Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ունենա՞նք, որ Ռուսաստանում հայ միգրանտների նկատմամբ վերաբերմունքր կփոխվի. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 04,2013 12:11

Կարո՞ղ ենք գոնե թեթեւացած շունչ քաշել՝ համարելով, որ ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը մեզ կօգնի։ Հայ լրագրողներից մեկն ասուլիսի ժամանակ Պուտինին այդպիսի հարց ուղղեց, բայց կոնկրետ պատասխան չստացավ։ Այսինքն՝ այս իմաստով Ռուսաստանի դիրքորոշումր չի փոխվել. ամեն ինչ ճիշտ այնպես է, ինչպես մի քանի տարի կամ մի քանի ամիս առաջ։ Այսինքն, Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ոչինչ չի փոխել։

Կարող են առարկել՝ բայց չէ՞որ սրանից հետո Հայաստանը կարող է, որպես ՀԱՊԿ անդամ, զենք գնել Ռուսաստանի ներքին գներով։ Միանգամայն ճիշտ է, բայց մյուս կողմից էլ՝ չէ՞ որ Հայաստանն արդեն քսան տարի է ՀԱՊԿ անդամ է, հետաքրքիր է՝ մինչեւ հիմա ի՞նչ գներով էր զենք առնում Ռուսաստանից։ Ամեն դեպքում՝ այս հարցում, թեեւ ոչ կոնկրետ, բայց ինչ-որ դրական  տեղաշարժ  կարելի  է ակնկալել:

Կարո՞ղ ենք հույս ունենալ, որ «նոր իրավիճակում» կմեծանա Հայաստանի դերը՝ որպես կապող օղակ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ։ Հայ լրագրողներից մեկն ասուլիսի ժամանակ գիրկապ անելով մի կերպ այդպիսի մի հարց տվեց Պուտինին, բայց վերջինիս պատասխանր, մեղմ ասած, հուսադրող չէր։

Դրա իմաստը հետեւյալն էր՝ Հայաստանի տարածքով նման կապ ապահովելը տեսականորեն հնարավոր է, բայց ֆինանսական առումով խնդիրներ կան, ավելի լավ է օգտագործել այն կոմունիկացիաները, որոնք գործում էին խորհրդային տարիներին։ Պարզ ասած՝ նոր երկաթգիծ կառուցելու «զահլա չկա», պետք է օգտագործել արդեն գոյություն ունեցող երկաթուղին, որն անցնում է Հայաստանով եւ Ադրբեջանով։ Իսկ դա հնարավոր է միայն մի դեպքում՝ եթե ղարաբաղյան խնդիրը կարգավորվի, ընդ որում՝ կարգավորվի այնպես, որ Ադրբեջանը գոհ մնա (Հայաստանի «գոհ մնալն» արդեն կարեւոր չէ, որովհետև մեր երկաթուղային ցանցն արդեն Ռուսաստանն է տնօրինում): Պարզ ասած՝ կոմունիկացիաների հարցում նույնպես ակնկալիքներ ունենալ չարժե։

Պե՞տք է արդյոք ակնկալել, որ կտրուկ կավելանան ռուսական ներդրումները Հայաստանում։ Տեսականորեն՝ այո։ Բայց մյուս կողմից էլ, նրանք ներդրումներ անող լինեին՝ իրենց անծայրածիր տարածքներում կանեին։ Ավելի հավանական է, որ հայկական ընկերությունները կսկսեն ներդրումներ անել Ռուսաստանում։ Ամեն դեպքում՝ ինչ-որ աշխուժություն հաստատ կսկսվի։

Հույս ունենա՞նք, որ Ռուսաստանում հայ միգրանտների նկատմամբ վերաբերմունքր կփոխվի։ Միանգամից ասենք՝ էական սպասելիքներ ունենալ չարժե։ Միգրանտների նկատմամբ բացասական վերաբերմունքը հիմնականում ձեւավորվում է իշխանական ամենաստորին օղակներում եւ ազգայնական շրջանակներում, իսկ նրանց համար առանձնապես նշանակություն չունի՝ դիմացինը հա՞յ է, թե տաջիկ կամ ադրբեջանցի։ Ամեն դեպքում՝ ինչ-որ փոփոխություն գուցեեւ լինի (փաստաթղթերի տրամադրման առումով):

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031