«Ամերիկայի Ձայն».ԼՀՂ-ի Ազգային ժողովի խոսնակը հորդորել է Ադրբեջանի ղեկավարությանը մեկնարկել կառուցողական երկխոսություն՝ միաժամանակ նշելով բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղի վերադարձի կարևորության մասին
ԱՄՆ-ի Կոնգրեսում դեկտեմբերի 3-ի երեկոյան անցկացվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից կազմակերպված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:
Միջոցառումը կազմակերպվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության հետ համատեղ:
Միջոցառման ընթացքում ԼՂՀ-ի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ի Կոնգրեսում միջոցառումը կազմակերպելու համար, իր ելույթում խոսել է վերջին 22 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի կողմից գրանցած առաջընթացի մասին:
ԼՀՂ-ի Ազգային ժողովի խոսնակն իր խոսքում հորդորել է Ադրբեջանի ղեկավարությանը մեկնարկել կառուցողական երկխոսություն՝ միաժամանակ նշելով բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղի վերադարձի կարևորության մասին:
Կարդացեք նաև
Լեռնային Ղարաբաղի անկախությանը նվիրված միջոցառմանը, որի ամենամյա անցկացումն ավանդական է դարձել 2006 թվականից, իրենց խոսքով դիմել են ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախագահ Ֆրենք Փալոունը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, միջոցառման այլ մասնակիցներ:
Միջոցառմանն իրենց ուղերձով հանդես են եկել նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյան և ԼՀՂ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը:
Արմեն Հովհաննիսյան, Արսեն Խառատյան