«Ազատություն» ռադիոկայան. Վերաբացված գործավ առաջին դատական նիստին Էրհան Թունջելը հայտարարել է, թե չնայած իր զգուշացմանը՝ ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել սպանությունը կանխելու համար:
Երեքշաբթի օրը տեղի է ունեցել Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության վերաբացված գործով առաջին դատական նիստը: Հարցաքննվել է ոստիկանության նախկին գաղտնի գործակալ Էրհան Թունջելը, ով ձերբակալվել է անցած հոկտեմբերին:
Թունջելն ասել է, թե ինքը ժամանակին զգուշացրել է վերադասին, մասնավորապես՝ Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության բաժնի պետ Ռամազան Ակյուրեքին, որ Հրանտ Դինքի դեմ մահափորձ է նախապատրաստվում, բայց ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել սպանությունը կանխելու համար:
Էրհան Թունջելը, ով մեղադրվում Դինքի սպանությունը հրահրելու մեջ, հայտարարել է, թե ինքը կապ չունի սպանության հետ: «Ես զգուշացրել եմ նրանց: Սպանությունը կարող էր կանխվել», – ասել է նա:
Հրանտ Դինքի ընտանիքի անդամները, փաստաբանները, իրավապաշտպանները պնդում են, որ պետական ապարատը մեղսակից է, կանգնած է «Ակոս»-ի խմբագրապետի սպանության հետևում, քանի որ մինչև սպանությունը Դինքը երկար ժամանակ սպառնալիքներ էր ստանում:
Երեկվա նիստի ընթացքում դատարանի շենքի մոտ ակցիա է անցկացվել:
Քուրդ դերասան Սերմիան Միդյաթը ակցիայի մասնակիցների անունից հայտարարություն է ընթերցել՝ կառավարությանը կոչ անելով չլռել ու չպաշտպանել սպանությունում ներգրավված պետական ծառայողներին:
Էրհան Թունջելը կարող է դառնալ այն օղակը, որի միջոցով հնարավոր կլինի ապացուցել գաղտնի ոստիկանության առնչությունը Դինքի սպանությանը: Թուրքական «Սթար» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել էր իր ձերբակալության օրը, Թունջելն ասել է, թե ժանդարմերիան մեծ դեր է ունեցել Դինքի սպանության գործում:
Բայց ժանդարմերիայի հետախուզության պետ Ռամազան Ակյուրեքին, ում դեմ Թունջելը ցուցմունք է տվել, 2011 թվականին ավելի բարձր պաշտոն է ստացել, ինչը վրդովեցրել է իրավապաշտպաններին:
Իսկ ժանդարմերիայի հրամանատար Ալի Օզիի գործը Ստամբուլի դատարանը անցած շաբաթ որոշեց չմիացնել Դինքի սպանության հիմնական գործին: Նա մեղադրվում է անփութության համար:
Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտվել է անմիջական կատարողը՝ Օգյուն Սամասթը, ով սպանությունը իրականացնելու պահին դեռ անչափահաս էր․ 2011 թվականին նա դատապարտվել է 23 տարվա ազատազրկման:
Եվս մեկ դատավճիռ կայացվել է 2012-ին՝ Յասին Հայալը սպանությունը կազմակերպելու մեղադրանքով դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Հրանտ Դինքի սպանության գործով անցնող մյուս 18 կասկածյալները ազատ էին արձակվել:
Դատարանը որոշել էր, որ սպանությունը դավադրություն չէր, ձևավորված հանցախումբ չկար, ու ազատ էր արձակել 18 կասկածյալներին, այդ թվում՝ Էրհան Թունջելին:
Սակայն այս տարվա մայիսին Թուրքիայի վերաքննիչ դատարանը վերաբացեց գործը, Էրհան Թունջելը նորից ձերբակալվեց, ու արդեն սկսվել է նրա հարցաքննությունը:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է գալիք տարվա հունվարի 7-ին:
«Ակոս»-ի խմբագիր, հայազգի լրագրող 52-ամյա Հրանտ Դինքը Ստամբուլում՝ խմբագրատան դիմաց սպանվեց 2007 թվականի հունվարին:
Հրաչ Մելքումյան