Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացական «դեսանտ» Կիևում

Դեկտեմբեր 04,2013 12:04

«Ազատություն» ռադիոկայան. Վրացական «դեսանտը» ժամանում է Կիև․ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները մեկնել են Ուկրաինայի մայրաքաղաք` իրենց աջակցությունը հայտնելու ուկրաինական ընդդիմությանը:

«Երկուշաբթի երեկոյան Ազգային միացյալ շարժման անդամների առաջին խումբը ժամանեց Կիև», – տեղեկացնում է «Նովոստի – Գրուզիա» գործակալությունը` մեջբերելով «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ղեկավար Դավիթ Բաքրաձեի խոսքերը․ – «Մենք չենք պատրաստվում որևէ կերպ միջամտել Ուկրաինայում ծավալված քաղաքական գործընթացներին: Մեր գործընկերների նպատակն է բարոյական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի ժողովրդին` անելով հնարավորը, որպեսզի Ռուսաստանը չմեկուսացնի այդ երկիրը Եվրոպայից: Մենք պետք է հստակ ըմբռնենք, որ Վրաստանի ճակատագիրն այսօր վճռվում է Կիևում»:

Վրացական մամուլում, ի դեպ, տեղեկություններ հայտնվեցին, որ Կիևում է գտնվում նաև Վրաստանի նախկին նախագահը: Վրացական ընդդիմությունը, սակայն, այս տեղեկությունները չի հաստատում: Հայտնի է միայն, որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Սաակաշվիլին լքել է Վրաստանը: Նախկին նախագահի գտնվելու վայրի մասին առայժմ հստակ տեղեկություններ չկան: Միակ հավաստի տեղեկությունն այն էր, որ կիրակի օրը, երբ Կիևում կատաղի բախումներ էին, Սաակաշվիլին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում էր, որտեղ հանդիպում էր տեղացի մի շարք քաղաքական գործիչների հետ:

Ինչ վերաբերում է վրացական իշխանություններին, ապա նրանք ևս ակտիվորեն հետևում են Ուկրաինայում ծավալված իրադարձություններին: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին թեև բավական զգուշավոր էր, այնուհանդերձ, դժվարությամբ կարողացավ թաքցնել իր համակրանքը Եվրոմայդանի մասնակիցների հանդեպ:

«Մեր ցանկությունն է, որպեսզի ուկրաինացի ժողովուրդը կարողանա իրացնել ազատ ընտրության իր իրավունքը: Հուսով եմ, որ Կիևում ծավալված բոլոր գործընթացները խաղաղ ավարտ կունենան: Այն ամենը, ինչ կատարվում է, Ուկրաինայի ներքին գործն է, բայցևայնպես, երբ հարցը ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին է՝ մենք միանշանակորեն այն մարդկանց կողքին ենք, ովքեր պայքարում են հանուն Սահմանադրության և ժողովրդավարական արժեքների», – հայտարարեց Ուսուպաշվիլին:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն էլ այսօր կժամանի Կիև` մասնակցելու ԵԱՀԿ-ի ամենամյա նախարարական հավաքին: Ուկրաինա մեկնելուց առաջ Փանջիկիձեն քննադատեց Յանուկովիչի կառավարությանը` բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման համար:

Դրա հետ մեկտեղ, Վրաստանի արտգործնախարարը համաձայն չէ այն պնդումներին, թե Վրաստանի եվրոպական ապագայի ճակատագիրը վճռվում է Կիևում: «Ես կարող եմ հաստատապես ասել, որ Վրաստանի կատարած եվրոպական ընտրության վրա որևէ գործոն այլևս ներազդել չի կարող, այդ թվում՝ Կիևում տեղի ունեցող իրադարձությունները», – հայտարարեց Մայա Փանջիկիձեն:

Գեւորգ Ստամբոլցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031