Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավելի լավ է ձյուն գա, քան Պուտինը․ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2013 21:27

Եթե քրոջս բերման չենթարկեին, ի՞նչ էի իմանալու, որ Շահումյանի ոստիկանության բաժնում դրես կոդ կա…

 

– Քույրդ հեծանիվո՞վ է դուրս եկել, – հեռախոսով հարցրեց մայրս ու իմանալով, որ՝ ոչ, ավելի անհանգստացավ, թե բա ինչու՞ հեռախոսին չի պատասխանում:

– Ուրեմն, բերման են ենթարկել, – կատակս արեցի, անցա մի քանի պուտինապատում էլ նայելու՝ ՀՀ վարչապետի ռուսերեն ճառը ԿԳԲ-ի շենքի մոտ, ազատության մարտիկ Նալբանդյանի արձանի դիմաց, հենց իր անվան փողոցում, դարավոր բարեկամության պատվին մի խաչի վրա հենված երկու տխրադեմ կանանց հուշարձանի բացմանը. ոնց որ հայերին ու ռուսներին խաչն է մերձեցնում, ոչ թե Ս-300-ները: Կամ գոնե խողովակի վրա հենված լինեին, վրան էլ՝ հայрусгазարդ փորագրած (հետո, երբ տեսա Գյումրիի եկեղեցու գմբեթի դիպուկահարներին, ամեն ինչ տեղն ընկավ): Նայեցի սենսացիոն լուրը, որ Պուտինը պաչիկով չի բարևել Սարգսյանին, լսեցի ՌԴ նախագահի վճռականությունը Հարավային Կովկասում ամրապնդվելու մասին, տեսա՝ ոնց են ծանոթ-անծանոթ դեմքերը Պուտինի դեմ կարգախոսներ գոռում ու այդ իսկ պատճառով ոստիկանության դժգոհությանն արժանանում, իմացա, որ նույն բողոքի ցույցում Պուտինի դեմ ռազմիկները պուտինյան ոգով ընդհարում են ունեցել ԼԳԲՏ-ի դրոշը բռնած մյուս ռազմիկների հետ ու շարժվեցի ավտոկայարան, որ գնամ Եվրոինտեգրման պայմանագրերը նախաստորագրած Վրաստան՝ հինգ ժամ ճանապարհ հայ-ռուսական խաչա՞ձև, թե՞ գազաձև բարեկամության մասին մտածելու համար:

Բայց ռուսաստանյան այցի անհարմարությունները շարունակվեցին: Քաղաքապետարանից ավտոկայարան տանող ճանապարհը փակ էր: Լավ, Հրազդանի կիրճով կգնանք, իսկ ընթացքում տաքսու վարորդը կպատմի, թե ինչ հզոր երկրի նախագահ է մեզ հյուր եկել, իսկ երբ հայտնաբերենք, որ մեր բռնած ճանապարհն էլ է փակ, էդ ժամանակ թե Ռուսաստանի, թե Հայաստանի նախագահները կնվաստանան վարորդի խոսքերում:

– Ժամը տասներկուսից փակ ա, – խցանման մեջ երևի վաղուց կանգնածներից մեկը փոխանցեց: Արդեն ժամը հինգն էր, ուրեմն օդանավակայան գնացող ճանապարհը հինգ ժամ փակ է եղել: Ու աչքիս դիմաց եկավ ոստիկանության հաղորդագրությունը, թե ոնց են նրանք անհանգստանում մարդկանց սահմանադրական իրավունքներով, մեքենաների բնականոն երթով, ու ով համարձակվի խոչընդոտել այն՝ պետք եղած տեղը բռնի ուժով հախներից կգան:

Լավ, ի՞նչ անես: Սպասես՝ մեր տղաները Գյումրիից հե՞տ գան, թե՞ բեռդ վերցնես, ոտքով ու վշտով Հրազդան մարզադաշտից հասնես ավտոկայարան: Դա ավելի բարդ հարց է թվում, քան ռուս-հայկական բարեկամության ընկալումը: Հարցի պատասխանը գտնելուս օգնության հասավ քույրս:

– Քրոջդ տարել են ոստիկանություն, – մայրս զանգեց, ասաց: Կատակս մարգարեացավ, Թիֆլիս մեկնելս էլ մնաց հաջորդ օրվան: Բայց Բյուրակնին ինչո՞ւ պիտի տանեին բաժին, ինքը ցույցերի խաղաղ բնույթի կողմնակից էր կարծեմ: Էն էլ ու’ր են տարել՝ Շահումյան, գոնե էնպես բերման ենթարկվեր, որ Գնունի տանեին, փակ փողոցների օրը ոտքով կհասնեի:

Տաքսու վարորդը Երրորդ մասի խցանումներից խուսափելու համար նախընտրեց Բաղրամյանով գնալ: Իսկ երբ հասանք Դեմիրճյան խաչմերուկին՝ տեսնելով, որ վերևը փակ է, ասաց. «Ասա, դե պալատդ քաղաքից դուրս դիր, հանգիստ քշենք»: Մինչ կրիաաձև տեղաշարժով փորձում էինք Պռոշյանից շրջանցել նախագահականը, վարորդը հիշեցրեց, որ Պուտինը խիզախ մարդ է. «Էսքան թիկնապահներ, որ պահում ա, էդ հեչ: Բայց 2004թ. չեչենները իրա գլխի համար ահագին փող էին առաջարկել: Մենակով գնաց մտավ Գրոզնի, մեն-մենակ»: Խիզախ է, խիզախ չէ, բայց երբ հասանք Շահումյանի բաժին տեսա՝ մայրս դուրսը կանգնած սառում է՝ չեչենների հախից եկած նախագահի այցի կապակցությամբ:

27 հոգի միայն բերել էին այդ բաժին, ընդհանուր բերման էր ենթարկվել 110 հոգի: Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով, 500 հոգի էր մասնակցում ցույցերին, հայկականով գրում են մի քանի հարյուր: Համեմատելու համար՝ հոկտեմբերին ներգաղթյալների դեմ Մոսկվայի Բիրյուլովոյում տեղի ունեցած բախումների ժամանակ, երբ ռուսները խանութներ էին ավերում, հազարավոր մարդկանցից բերման էր ենթարկվել 380-ը, իսկ դեկտեմբերի երկուսին կարծես ոչ մի ապակի չի կոտրվել, ոչ մի ոստիկան չի տուժել, բայց բերման ենթարկվածների հարաբերակցությունը շատ չի տարբերվում: Այդ ինչպե՞ս: Գուցե բնականոն երթին իրո՞ք պետությունը չէր խոչընդոտում, այլ քույրս:

– Բյուրակ, ձեզ ինչո՞ւ են բռնել, – հեռախոսով հարցնում եմ, մինչ սպասում ենք, որ լրանա խոստացված կամ օրենքով նախատեսված երեք ժամը:

– Բաղրամյանով իջնում էինք, որ երթուղային նստենք, տուն գանք: Մեկ էլ Ազգային Ժողովի մոտ հետևներիցս էկան բռնեցին, ասեցին նստեք մեքենան, ես էլ նստեցի: Ցույցի մեջ չէինք, ցույցը դրանից առաջ հրապարակի մոտ էր: Էստեղ մարդիկ կան, որ ցույցի հետ ընդհանրապես կապ չունեն: Ռիկն էլ ա ստեղ:

Ռիկը հոլանդացի հայագետ է: Գիտական թեզը հայկական ռաբիսի մասին էր գրել: Հնարավո՞ր է, որ հաջորդ աշխատանքը Եվրասիական ապագա միությունում ոստիկանական համակարգի մասին գրի, համենայն դեպս, առաջարկեցի:

Բացի իրենից բերման էին ենթարկել ևս երկու օտարերկրյա քաղաքացու՝ ԱՄՆ-ի ու Կանադայի, բայց երկուսն էլ հայ: Ռիկը հայ չէ:

