Այսօր ՀՀ վարչական դատարանում, դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանի հայցը Ազգային ժողովի դեմ: Դատական նիստին նշանակված ժամին ներկայացել էր ԻԱԿ-ի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանը: Մինչդեռ, դատական նիստին չէր ներկայացել ԱԺ ներկայացուցիչ Սոնա Թեւանյանը, ինչը առիթ դարձավ, որպեսզի դատական նիստը հետաձգվի եւ նշանակվի դեկտեմբերի 17-ին: Որոշումը կայացնելուց հետո 10 րոպե ուշացումով դատարան ներկայացավ ԱԺ ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ԱԺ ներկայացուցիչը պարտավորվել էր դատարան ներկայացնել այն տեղեկությունները, որոնք հայցադիմումով պահանջել էր կողմը: Նա ի պատասխան Կարեն Մեժլումյանի հարցի՝ հայտնեց, թե ուղարկել է պատասխանները, սակայն այն չէր ստացել ոչ դատարանը, ոչ էլ Կարեն Մեժլումյանը: Երբ Կ. Մեժլումյանը փորձեց լուսանկարել պատասխանը, կողմը դժգոհեց, «մեղադրելով» ԻԱԿ-ի ներկայացուցչին՝ ավելորդ բարդություններ ստեղծելու համար:
Նշենք, որ ԻԱԿ-ը հարցում էր ուղարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. Տեղադրվա՞ծ են, արդյոք, ԱԺ նախագահի կարգադրությունները ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում՝ www,parliament.am-ում, ԻԱԿ-ը խնդրել էր նաեւ ԱԺ նախագահից տրամադրել 2012թ. առաջին կիսամյակի կարգադրությունների պատճենները: Անգամ ԻԱԿ-ը հեռուն էր գնացել, նշելով, թե պատրաստ է վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը:
ԱԺ-ն խախտել էր իր իսկ կողմից ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, համաձայն որի՝ տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան է տրվում այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: ԻԱԿ-ը չէր ստացել ԱԺ-ից պատասխան, կրկնակի հարցում էր արել՝ կրկին խնդրելով տրամադրել վերոնշյալ տեղեկությունները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև