Առաջիկա րոպեներին Ազգային ժողովում քվեարկվելու է 4 խմբակցությունների ներկայացրած նախագիծը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու մասին: Այդ նախագիծը ներկայացրած պատգամավորներին սատարելու համար այս պահին ԱԺ-ի դիմաց են հավաքվել տասնյակ քաղաքացիներ՝ «Ստոպ պարտադիր դրամահավաքին», «Դեմ եմ պարտադիրին» ցուցապաստառներով ու դրոշներով:
«Սա հակասահմանադրական օրենք է, այն վատացնելու է մարդկանց սոցիալական վիճակը եւ պետությունը չունի երաշխիքներ այդ գումարների համար: Պետությունը չունի ռեզերվ արած գումարներ, որոնցով մեր փողերը կերաշխավորվեն եւ մենք չենք հավատում նրանց պնդումներին, թե ունեն երաշխիքներ: Մենք չենք հավատում պետության երաշխիքներին, դրանք չունեն հիմնավորումներ»,- ասաց Հայկ Ավետիսյանը:
Այս պահին նա հավաքվածներին հորդորում է զանգել իրենց ընկերներին, գործընկերներին եւ բոլորին կանչել այստեղ: Նա նաեւ ասաց, թե չի բացառվում, որ կախված քվեարկության արդյունքներից՝ իրենք դիմեն կտրուկ քայլերի, ընդհուպ՝ մինչեւ փակեն փողոցը:
Այս պահին հավաքվածները միաձայն կրկնում են՝ «Դեմ ենք պարտադիրին»:
Կարդացեք նաև
Ակտիվիստները պնդում են, որ նախագծի առաջիկա քվեարկությամբ հարցի լուծումը չի ավարտվելու: Իրենք գնալու են մինչեւ վերջ եւ իրենց պահանջներին հասնելու են թեկուզ իրավական այլ ճանապարհով:
Ակտիվիստների կարծիքով՝ թվաքանակը մեծ դեր է ունենալու իրենց պահանջների լուծման հարցում: «Չկա ուրիշը, մենք ենք եւ մենք պետք է լուծենք մեր հարցերը: Պետք չէ հիասթափվել, մենք գնալու ենք մինչեւ վերջ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարգելի ժողովուրդ հիմա մենք ԱԺ-ի դիմաց ձեր կարիքն ունենք. Ով կարդում է ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
տարածել շտապ