ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոշիար Զիբարիի գլխավորած պատվիրակությանը:
Փոխվարչապետը ողջունեց ԱԳ նախարարի այցը Հայաստան` նշելով, որ վերջին շրջանում հայ-իրաքյան հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են եւ երկու կողմից դրանց խորացման ուղղությամբ լուրջ քայլեր են իրականացվում: «Երեւանում Իրաքի դեսպանության վերաբացումը, միջկառավարական հանձնաժողովի նիստերի պարբերական անցկացումը, գործարար համաժողովների կազմակերպումն ու բարձր մակարդակի փոխայցելությունները համագործակցության զարգացման լայն հնարավորություններ են ստեղծում»,-նշեց փոխվարչապետը:
Երկկողմ հարաբերությունների խորացման տեմպերը նա գոհացուցիչ համարեց` միաժամանակ ընդգծելով, որ փոխգործակցությունն առավել ընդգրկուն դարձնելու առումով դեռ անելիքներ կան:
Իրաքի ԱԳ նախարարն իր հերթին գոհունակությամբ նկատեց, որ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն են դառնում` համաձայնելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում հարաբերությունների զարգացման ուղղությամբ երկուստեք կարեւոր աշխատանքներ են կատարվել: Նա վստահեցրեց, որ իր երկիրը հետեւողական է` Հայաստանի հետ բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելու հարցում: «Բոլոր դռները բաց են Հայաստանի հետ համագործակցության համար»,-ընդգծեց նա:
Կարդացեք նաև
Գոհունակությամբ արձանագրելով, որ անցյալ տարվա համեմատ ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճ է գրանացվել` զրուցակիցները երկկողմ հարաբերությունների խորացման տեսանկյունից կարեւորեցին օդային ուղիղ հաղորդակցության հաստատման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով հարաբերությունների զարգացման հեռանկարներին` փոխվարչապետը նշեց, որ միջկառավարական հանձնաժողովի համար առաջիկայում օրակարգային է հարցերի երեք խումբ` իրավապայմանագրային դաշտի ամբողջացում, երկու երկրների միջեւ հաղորդակցության օպտիմալ սխեմաների մշակում եւ կիրառում, այդ թվում` ուղիղ օդային հաղորդակցության հաստատում, եւ երրորդը` մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացում:
Հոշիար Զիբարին վստահեցրեց, որ իրաքյան կողմը պատրաստակամ է աշխատանքներ իրականացնել նշված ուղղություններով: ԱԳ նախարարն առաջարկեց նաեւ հայ գործարարների այց կազմակերպել Իրաք` տեղում փոխգործակցության հնարավորություններին ծանոթանալու համար:
Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ անցած ամիս Երեւանում կայացած միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հայկական կողմը ներկայացրել է հայ-իրաքյան գործարար խորհրդի կազմի մասին առաջարկություն, ըստ որի` խորհրդի կազմում ընդգրկվածների մեծ մասը գործարարներ են: Խորհուրդը գործելու է մշտապես` անկախ միջկառավարական հանձնաժողովի նիստերի պարբերականությունից:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին