Առաջարկում եմ մեր իշխանություններին հրապարակել բանակցված այն տեքստը, որը մենք ունեինք ու որը համաձայնեցվել էր նախաստորագրման համար։ Անիմաստ է այն արդեն թաքցնելը, հատկապես, երբ մոտ ապագայում սպասվում է նմանատիպ փաստաթղթի ստորագրում Մաքսային միության անդամ պետությունների հետ։
Գոնե համեմատելու բան կունենանք։ Կհամեմատենք՝ մի քիչ կբարկանանք, մի քիչ կչարանանք, ֆեյսբուքներում մի երկու ստատուս կգրենք, օրաթերթերը մի քանի համար ավելի հեշտ կփակեն, Հանրայինը կկարողանա Մաքսայինի հետ սպասվող տեքստը ավելի պայծառ լույսի տակ ներկայացնել, ԱԺ-ում մի քանիսը շոու կսարքեն, յութուբներում նրանց ելույթների ձայնագրությունները կտարածվեն, մի երկու վերլուծաբան մի երկու թիվ կհիմնավորի, մյուսները ուրիշ թիվ կհիմնավորեն, մի երկու սոցհարցում կլինի, կպարզվի, որ մենք ազգովի դարերի խորքից պարտական ենք հյուսիսային ինչ-որ ազգերի (ասես «թավան» լինի, որը հնարավոր էլ չէ փակել), մի քիչ կհրճվենք (երբեմն՝ հորթային), մթնոլորտն ավելի կգաղջանա։ Մի կես տարի այս ընթացքում կանցնի։ Ձմեռը հեշտ կանցնի, գարնան հետ բնությունը կխոսի, մարդիկ այլ բաներով զբաղված կլինեն, ամռանը ալարկոտ մի հոգնություն կիջնի երկրիս վրա, աշունն էլ հերթական թեժը կլինի, ինչպես միշտ է լինում։ Դրանից հետո էլ մի բան կլինի, էդպես չի մնա, դարդ մի արեք։
Ու ազգով կրկին կտրվենք ընթացքին։ Խոհանոցներում մի քիչ կբզբզանք, խորովածի մանղալի շուրջ էլ կբզբզանք, խաշի շուրջ չի ստացվի, քուններս շուտ կտանի, համ էլ միտքը իջած կլինի ստամոքս, նույնիսկ սիրուն կենացներ չեն ստացվի, ռուսաստաններում կբզբզանք, ում բախտը բերի՝ եվրոպաներում ու ամերիկաներում. մի կյանք է, շատ չէ, կանցնի։ Գլխավորը՝ ուրիշները ուրիշներին չթողնեն որ մեզ ջարդեն։ Մնացածը լուծվելիք հարցեր են՝ նախագահականում հաստատ ծանոթներ կունենաք։
Ասոցացման մասին համաձայնագրի տեքստը, մոլդովականը, ընդամենը 6,7 մեգաբայթ էր։ Չափման այլ միավոր այս պահին չունենք, ափսոս։ Ինչո՞վ չափել։ Չնայած կարելի է նաև էջերի, բառերի, նաև տառերի քանակով՝ ներառյալ կամ առանց բացատների։
Մարատ Յավրումյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ» թերթի այսօրվա համարում