ԱՄՆ-ի քաղաքացի Րաֆֆիին հատկապես դուր չէր եկել, որ ոստիկանությունում ասել էին՝ ուրիշ երկրի քաղաքացի ես, ի՞նչ գործ ունես տեղական պայքարի հետ. «Ի՞նչ կապ ունի, ես հայ եմ», – վրդովվում էր Րաֆֆին:

Շահումյանում կային նաև երկու կին, որոնք որևիցե կապ չունեին ցույցերի հետ, ինչպես նաև մեկ ոչ ակտիվիստ լրագրող: Ձկնորսների պես ոստիկանությունը ցանցը գցել էր ջուրը՝ ինչ դուրս գա, դուրս գա, հետևներից էկողներն էլ թող դրսում սառեն: Չէ՞ր կարող Պուտինը մի քանի ամիս շուտ գալ, թե՞ պարտադիր էր Ալեքսանդրապոլի պայմանագրի կնքման օրը հայերին մրսացնելը:

Չնայած դուրսը չմնալու հարցը միառժամանակ հարթվեց, թույլ տվեցին ներսում մնալ, բայց մի տղայի կոպտորեն դուրս հրավիրեցին՝ մարզական հագուստի համար: Գուցե ոստիկանության հաջորդ բարեփոխումը բերման ենթարկված սպորտային համազգեստ կրողներին համապատասխան հագուստով ապահովե՞լը լինի: Իսկ բերման ենթարկվածները կարծես թե ուրախ էին ու զվարթ, ցույցը շարունակում էին ոստիկանության շենքում՝ իրենց հատկացված քարտուղարի սենյակում՝ «ազատ, անկախ Հայաստան» գոռալով ու հավանաբար իրենց սպասողներին ուղղված երգով՝ «որքան էլ, որ դժվար լինի դի-մա-ցեք»: Վարակիչ ուրախությունն  ինձ էլ կպավ, մտքիս մեջ հիշեցի Հախվերդյանին՝ «Ինձ մի փնտրիր դու ոստիկան, ես «Բաղրամյանում» չեմ ես չկամ»: Բայց ուրախությունն ավարտվեց, երբ լրացավ երեք ժամը, իսկ բաց թողնելու նշույլներ դեռ չկային: Բերվածները սպառնում էին, որ կլքեն ոստիկանության շենքը, բայց միայն սպառնում էին:

Ի վերջո Բյուրակնին տարան վերև՝ հարցաքննության, ու քրոջը սպասելիս ևս մեկ ժամ անց, որն ընդհանուր առմամբ կազմեց հինգ ժամ անազատություն, «հանցագործն» իջավ՝ վրան վարչական գործ հարուցած: Ու ոչ մի կերպ չես կարողանում  հասկանալ, թե ինչն է խախտել, ու ինչու է նրան 50 հազար դրամի տուգանք սպառնում: Եթե ոստիկանի միակ պահանջը՝ մեքենան նստելը, կատարել է առանց դիմադրության, ուրեմն անպայման կբողոքարկի, բայց դրա համար պիտի սպասեր հարցաքննության պատճենին և «քրոջը սպասելիսը» դարձավ «պատճենին սպասելիս», բայց այս անգամ, պատճենն իրոք չեկավ, թեև բերվածների փաստաբանը վստահեցնում էր, որ ներսն ասել են՝ շուտով կտան: Բերվածներն էլ այդ ընթացքում հասցրին իրենց «չափն անցնել»՝ (այդպես ասաց մի ոստիկան) բաժանմունքի դիմաց Ուկրաինայի դրոշը ծածանելով ու իրավապահներին անընդմեջ հարցնելով, թե երբ պատրաստ կլինեն պատճենները:

Այս տողերն արդեն գրում եմ Թիֆլիսից, այսօր ճանապարհը բաց էր, թեպետ Սևանում ձյուն էր գալիս, կուզեմ ասել, ավելի լավ է ձյուն գա, քան բարեկամ երկրի նախագահ:

