«Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության անդամներն այսօր Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ դժգոհեցին, որ ոստիկանները ընդդեմ Մաքսային միության երեկվա բողոքի երթի ընթացքում չեն պահել իրենց խոստումները:
«Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մի քանի անգամ խոստացավ չխոչընդոտել երթը ու թույլ տալ շարունակել հրապարակից, բայց տեր չկանգնեց իր խոստմանը»,- ասաց նախաձեռնության անդամ Արմեն Մկրտչյանը:
Նախաձեռնության անդամներն առաջիկայում նամակներ կուղարկեն ԱԺ եւ ՀՀ նախագահական նստավայր՝ տեղեկացնելու, որ իրենց գործողությունները շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ չդադարեցվի Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը:
Հարցին՝ կպահանջե՞ն ՀՀ նախագահի հրաժարականը, նախաձեռնության անդամներն ասացին, որ իրենց հայտարարության մեջ այդ պահանջը դեռ չկա, միաժամանակ չբացառեցին՝ նման պահանջ ներկայացնելը. «Մեր երեկվա ակցիան Սերժ Սարգսյանին էր թիրախ ընտրել, եթե նրան լեգիտիմ նախագահ համարեինք նման պաստառներով դուրս չէինք գա»:
Կարդացեք նաև
Հարցին՝ գոհ են ակցիայի արդյունքներից, ակտիվիստներից մեկը բացասական պատասխան տվեց. «Որովհետեւ մեր ոստիկանները ոչ համաչափ են վարվել խաղաղ երթի մասնակիցների հանդեպ»: Նրանք դժգոհ էին նաեւ քաղաքացիների պասիվությունից:
«Հասարակության արձագանքն ադեկվատ չէր, եւ մենք փորձում ենք բացատրել հասարակությանը, որ սա վատ է: Այսինքն, մեր ստեղծած նախաձեռնությունը, մեր գործողությունները հանրության հետ աշխատելու համար է: Որ կարողանանք ապացուցել, որ ոչ միայն մենք, այլեւ հասարակությունը չի ցանկանում անդամակցել Մաքսային միությանը»,- ասաց ակտիվիստ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Լուսանկարը՝ Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