Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոշիար Զեբարիին:
Ողջունելով հյուրին՝ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ-իրաքյան բարձրաստիճան փոխայցելություններն սկսում են ինտենսիվ բնույթ կրել. մոտ մեկ ամիս առաջ Երևանում էր Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությունը, որը մասնակցում էր միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Իրաքի արտգործնախարարի այցը ևս մեծ խթան կհանդիսանա երկու բարեկամ երկրների միջև կապերի սերտացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման համար: Հանդիպման ժամանակ զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրաքյան քաղաքական երկխոսությունը՝ նշելով, որ և՛ Հայաստանը, և՛ Իրաքը շահագրգիռ են հնարավոր բոլոր ոլորտներում ձևավորել համագործակցության որակական նոր մակարդակ: Տնտեսական փոխգործակցության զարգացման համար կարևորվել է ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը երկու երկրների միջև, որը, զրուցակիցների համոզմամբ, կխթանի նաև գործարար շփումներն ու առևտրաշրջանառության ծավալների աճը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Հոշիար Զեբարին համակարծիք են եղել, որ հայ-իրաքյան բարիդրացիական հարաբերություններում յուրատիպ կամուրջ է հանդիսանում հայ համայնքը, որը Իրաքի ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ այդ երկիրը համարում է իր երկրորդ հայրենիքը: Հոշիար Զեբարին նշել է, որ չնայած իրաքահայ համայնքը մեծ չէ, սակայն Իրաքի հասարակության մեջ հայերն ապրել են եղբայրաբար և հարգանքով, դրա համար էլ մշտապես արժանացել են հարգալից վերաբերմունքի:
Հանրապետության Նախագահը և Իրաքի արտգործնախարարը քննարկել են ինչպես երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
Նրանք բարձր են գնահատել նաև միջազգային հարթակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրաքյան համագործակցությունը:
ՀՀ նախագահի աշխատակազմ