Հովհաննես Իշխանյան

Տեսանյութը՝ Epress. am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Hakob says:

    ճաշ կերա՞ծ ես, որդյակս 🙂

  2. Վահան Վանական says:

    Շատ Լավ, Վտարե՞նք,

    Եթէ Պուտինը նեղանալով հեռանայ,
    Բարերար ձյունը սովորականին պէս պիտի գայ.
    Բայց, Կործանարար Ազերին՝ որ դռան առջեւ է
    ԵՄ-էն առաջ կը հասնի Երեւան.
    Եւ Պատմութեան Երկրորդ Մեծ Եղերնը
    Կարելի է ենթադրել.

    Ազերիին սպառնալիքները ոչ մէկ ատեն քննադատուեցան ԵՄ-ին կողմէ.

    Թուրքիոյ նախկին նախագահ Էօզալ՝
    Սպառնաց՝ ցոյց տալ իր «Երկաթէ Ակռաները» Հայաստանին
    Եւ իր պատասխանը ստացաւ Ելցինի Ժեներալէն.

    Ալիեւ՝ իր «վերակազմուած բանակով»՝
    Վերջերս իր «Արշաւի Սպառնական Ճառին»
    Որպէս պատասխան՝ կրկին ստացաւ
    Պուտինի Ժեներալին սաստող պատասխանը՝
    Ի Յուսախափութիւն Ալիեւին.

    Յիշենք՝ չմոռնանք,
    ԵՄ-ի երկիրները երբէք մեր բարեկամը չեն եղած՝
    Պիզմարք ըսած է,
    Ինք՝ Հայութիւնը իր Բրիւսիացի Զինուորին Ոսկորին հետ չի փոխեր.

    Անգլիացին ըսած է՝
    Մեր Նաւերը Արարատ Չեն Կրնար Բարձրանալ.

    Ֆրանսացին՝ Կիլիկիոյ Ազատագրումէն ետք՝
    Լքեց զայն՝ իր հայութեամբ՝ ամբողջովին՝ Ջարդարար Թուրքին.

    Ամերիկացին՝
    Կը խղճայ հայութեան, եւ ոչ աւելին.

    Գիտնանք մեր բարեկամները՝

    Անգլիացին՝ մեր Թշնամին է,
    Ամերիկացին՝ Խոստմնադրուժ է,
    Ֆրանսացին՝ Դաւաճան է.

    Մեր Պատմութիւնը այս ցոյց տուած է.

    Վահան Վանական,
    Զուիցերիա

    • Հովիկ says:

      Դուք պարզապես հաստատում եք ադրբեջանական վարկածը, որ ղարաբաղյան պատերազմը ռուսներն են հաղթել: Ադրբեջանի սպառնալիքներն ու գործողությունները նաև Ռուսաստանը չքննադատեց, փոխարենը ահռելի ռազմական գործարքներ կնքեց:

      • Վահան Վանական says:

        Երբ սանձը ձեռքդ է՝ Լռութիւ՞նը,

        Երբ սանձը ձեռքդ է՝ ձին կրնաս լաւագոյն պայտերով զինել եւ գլուխէն մինչեւ կուրծք ոսկիով զարդարել. Եւ երբ ձին մռնչայ,մտրակի մը հարուածը պիտի բաւէ ձին կառքին պահելու.

        Պարզապէս՝ Ալիեւին ձեռքերը կապուած են՝ նոյն ինքն Ռուսական զէնքերով.

        Րուսաստան՝ իր լռութեամբ լաւագոյնս կը գործէ.

        Վերի գրութեանս՝
        Գիտնանք մեր Բարեկամները՝ միշտ Ի Զօրու Է.

        Դաս առնենք մեր պատմութենէն.

        Վահան Վանական
        Զուիցերիա

  3. Արթուր says:

    Հուսով են, Վահան Վանականը մեկնումեկի բուռն ֆանտազիայի արդյունք է: Այլապես շատ զավեշտալի կլիներ: Իսկ հոդվածը շատ լավ է գրված, բրավո:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031