Դեկտեմբերի 3-ին Վիտամին ակումբում տեղի ունեցավ «Հաշմանդամների միջազգային օրվան» նվիրված համերգ, որին մասնակցում էին մի շարք հայ երգիչ-երգչուհիներ՝ Արամե, Անահիտ Սիմոնյան, Աիդա Սարգսյան, Քրիստինե Պեպելյան, Միհրան Ծառուկյան, Արմինկա և այլք:
Համերգի կազմակերպիչ «Էխո» աջակցման կենտրոնի նախագահ Սերյոժա Օհանջանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառումը ունի միայն մեկ նպատակ, որն է՝ հաշմանդամ երեխաների աչքերում երջանկություն տեսնել: Նա նաև նկարագրեց դահլիճում ստեղծված մթնոլորտը. «Այստեղ հաշմանդամ երեխաներն իրենց ազատ և անկաշկանդ են զգում և իրենց ծնողների հետ փորձում են ուրախանալ»:
«Էխո» հասարակական կազմակերպությունը արդեն վեցերորդ տարին է, ինչ միջոցառումներ է կազմակերպում «Հաշմանդամների միջազգային օրվան» նվիրված: Սերյոժա Օհանջանյանի խոսքերով՝ անցած տարվա համերգը տեղի է ունեցել Մասիս քաղաքում, քանի որ Երևանում նման մի համերգ էր կազմակերպված: Իսկ այս տարի ևս չեն մոռացել մարզաբնակ հաշմանդամներին և հրավիրել են իրենց համերգին:
Երգիչ Արամեն Aravot.am-ին խոստովանեց, որ արդեն մի քանի տարի է կատարում է բարեգործություններ և խուսափում է կոմերցիոն համերգներից.
«Այս դեպքում, երբ իմացա՝ լինելու է փակ համերգ ու ոչ մի տոմսային երևույթ չկա, ես համաձայնեցի, առավել ևս՝ ունեմ ժամանակ և Երևանում եմ: Ինձ համար հաճելի է, եթե կարողանամ գոնե 10 րոպեով մարդկանց օգտակար լինեմ. ինձ բավական է, որ հաշմանդամ երեխաները հասկանան, որ իրենք մերժված չեն»:
Համերգը եզրափակվեց հրավառությամբ և հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին նվերների հանձման արարողությամբ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