կամ երևանցիներին չսիրելու մեջ: Ես առաջին հերթին հայ եմ և սիրում եմ բոլոր հայերին՝ ներառյալ երևանցիներին, գյումրեցիներին, ղարաբաղցիներին…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031