Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը՝ Հերմինե Նաղդալյանին. «Չարաշահում եք Ձեր դիրքը»

Դեկտեմբեր 04,2013 13:17

Այսօր Ազգային ժողովը հերթական նիստի առաջին 20 րոպեների ընթացքում հասցրեց մի շարք օրենքներ քվեարկությամբ ընդունել:

Մի թեթեւ միջադեպ եղավ «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» երկու նախագծերի քվեարկության ժամանակ: Հիշեցնենք, որ այս նախագծերի ընդունման արդյունքում 2014թ. հունվարից բարձրանալու են կենսաթոշակները:

Վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրելով՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չնայած բազմաթիվ վերապահումներին, ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու այս նախագծին, որպեսզի 10 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցողների թոշակը բարձրանա:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, սակայն նրա խոսքը կիսատ մնաց, քանի որ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը որոշեց, որ Փաշինյանը ոչ թե դիրքորոշում էր արտահայտում քվեարկության դրված հարցի վերաբերյալ, այլ բովանդակային քննարկում էր անում:

ԱԺ փոխնախագահի գործողությանն ընդդիմացան «Ժառանգության» պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը եւ Զարուհի Փոստանջյանը, պնդելով, որ պատգամավորն իրավունք ուներ բացատրել, թե ինչու է այս կամ այն դիրքորոշումը հայտնում:

Իսկ Զարուհի Փոստանջյանը Հերմինե Նաղդալյանին մեղադրեց պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ, եւ ասաց, որ նա իրավունք չունի ընդհատել պատգամավորի խոսքը, առավել եւս՝ ռեպլիկներ անել պատգամավորի հայտարարությունից հետո: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ փոխնախագահը նման ռեպլիկ արեց տիկին Փոստանջյանի ելույթից հետո: «Դա հարիր կեցվածք չէ ոչ կնոջը, ոչ նիստը վարողին»,- հասցրեց ասել Զարուհի Փոստանջյանը, որից հետո նրա խոսափողն էլ տիկին Նաղդալյանը անջատել տվեց՝ հայտարարելով, որ ինքը պահում է ԱԺ կանոնակարգի տառն ու ոգին եւ խախտում չի թույլ տալու:

Այդուհանդերձ, քվեարկությունից հետո, որով, ի դեպ, օրենքն ընդունվեց, պատգամավոր Փաշինյանը հայտնեց իր դիրքորոշումը, ասելով, որ դեմ է քվեարկել, քանի որ այս օրենքի նախագիծը ներկայացնելիս վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել էր, որ դրա ընդունումից հետո 32 հազար մարդ պիտի հաղթահարի աղքատության գիծը, այնինչ երեկ քննարկումների ընթացքում պարզվեց, որ այդ 32 հազարը ոչ թե աղքատության, այլ՝ ծայրահեղ աղքատության շեմն են հաղթահարելու: Ծայրահեղ աղքատության շեմը մեզ մոտ համարվում է 21 700 դրամը, իսկ աղքատության շեմը՝ 38 հազար դրամը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031