Լրահոս
Օրվա լրահոսը

«Գույք պարտքի դիմաց»-2՝ հանուն Մաքսային միության

Դեկտեմբեր 04,2013 12:58

Կամ՝ հայ-ռուսական «բարեկամություն»՝ հանուն իշխանության պահպանման

Վիլնյուսի գագաթնաժողովից օրեր անց Հայաստան ժամանեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Արձանագրելով Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը սեպտեմբերի 3-ից հետո՝ Պուտինը կարծես փորձեց «պարգեւատրել» հայ ժողովրդին ու ՀՀ իշխանություններին իր մեկօրյա՝ ձգձգված այցով:

Պուտինի նպատակը, սակայն, այլ էր… Հայաստանի Հանրապետության տարածքում նա արձանագրեց այսօրվա Ռուսաստանի մտադրությունները. «ՌԴ-ն Անդրկովկասից հեռանալու մտադրություն երբեք չի ունեցել, հակառակը՝ մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերն Անդրկովկասում՝ հիմնվելով այն լավագույնի վրա, որ մեզ է փոխանցվել մեր նախնիներից»,- ազդարարեց Պուտինը Գյումրիում: Պուտինի խոսքով՝ Սերժ Սարգսյանն ասել է, թե հայաստանցի փորձագետները, տնտեսագետները հաշվարկել են բոլոր օգուտները եւ հնարավոր առավելությունները ինտեգրացիոն միության շրջանակներում այս սերտ համագործակցությունից եւ կատարել են իրենց ընտրությունը: «Դա Հայաստանի ժողովրդի եւ հայաստանյան ղեկավարության սուվերեն ընտրությունն է»,- ընդգծել է Պուտինը՝ ակամայից նպատակ ունենալով ցրել այն կասկածները, որ իշխանություններն այդ քայլի են գնացել ճնշումների ներքո:

Թե տնտեսագետների ու փորձագետների որ հաշվարկներն են այդպես հույս ներշնչել իշխանություններին՝ առայժմ պարզ չէ, ավելին՝ որոշ տնտեսագետների ու փորձագետների հաշվարկներով՝ Հայաստանին թանկացումներ են սպասվում ՄՄ-ին անդամակցելուց հետո: Երեկվանից իշխանական էլիտայի ներկայացուցիչները խոստանում են, որ Հայաստանի հասարակ քաղաքացին «իր մաշկի վրա կզգա» Պուտինի այցի դրական արդյունքները, եւ պարզաբանում են, որ Պուտինի այցով վերահաստատվեց Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցությունը:

Արդյոք հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը խարխլվե՞լ էր, եւ ՀԱՊԿ շրջանակներում հայ-ռուսական փոխգործակցությունն այլեւս որեւէ արժեք չունե՞ր… Այնպես որ՝ պետք է հանուն արդարության գոնե նշել, որ Պուտինը վերջապես եկավ Հայաստան, որովհետեւ Հայաստանը հրաժարվեց ԵՄ Ասոցացման համաձայնագրից: Ավելին՝ դեկտեմբերի 2-ին ավելի պարզորոշ երեւաց, թե ինչու է Հայաստանը հրաժարվել ԵՄ Ասոցացման համաձայնագրից:
Հայաստանը Ռուսաստանին է վաճառում «ՀայՌուսգազարդ»-ում իր վերջին 20 տոկոս բաժնեմասը: «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտնեց նաեւ, որ ռուսական գազը այսուհետ Հայաստանին կվաճառվի Ռուսաստանի ներքին գներով, բայց հստակ չէ, թե հատկապես որ ներքին գնով:

