Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը Aravot.am-ի հետ զրույցում պատասխանեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցից հետո հայ- ադրբեջանական հարաբերությունների հնարավոր փոփոխությունների վերաբերյալ հարցերին:
– Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցից հետո Ադրբեջանի հակահայկական տրամադրությունները կփոխվե՞ն դեպի դրականը, թե՞ ավելի կլարվեն, կարծելով, թե Հայաստանը ուժեղանալու միտում ունի:
– Ես նախադրյալ չեմ տեսնում, թե Պուտինի այցից հետո ավելի լավ տրամադրություններ տիրեն այնտեղ, դա ավելի շատ զայրացնում, անհանգստացնում է նրանց՝ հենց զենքի հետ կապված հարցերով: Նրանց էլ ավելի է անհանգստացնում Ռուսաստանի գործոնը:
Կարդացեք նաև
-Հնարավո՞ր է սկսեն զգուշանալ, փոխել իրենց գործողությունների բնույթը, քայլերը:
– Ըստ էության, նրանց գործը հայտարարություններից այն կողմ չի անցնում, հնչում են ռազմատենչ հայտարարություններ ու, փառք Աստծո, դրանք գործի չեն անցնում: Ու չեմ կարծում, թե հետո էլ անցնեն, իհարկե, նման հայտարարություններ դեռ էլի կլինեն, բայց միտում չեմ տեսնում, որ Ադրբեջանում տրամադրություններ կփոխվեն:
– Այս երկու օրերի նրանց լռությունը կարո՞ղ ենք արձանագրել իբրեւ առաջընթաց, որովհետեւ սովորաբար ավելի ակտիվ են լինում նման այցերի պարագայում, թե՞ դեռ չկողմնորոշված վիճակ է նրանց մոտ:
– Ցանկացած հայտարարություն ուղղված է կոնկրետ լսարանի: Հնարավոր է վաղը չէ մյուս օրը այդ հայտարարությունները հնչեն այնպիսի ռանգի մարդու մակարդակով, որը ուղղված լինի կոնկրետ լսարանի, օրինակ՝ փորձագետների մակարդակով, բայց պարտադիր չէ, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը, կամ էլ ուրիշ չինովնիկ հայտարարություն տարածի, մանավանդ որ՝ ռուսներին մեղադրելու առիթ չկա:
-Փաստորեն, Ադրբեջանի հակահայկականությունը չի փոխվի, լավագույն դեպքում ավելի կլարվեն, իսկ ի՞նչ դեր կխաղա ռուսի գործոնը պատերազմական իրավիճակներում:
– Չեմ կարծում, թե փոխվի հակահայկականությունը, գուցե մի փոքր զուսպ լինեն, բայց նրանց հիմնական գիծը երբեք չի փոխվի: Իսկ ռուսի գործոնը որոշակիորեն զսպիչ դեր կխաղա, իսկ պատերազմի գործոնը երբեք բացառել չի կարելի:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