Բայց արդյոք հասարակ սպառողները զգալո՞ւ են գնային տարբերություն… Պարզվում է՝ ոչ: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը երեկ պարզաբանել է, որ ՀՀ կառավարությանը պատկանող մասնաբաժինը ռուսական կողմին փոխանցվել է՝ «փոխհատուցելու համար գազի գնի այն տարբերությունը», որը գոյանում էր սահմանի վրա հաշվարկվող մատակարարման գնի եւ սպառողի համար հաշվարկված գնի միջեւ: Արդյունքում՝ թեեւ ՌԴ-ն համաձայնություններով զրոյացնում է գազի արտահանման մաքսատուրքը, այսինքն՝ Հայաստանն այսուհետ ձեռք կբերի բանակցված սակագնից մոտ 30 տոկոսով էժան, բայց Հայաստանի տարածքում իրացման սակագները չեն վերանայվի:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից էլ հայ-ռուսական բանակցությունների ավարտին հետաքրքրվել էին՝ արդյոք այդ 20 տոկոսը փոխհատուցո՞ւմ էր գազի գնի 30 տոկոս սուբսիդավորման դիմաց: «Ոչ: 20 տոկոսը տալու գաղափարը մի կողմից՝ փոխհատուցումն էր նախկին, գոյություն ունեցող պարտքերի, մյուս կողմից՝ ինչպես ասացի, որպեսզի գինը եւ շահագործման որակը համապատասխանեն ընդհանուր ստանդարտներին»: Իսկ երբ նրան հարցրել էին, թե որքա՞ն էր կազմում գոյություն ունեցող պարտքը՝ նախարարը պատասխանել էր. «155 միլիոն դոլար»:

Դեկտեմբերի 2-ին Երեւանում տեղի ունեցածը համարվում է «պատմական նվաճում» ու «դարի գործարք»: Ու որեւէ մեկը հարց չի բարձրացնում՝ իսկ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում այսպիսի գործարք հնարավոր չէ՞ր կնքել ռուսական կողմի հետ, կամ՝ ի՞նչը կարող էր խոչընդոտել, որպեսզի հայկական կողմը նվիրաբերեր ռուսական կողմին «ՀայՌուսգազարդ»-ում իր վերջին 20 տոկոս բաժնեմասը մինչեւ սեպտեմբերի 3-ը, ու այդ գործարքը կնքվեր՝ բացառապես հիմք ընդունելով հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները: Չէ՞ որ ՀՀ իշխանություններն առաջին անգամ չեն Հայաստանի հասարակությանը մատուցում «Գույք պարտքի դիմաց» գործարքներ:
Ուրեմն այս գինն են վճարել ՀՀ իշխանությունները սեպտեմբերի 3-ից սկսած՝ դեկտեմբերի 2-ով վերջացրած: Կարո՞ղ էին նրանք վարվել այլ կերպ… Հազիվ թե: Դա գուցե նրանց իշխանության կորո՞ւստ արժենար…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. կայծակ փալանճեան says:

    Զարմանում եմ, միթէ մերոնք չէին կարող նախ յետաձգել պարտքը մինչեւ մի ուրիշ ելք գտնւէր…օրինակ, շատ քաղաքավարօրեն բացատրել որ մենք Ի ՎԻՃԱԿԻ ԿԸ ԼԻՆԵՆՔ ԱՅԴ ԵՒ ՆՄԱՆ ՊԱՐՏՔԵՐ ՎՃԱՐԵԼ եթէ Մեծն Ռուսաստան Քսան երկու տարի ուշացում ից յետոյ…արնւազն հիմայ, օգներ Հայաստանին( հապաղումով իսկ)այո ՀԻՄԱՅ ՎԵՐԱԲԱՑԷՐ ՍՈՎԵՏԻ ՕՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՒԱԾ հսկայ Գործարանները…Նոր կարգ ու սարգով….Իբր ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԵՐ ՏՒԱԾ ԵՐԿՈՒ ՀԱՐԻՒՐ ՀԱԶԱՐԻՑ ԱՒԵԼԻ ԶՈՀԵՐԻ:Չէ որ մենք եղել ենք ՀԱՒԱՏԱՐԻՄ ԴԱՇՆԱԿԻՑ…այն էլ մի փոքրիկ հանրապէտութիւն:
    Մէտալներ Այո Պաժալստա-եթէ կուզեք ձեզ վերադարձնենք եթէ այդքան ԹԱՆԿ ԵՔ ԴՈՒՔ նոյներ գնահատում…….
    Մենք բարը ժողովուրդ ենք բայց ոչ այլեւս ՊԱՐԶ….
    Ամենայն Յարգանքով
    Կայծակ Փալանճեան

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031